Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է դատախազությունը կամ արտգործնախարարությունը․ ի՞նչ պատճառով են մարդիկ հայտնվել գերության մեջ

Դեկտեմբեր 19,2020 14:49

Aravot.am-ի հետ զրույցում ընդդիմադիր, իրավապաշտպան տարբեր կազմակերպություններ գլխավորած Կարապետ Պողոսյանը պնդում է, որ վերջին օրերին մեծ թվով կամավորականների՝ գերության մեջ հայտնվելու փաստով պարտադիր պիտի իրավական գնահատական հնչեցնել՝ պարզելու մեղավորներին։

«Իմ ունեցած տեղեկություններով, ինչքան որ ես կարողացել եմ փաստեր հավաքել, ընդհանուր գործընթացը սա է՝ պահեստազորային զինծառայողներին զորակոչել և տարել են տեղանքներ, որոնք, ըստ էության, նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրով՝ կապիտուլյացիոն պայմանագրով հանձնված են եղել Ադրբեջանին։ Տարել են մարդկանց ու թողել բախտի քմահաճույքին։

Մի քանի օր հետո բոլոր տեղերում մոտեցել են ադրբեջանցի զինվորականները՝ ձեռքերին քարտեզ, ընդ որում հայկական տպագրված ինչ-որ քարտեզներ են եղել ու ցույց տալով՝ ասել են, այս տարածքները ձեզ չեն պատկանում, հետևաբար դուք այստեղ դիտարկում անցկացնելու կամ դիրքեր պահելու իրավունք չունեք։ Ժամանակ են տվել, որպեսզի մարդիկ հեռանան։

Տվյալ պարագայում հիմնականում դասակի հրամանատարները կապ են հաստատել իրենց վերադասի հետ, կոնկրետ ո՞ւմ հետ են կապ հաստատել, այս պահին չեմ կարող ասել, և խնդրել են իրենց տալ համապատասխան հրահանգ․ կա՛մ մնալ պաշտպանվել, կա՛մ կռվել, կա՛մ նահանջել։ Որևէ հրաման չեն ստացել, հրաման չստանալով՝ մարդիկ մնացել են այդ տարածքում, որից հետո ադրբեջանցիների կողմից տրված ժամանակը սպառվելուց հետո թշնամին նրանց շրջափակման մեջ է վերցրել, ինչ-որ պահի նաև գերեվարել է։

Այստեղ հստակ պատասխանատվության խնդիր է առաջանում՝ եթե այդ տարածքները մերը չեն եղել, ո՞վ է որոշել այդ մարդկանց տանել այնտեղ ու հանձնել գերության։ Եթե որևէ մեկի կողմից կա դիտավորություն, միանշանակ ՀՀ դատախազությունը, ՀՔԾ-ն պիտի անցկացնեին որոշակի ուսումնասիրություններ, տային համապատասխան իրավական գնահատական։

Եթե չկա դիտավորություն, կա անտարբերություն, որը հավասար է դիտավորության, նորից նույն իրավական գնահատականը պետք էր տալ։ Կամ եթե ադրբեջանցիները ստել են՝ Արցախի այդ տարածքները հայկական վերահսկողության տակ են, հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչ այս պահը երկրի քաղաքական իշխանությունը, արտգործնախարարությունը որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել, չեն ներկայացրել, թե գիտեք ադրբեջանցիները նորից զավթել են մեր տարածքները, նորից մտել են մեր տարածքներ։

Այսինքն՝ այստեղ իշխանության կողմից կա շատ լուրջ դիտավորություն կամ շատ անտարբերություն, որը երկու դեպքում էլ քրեորեն հետապնդելի արարք է, որը և բարոյական առոմով էլ հերթական դավաճանության մի մասն է կազմում։

Այսինքն՝ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանջում եմ և շատ հետևողական սպասում եմ արդարադատություն իրականացնող մարմինների, մասնավորապես կոնկերտ դատախազության իրավական գնահատականին։ Հստակ պատասխան պիտի տրվի՝ ինչ պայմաններում, ի՞նչ պատճառով մարդիկ հայտնվեցին գերության մեջ։
Քանի օր է՝ մինչ այս պահը այս խնդիրը բարձրացվում է, ու որևէ մեկը գնահատական չի տվել ո՛չ դատախազության մակարդակով, որովհետև այստեղ հստակ երևում է հանցակազմ, եթե չկա հանցակազմ, նորից եմ կրկնում, ուրեմն ադրբեջանցիների կողմից կա ագրեսիվ վարքագիծ։ Այդ դեպքում ինչո՞ւ չկա արտգործնախարարության հայտարարությունը», -ասում է Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031