Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը:
Կազմակերպիչներն ի սկզբանե հայտարարել էին, որ այն կարճ կտեւի: Հանրահավաքին կհաջորդի հիշատակի եւ արժանապատվության երթը:
Ուշագրավ է, որ հանրահավաքին ու երթին մասնակցում է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթից հետո սկսած ընդդիմության հանրահավաքներից ու երթերից սա առաջինն է, որին Գագիկ Ծառուկյանը մասնակցում է: Մի քանի անգամ նա եւ ընդդիմադիր այլ առաջնորդներ չկարողացան հանրահավաքներին մասնակցել` հանրահավաքի ժամին տարբեր քննչական կառույցներ հրավիրվելու պատճառով:
Հիշեցնենք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այսօր մատուցվելու է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ մեր բոլոր նահատակների, հերոսների:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, նաեւ, որ «Հայրենիքի փրկության շարժումը» երեքշաբթի՝ ժամը 12։00 – ից սկսած, Հայաստանում հայտարարում է գործադուլ, դասադուլ եւ անհնազանդության ակցիաներ։ Ընդդիմադիրները նախատեսում են նաեւ շրջափակել կառավարության շենքը:
Իսկ այս պահին, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իշխանության ներկայացուցիչները եւ նրանց համակիրները Եռաբլուրում են:
Հիշեցնենք նաեւ, որ ազատամարտիկների տարբեր միություններ, զոհվածների հարազատները Եռաբլուրում էին: Նրանք հայտարարել են, որ հավաքվել են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ