Նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը այս պահին ևս Եռաբլուր զինվորական պանթեոնում է։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կոչ է արել պահեստազորների բոլոր սպաներին, շարքայիններին համազգեստով ներկայանալ Եռաբլուր և աջակցել սգավոր քույրերին, մայրերին որոշմանը՝ որևէ կերպ Նիկոլ Փաշինյանին թույլ չտալ մտնել զինվորական պանթեոն։
«Կանգնելու ենք և թույլ չենք տալու անցնել։ Եթե համարձակությունները կհերիքի, թո՛ղ փորձեն ուժ գործադրել կամ բռնություն գործադրել, կստանան համապատասխան պատասխան, համարժեք պատասխան»,- ասաց Գագիկ Համբարձումյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ինքը համար 1 պատասխանատուն է, բայց ոչ համար 1 մեղավորը՝ նա ասաց․ «Դա իրեն բնորոշ բացառիկ ցինիզմով «կռուտիտ» լինելն է։ Ո՞նց, թե պատասխանատուն ես եմ, մեղավորը ես չեմ։ Իսկ պատասխանատու բառի արմատը ինչի՞ց է, պատասխան տալուց է։ Եթե ասում ես՝ պատասխանատու եմ, պատրաստ եմ պատասխան տալ, իսկ պատասխանը լինում է տարբեր առումներով, թե՛ պետական հիմնարկի որևէ մի աշխատակից, ЖЭК-ի աշխատակից թերանում է, պատասխանատու է, նա պատասխան է տալիս՝ նկատողությամբ, աշխատանքից ազատվելով և այլն։ Բա ի՞նչ ասենք պետության ղեկավարի մասին, պատասխանատու ես, պետք է պատասխան տաս։ Ամենաքիչը՝ նախ հեռացիր քո պաշտոնից, ավելի ճիշտ ասած՝ վռնդվիր այդտեղից, թույլ տուր մնացածը որոշեն՝ ի՞նչ անեն, ո՞նց անեն»։
Կարդացեք նաև
Գագիկ Համբարձումյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է պաշտոնից, դրանից հետո քրեական գործ պետք է հարուցվի՝ նախապես ձերբակալվելով, իսկ հետո դատարանի առաջ կանգնելով և պատժի ենթարկվելով․ «Կարծում եմ՝ լավագույնն է իր համար ենթարկվել օրենքի, իրավունքի դատաստանին, քան ժողովրդի դատաստանին»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ