Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտածում էի՝ մեդալիոնս պաշտպանելու էր նրան, սակայն հենց դրա միջոցով ճանաչեցինք ամուսնուս անշնչացած մարմինը

Դեկտեմբեր 19,2020 16:05

Չնայած զորակոչի ժամանակ Սամվելին չհաջողվեց մեկնել մարտադաշտ, սակայն խղճի խայթը անդադար տանջում էր նրան։ Նրա հայրը վաղուց էր մահացած, տան միակ տղամարդը նա էր, ով պատասխանատու էր ամբողջ ընտանիքի համար։

«Ամեն երեկո, երբ գործից գալիս էր տուն, նյարդային վիճակում էր, հետը խոսել չէր լինում։ Ասում էր՝ մեր տղերքին էնտեղ կոտորում են, իսկ ես դեռ էստեղ եմ»,- պատմում է Հեղինեն՝ Սամվել Պոչիկյանի կինը։
Շուտով Սամվելն իրեն տանջող երկմտանքը հաղթահարում է և կայացնում ճակատագրական որոշում՝ ընտանիքը սուրբ է, բայց հայրենիքի նկատմամբ պարտքն էլ է սրբազան և պետք է անհապաղ կանգնել զինվոր եղբայրների կողքին։

Անգամ այդ բախտորոշ պահին հերոսը չի կորցրել իր հումորի զգացումը, եղել է անսահման լավատես, համոզված է եղել, որ անպայման հետ է վերադառնալու։
«Եթե չվերադառնամ նույնիսկ, կինս շատ աշխատասեր է, կաշխատի՝ ընտանիքս կպահի», – կատակել է Սամվելը՝ չպատկերացնելով, որ իր խոսքերը մի օր դառնալու են իրականություն։
Հրաժեշտի ժամանակ կինը Հիսուս Քրիստոսի պատկերով մեդալիոն է նվիրել ամուսնուն։

«Վզնոցը հայրիկինս էր, մեդալիոնը՝ իմը։ Մտածում էի, որ այն կպաշտպանի ամուսնուս, այն էլ… այն էլ՝ հենց դրա միջոցով ճանաչեցինք նրա անշնչացած մարմինը», – Հեղինեի ձայնը դողում է և հազիվ է զսպում հեկեկոցը՝ իր մեջ այն խեղդելով։ Միևնույն օրը երկու թանկագին ու անդառնալի կորուստ է ունեցել երիտասարդ կինը։ Զրույցի ընթացքում պատահաբար պարզեցինք, որ նոյեմբերի 7-ին դժբախտ զուգադիպությամբ վախճանվել էր նաև Հեղինեի հայրը։

Ռազմաճակատ մեկնելուց ի վեր հերոսն ընտանիքի հետ միշտ կապը պահել է՝ զանգահարել է ընտանիքին, ոգեշնչել, չի թողել հուսալքվել։

«Նոյեմբերի 5-ին էր, ասաց որ 7 օր էլ չի զանգելու, հանկարծ չանհանգստանանք։ Վախի զգացումը տիրեց ինձ։ Զղջացի, որ թողել էի գնալու, բայց նա հուսադրեց, որ անպայման վերադառնալու է»։

Դա իր սիրելի ամուսնու հետ վերջին խոսակցությունն էր, որ Հեղինեն դեռ կհիշի ամբողջ կյանքում։ Այդուհետ անցնում է ոչ միայն 7 օր, այլև շաբաթներ և բացարձակ լռությունն ու անորոշությունը շարունակվում է։ Հարազատներն իրենց տեղը չեն գտնում այդ ամբողջ ընթացքում։ Բոլորը մեկտեղված չեն թողնում ոչ մի հիվանդանոց, որ չայցելեն, բաց չեն թողնում ոչ մի նորություն՝ զինվորների հետ կապված, գործադրում են փնտրման բոլոր հնարավոր միջոցները, սակայն ապարդյուն ու սպանիչ անտեղյակություն ամենուր։

«Մինչև վերջին պահը հույս ունեինք, թե Սամվելս կհայտնաբերվի։ Մտածում էինք՝ մի տեղ թաքնված կլինի շատերի նման կամ գուցե գերեվարված կլինի, եսիմ։ Սակայն այսպիսի ցավալի ավարտ չէինք սպասում։ Այսքան ժամանակ մեծ հավատով սպասում էինք նրա վերադարձին, այնինչ ավելի քան մի ամիս է, ինչ Սամոս չկար, իսկ մենք տեղյակ չէինք» – սրտի ցավով և խորը կսկիծով կիսվում է տիկին Մարինան՝ հերոսի հորաքույրը։

Սամվելը երկու ապագա զինվոր է թողել հայրենիքին։
Վերջիններս դեռ լիովին չեն գիտակցում մահվան էությունը, բայց հասկանում են, որ հայրիկն էլ տուն չի վերադառնալու, այդ պատճառով հաճախ ագրեսիվ վարք են դրսևորում։

Փոքր որդին՝ Նարեկը, հրաժարվում է գնալ նախակրթարան մինչև հայրիկը չգա և չտանի։ Նա վախենում է մեծանալուց և բանակ գնալուց, որովհետև այնտեղից հետ չեն գալիս, ինչպես իր հայրիկը։

«Նարեկս հոր պատկերն է, նրան Փոքր Սամո ենք ասում։ Համոզում եմ՝ ես համ պապա կլինեմ ձեզ, համ մամա, ասում ա՝ չէ, ես իմ պապային եմ ուզում», – ասում է Հեղինեն։

Իսկ մեծ որդին՝ Մարտինը, վրեժխնդրությամբ է լցված։ Նա չի համբերում, թե երբ է թուրքերին «սատկացնելու ու շանսատակ անելու» իրեն իր հայրիկից զրկելու համար։

Երեխաներն ամեն օր մոմեր են վառում հոր հիշատակի նկարի առջև և հոգում, որ դրանք միշտ անշեջ մնան։ Երևի այդկերպ նրանք իրենց հարգանքն են ցուցաբերում իրենց սիրելի հոր նկատմամբ, և փոքր-ինչ մեղմում չփարատվող կարոտը։

«Սամվելը շատ հոգատար հայր է եղել։ Նա միշտ ապահովել է իր զավակներին այն ամենով, ինչի կարիքը նրանք զգացել են տարբեր տարիքում», – հիացմունքով պատմում է Հեղինեն։
Ըստ այդմ՝ նա աշխատել է օրնիբուն։ Կինը երբեք չի զլացել նրան օգնելու գործում։ Ստեղծել են ամեն ինչ միասնական ուժերով՝ արդյունքում հիմնելով միասնական ու երջանիկ ընտանիք։

«Սամվելը յուրաքանչյուր հարցում շտապում էր, ուզում էր ամեն ինչ արագ հասցնել, թերի բան չէր սիրում։ Այդպես ստացվեց նաև մեր նշանադրությունը և ամուսնությունը։
Ասում էի՝ մի քիչ էլ շփվենք, թե բա՝ չէ, ուզում եմ ինչքան հնարավոր է շուտ կողքս լինես։ Ու ցանկությունը կատարեց՝ շատ արագ ամուսնացանք։ Մենք ամենաերջանիկ և ամենանախանձելի զույգերից էինք գյուղում, երևի այդ պատճառով Աստված նրան տարավ», – տարակուսում է Սամվելի կինը և հավելում, – Բայց նրա կիսատ թողած գործը ես կշարունակեմ»։

Հարազատներն անհագուրդ կարոտը որոշակիորեն մեղմացնում են Սամվելից հուշ մնացած լուսանկարների և տեսանյութերի միջոցով, որոնք ձեռք են բերել մարտական ընկերոջից՝ Արամ Հարությունյանից։ Նա այն եզակի անձավորություններից մեկն է, որը կարող է ականատեսի աչքով պատմել Սամվելի մարտական կյանքի մասին։ Նրանք միասին ռազմադաշտում են ծանոթացել ու կարճ ժամանակամիջոցում մոտ ընկերներ դարձել։

«Տեղեկություն էր շրջանառվում, թե Սամվելն իբր ցանկացել է հետ վերադառնալ և այլն, սակայն նման բան չի եղել, վստահեցնում եմ, – փոքր- ինչ զայրանում է Արամը, – Նա այն մարտիկներից էր, որ սիրում էր միշտ առաջնագծում լինել ու ղեկավարել, հետևի շարքերում թաքնվելը նրա համար չէր»:

Վերջին թեժ ու վճռորոշ մարտը Շուշիում է եղել, որտեղ Արամը ծանր վիրավորվել է և հետո տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց, իսկ Սամվելն անհետացել կատաղի պայքարի ժամանակ. «Բոլոր կողմերից պայթյուն էր, էդ ընթացքում կորցրել եմ նրան տեսադաշտիցս։ Եթե նույնիսկ թաքնված լիներ շենքերում կամ անտառում, ապա էլի չէր փրկվի, ամենուր սնարյադ էր ընկնում», – պատմում է Արամը։

Վերջինիս խոսքով՝ վիրավորներից ով ձայն էր տալիս, օգնություն կանչում, նրանց էին հասցնում տեղափոխել, իսկ անգիտակից վիրավորներն այդպես էլ մահանում էին։ Միգուցե Սամվելն էլ էր նրանց շարքերում եղել։

Ընկերները հանաձայնության են եկել, որ ոչ մի դեպքում հետ գնալ չկար առանց հաղթանակ՝ կա՛մ վիրավորվելու էին, կա՛մ մեռնելու, գերի ընկնելու տարբերակը նրանք բացառել են։
Երկուսն էլ իրենց խոստումը պահեցին։ Սամվելը մինչև վերջ կռվեց հանուն հայրենիքի, իսկ Արամը ծանր վիրավորումից հետո նոր է ապաքինվում։ Սակայն երբ կազդուրվի, անպայման մեկնելու է սահման, «քանզի պատերազմը դեռ չի վերջացել»։

Արմինե ԲԵՐԱԿՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031