Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 21-ին աշխատանքային օրը կանցկացնի Սյունիքում, որտեղ կլինի խոշոր համայնքներում, կհանդիպի ՏԻՄ ղեկավարների և բնակիչների հետ:
Բանն այն է, որ այցի և աշխատանքային հանդիպումների մասին որոշումը վարչապետը հանրայնացնում է, կամ որոշումը կայացնում է Հայաստան-ՌԴ անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Նիկոլայ Բորտնիկովի այցից հետո: Բորտնիկովը այցելել է Երևան և Բաքու, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ քննարկում էր հենց սահմանագծման հետ կապված հարցեր:
Հայտնի է նաև, որ Սյունիքի սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն ռուսական սահմանապահ ստորաբաժանումներ՝ որպես անվտանգության ու կայունության հավելյալ գործոն: Ըստ տարածված տեղեկությունների՝ ՌԴ ԱԴԾ պետ Նիկոլայ Բորտնիկովը Հայաստան է այցելել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով և նախաձեռնությամբ, ինչից հետո էլ Սյունիք աշխատանքային այց կատարելու մասին որոշումը թույլ է տալիս եզրակացնել կամ ենթադրել, որ Բորտնիկովի այցի ընթացքում ստացվել են Հայաստանի համար կարևոր և անհրաժեշտ որոշակի պատասխաններ:
Այլ կերպ ասած, վարչապետ Փաշինյանը թերևս որոշել է այցելել Սյունիք, երբ Բորտնիկովի այցի արդյունքում պարզ է դարձել, որ «դատարկ ձեռքով» չի լինի այցը: Համենայնդեպս, եթե Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցը կարող է իմաստավորվել հենց այդ պարագայում, եթե նա գործնական երաշխիքներ ներկայացնի սյունեցիներին: Միևնույն ժամանակ, սակայն, պարզ չէ, արդյո՞ք արդյունքները կարող են բավարար լինել սյունեցիների համար և փարատել նրանց միանգամայն հիմնավոր մտահոգությունները, կապված անվտանգության հետ՝ թե՛ ընթացիկ, թե՛ ռազմավարական իմաստով:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում