Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության հրապարակից մեկնարկեց դեպի Եռաբլուր երթը. Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին ծափերով

Դեկտեմբեր 19,2020 13:56

Ժամը 13։15-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքից դուրս եկավ անվտանգության մեծաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ եւ միացավ Հանրապետության հրապարակում իրեն սպասող մարդկանց: Նրա դուրս գալուն պես ծափեր հնչեցին, հետո`«Նիկոլ, Նիկոլ», «Նիկոլ, վարչապետ», «Նիկոլ, դուխով» վանկարկումներ:

Հանրապետության հրապարակից մեկնարկեց դեպի Եռաբլուր երթը: Երթը գլխավորում են Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը եւ Հայաստանում իշխող ուժի ներկայացուցիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանին նաև ուղեկցում է դուստրը՝ Մարիամը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում եռօրյա սգո օր է հայտարարված`44 օրյա պատերազմի զոհերի հիշատակին:

Հանրապետության հրապարակում են նաեւ իշխանության ներկայացուցիչները` նախարարներ, մարզպետներ, փոխմարզպետներ, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ: Նրանք հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին: Հանրապետության հրապարակում գտնվող մարդիկ նույնպես հրաժարվում են հարցերին պատասխանել: Այստեղ նաեւ ոստիկանական բազմաթիվ ուժեր են կենտրոնացված:

Հիշեցնենք, իրավապաշտպան, Արցախի նակին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն ահազանգ էր հնչեցրել իր ֆեյսբուքյան էջում, որ պետական ապարատն աշխատակիցներին ստիպում է մասնակցել Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր երթին: Համացանցում նաեւ բազմաթիվ ահազանգեր եղան, որ իշխանության ներկայացուցիչները մարդկանց ստիպում են մասնակցել այսօրվա երթին: Այդ «աշխատանքները», ըստ լուրերի, համակարգում է բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը:

Եվս մեկ ահազանգ հնչեցրեց «Մեդիապորտը», որի համաձայն արցախցի փախստական այն ընտանիքներին, ում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հատկացվել են կացարաններ, ժամը 12։00-ին ավտոբուսներով բերելու էին Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի երթին։ Այդ ընտանիքներին զգուշացվել էր նաև, որ երթին չմասնակցելու դեպքում մինչև օրվա ավարտն իրենք պետք է լքեն կացարանները։

Հիշեցնենք նաեւ, որ այսօր Նիկոլ Փաշինյանն ուղերձով էր հանդես եկել: Ուղերձի հիմնական նպատակը հետեւյալն էր. «Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը եւ ոչ թե էլիտար շրջանակները, եւ այս առումով մեր մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը եւ ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է: Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաեւ ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ եւ ընդհանուր առմամբ կկայունացնի նաեւ ներքաղաքական վիճակը»:

Հիշեցնենք նաեւ, որ ազատամարտիկների տարբեր միություններ, զոհվածների հարազատները Եռաբլուրում են: Նրանք հայտարարել են, որ հավաքվել են, որպեսզի թույլ չտան Նիկոլ Փաշինյանի եւ իշխանության ներկայացուցիչների մուտքը Եռաբլուր: «Դասալիքներն իրավունք չունեն արծիվների հանգրվանում ոտք դնելու»,- հայտարարեց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը, որը հորդորում էր Եռաբլուրում հավաքված ցուցարար ազատամարտիկներին`լինել զուսպ եւ հավասարակշռված, հիշել, որ ոստիկանները, ռազմական ոստիկանության աշխատակիցները մեր եղբայրներն են եւ իրենք էլ են ճաշակել «այս ճաշը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031