Այս փուլում մենք արդեն իսկ սոցիալ-տնտեսական ճգնաժամի մեջ ենք, որն օր օրի, ժամ առ ժամ խորանում է:
Տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկումն է, որը դժվարանում է ասել, թե, ի վերջո, ինչ հանգրվան կունենանք, որովհետև ստեղծվածի իրական ու հիմնական պատճառներից է նաև ներքաղաքական իրավիճակը: «Այդ պատճառներից է նաև իշխող քաղաքական խմբակի կործանարար վարքագծի շարունակությունը, որը հստակ ծանրագույն հետևանքներ է ունեցել նաև հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Այդ վարքագծի հետևանքները շատ կոնկրետ ազդեցություն ունեն նաև տնտեսության և սոցիալական վիճակի վրա»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց Թ. Ավետիսյանը:
Նրա խոսքով, թե՛ համավարակը, թե՛ պատերազմը հետևանքների իմաստով գործոն էին. «Որքան ուժ ուներ, համավարակը թողեց իր հետևանքները, որովհետև, ըստ էության, պետական կառավարումը ու պետության «հակաճգնաժամային» գործողությունները ոչ թե մեղմեցին, այլ նպաստեցին այդ հետևանքներին:
Այդ գործողություններն իրավիճակին համարժեք չէին և ոչ էլ հստակ ու ժամանակին էին: Բնականաբար, բյուջեի ռեսուրսները ծախսեցինք առանց արդյունքի: Հիմա չկա գումարը, չկա արդյունքը: Ստացվում է՝ փոշիացրեցինք այդ գումարները, որոնք խիստ անհրաժեշտ են: Նկատի ունենանք նաև այն, որ այդ գումարներն էապես կրճատվում են՝ պետական բյուջեի հարկային եկամուտների տեսքով: Մենք սոցիալական ու տնտեսական առումով բավականին վտանգավոր վիճակում ենք, որովհետև, այսպես կոչված, քաղաքական պատասխանատու խմբակն այսօր իր վտանգավոր ձեռքը մեկնում է դեպի ապագա: Այսինքն, փորձում են քաղաքական ու նեղանձնական շահերից դրդված «լուծումներ» բերել՝ մեծացնելով արտաքին պարտքը, առանց հասկանալու սոցիալական նախաձեռնություններ անել՝ ավելի խորացնելով ներքին անկայունությունը:
Կարդացեք նաև
Պետական ռեզերվներից արտարժույթ են վաճառում, որ ազգային արժույթի արժեզրկումն ինչ-որ չափով մեղմեն, մինչդեռ դա շատ կոնկրետ պետական ծախս է, իսկ մեր ռեզերվներն էլ անվերջ չեն: Դրանք մեր երկրի վճարունակության և, ընդհանրապես, երկրի ֆինանսական կայունության կարևոր ցուցանիշ են, ինչը հաշվի չի առնվում»:
Թ. Ավետիսյանը հավելեց, որ արտաքին պարտքի ավելացումը և դրա սպասարկումը տնտեսության հետագա զարգացման հաշվին է տեղի ունենալու. «Ամեն ինչ անում են զուտ իրենց իշխանությունը պահելու համար, ինչն ակնհայտ է նաև մեր արտաքին գործընկերներին: Այսպիսի պարագայում, բնականաբար, ծիծաղելի է խոսել ներդրումների մասին: Երկրի ներսում իրականացվող քայլերն արդեն ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին գործընկերների համար են անհասկանալի:
Բնականաբար, ինչ-որ պահի անգամ արտաքին պարտքով ռեսուրսներ գրավելու առումով ենք դժվարություն ունենալու, ինչն արդեն սոցիալական կոլապսի կբերի, որովհետև իրականում մեծ հարց է՝ արդյոք կարողանալո՞ւ են այսպիսի վիճակում կատարել պետության սոցիալական հիմնական պարտավորությունները, որոնց թվում նաև թոշակ, նպաստ, պետական աշխատավարձեր տալն է: Իսկ ֆինանսական համակարգը կայուն քայլերով մտնում է ճգնաժամի մեջ. մի կողմից՝ արժույթի փոխարժեքի արժեզրկումն է շարունակվում, ու այս առումով վերջին մեկուկես-երկու ամսվա ընթացքում արդեն տասը տոկոսին ենք մոտեցել: Բացի այդ, հատկապես փոքր ու միջին բիզնեսին տրամադրված վարկերի վերադարձը ու դրանց տոկոսների վճարումները մեծ ռիսկի տակ են: Հաշվի առնենք նաև այն բանկերի հանգամանքը, որոնք ֆինանսավորել են Արցախի Հանրապետության տնտեսվարողներին»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում