Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան․ «Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն պահել որպես արմատական ընդդիմադիր ու խփում է պետականությանը»

Դեկտեմբեր 19,2020 14:08

«Այս ամենի մեղավորը այսօր լկտիաբար փորձում է քաղաքական ինչ-որ կապիտալ հավաքել, փորձում է իր անձնական իշխանության համար շահագործել մարդկանց վիշտը»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

Նա նշեց, որ իշխանությունները վարչական ռեսուրս են օգտագործում, որպեսզի մարդիկ մասնակցեն իրենց սգո երթին․ «Պատերազմից օրեր անց, չասեմ՝ ավարտից, այդ խայտառակ թուղթը ստորագրելուց օրեր անց, Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձեցին քաղաքացիական բախումներ հրահրել, և փաստորեն, այսօր փորձում են նորից ինչ-որ նման քայլի գնալ, փորձում են սրանով պառակտել մարդկանց՝ այժմ էլ կորուստների հողի վրա, սպառնալիքներով, շանտաժով։ Ըստ էության, իրենք մեդիա տեռոր բառը օգտագործեցին, այսօր համար մեկ մեդիա տեռորիստը Հայաստանում Նիկոլ Փաշինյանն է, մեդիա շանտաժիստը և ընդհանրապես շանտաժիստը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ քանի դեռ այդ մարդը իշխանության է, զբաղեցնում է վարչապետի աթոռը, Հայաստանի ազատ անկումը միայն ու միայն շարունակվում է»։

Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի բախումներ լինեն․ «Սադրանք է։ Իրենք այդպես էլ չդարձան իշխանություն, իրենք մնացին ընդդիմություն հին իշխանություններին։ Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը շարունակում է իրեն պահել որպես արմատական ընդդիմադիր ու խփում է պետականությանը, խփում է հասարակությանը, քանդում է բոլոր քաղաքական, պետական, հանրային ինստիտուտները, և փորձում է դրա հաշվին այդ աթոռին կառչած մնալ»։

Նա կարծում է, որ Ադրբեջանի ախորժակը անսահման է․ «Այսօր իրենք արդեն անուղղակի պահանջում են Սյունիքը և ոչ միայն Սյունիքը հանձնել, ինչ-որ ռազմատուգանքներ են ակնարկում, և այլն, նույն կերպ կասեն՝ էս ինչն էլ տվեք, սա էլ տվեք, նա էլ տվեք։ Իշխանությունը մի այսպիսի միֆ ստեղծեց, որ իբր դրանով դադարեցրեցին պատերազմը, բայց պատերազմը չի դադարել։ Մենք դրանից հետո արդեն ունենք զոհեր, առնվազն այն 9 հոգին, որոնք զոհվեցին Խծաբերդում։ Մենք ունենք 70-ից ավել մարդ, որոնց ճակատագիրը հայտնի չէ, և ամեն կերպ դաշտում գցում են հակասական տեղեկատվություն, որ մարդիկ չհասկանան, թե ինչ է կատարվում։ Այս ամեն ինչը ուղղորդված քաղաքականություն է ժողովրդին շփոթեցնելու, ժողովրդին անորոշության մեջ պահելու։ Այդ ընթացքում ամեն օր, ամեն ժամ մենք նոր դիրքեր ենք կորցնում, մենք նոր տարածքներ ենք զիջում, ու ցավոք սրտի, մենք նոր գերիներ ունենք, ցավոք սրտի, նոր զոհեր ունենք։ Այսինքն՝ պատերազմը, ըստ էության, չի կանգնել, ու այդ կապիտուլյացիայի գործընթացը շարունակվում է»։

Կարեն Վրթանեսյանը նկատեց, որ դեկտեմբերի 19-ը հրադադարի 40-րդ օրն է, բայց մինչև հիմա սպանվածների, անհետ կորածների, գերիների թիվը հայտնի չէ․ «Ի՞նչ է սա, եթե ոչ բացահայտ մանիպուլյացիա։ Մենք նման խայտառակ պատկերի առաջ միշտ Ադրբեջանում էինք տեսնում, երբ որ պետական մակարդակով թաքցվում էին կորուստները։ Այսօր ես, ցավոք սրտի, ստիպված եմ արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները իրենց վարվելակերպով շատ մոտեցել են Բաքվի խայտառակ բռնապետական վարչակարգի գործելաոճին»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031