Լրահոս
Օրվա լրահոսը

Դերասան Գնել Սարգսյան․ Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ․ «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 19,2020 10:19

Դերասան Գնել Սարգսյանը պատերազմի օրերին ճակատում էր: Թիկունք վերադառնալուց հետո նա հարցազրույցների և ուղիղ եթերների միջոցով աղմկահարույց հայտարարություններ է անում, այդ թվում՝ այն մասին, որ բարձր սպայական անձնակազմի որոշ անդամներ պատերազմի ժամանակ դրսևորել են անհասկանալի վարք՝ այս կերպ այդ անձանց մեղադրելով դասալքության և դավադիր գործողություններ իրականացնելու մեջ: Դերասանը մեզ հետ զրույցում ևս պնդեց այդ մեղադրանքները՝ հավելելով, որ բոլոր նրանք, ովքեր այդ օրերին եղել են Ջաբրայիլում (Ջրական), փաստում են իր խոսքերը:

Գնել Սարգսյանի հետ մեր զրույցը՝ ստորև.

– Գնել, թիկունք վերադառնալուց հետո դուք հայտարարություններ էիք անում դավադրությունների մասին, որոնք նկատել եք արցախյան ճակատի որոշ հատվածներում, անգամ մատնանշել էիք անուններ, մասնավորապես՝ գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանի, որ, այսպես ասած, մաս էր կազմել այդ դավադրությունների: Ի՞նչ է տեղի ունեցել ձեր հայտարարություններից հետո, արդյոք ձեր մատնանշած անձը որևէ կերպ արձագանքե՞լ է:

– Տվյալ անձը կոնկրետ չի անդրադարձել: Այսպես ասած՝ իրենց ճուտիկ-բուլիկներից են անդրադարձել, ինչին ես հակադարձել եմ: Ես ուզում եմ կրկին ասել՝ շատ-շատ, հազարներով նամակներ եմ ստացել ու ստանում մարդկանցից, որոնք նույնպես եղել են էդ կողմերում, էդ մարդկանց անուններին նույնպես խիստ ծանոթ են, համաձայն են ինձ հետ ու անգամ ասել են, որ քիչ եմ ասում, իրենք պատրաստ են ասել ավելին: Չի եղել մի մարդ, որ ասի՝ էս ինչ ես ասում, նման բան չի եղել: Այնտեղ կատարվածի հետ կապված ինչքան ասեմ, միևնույն է, քիչ է լինելու: Էդ ամենը տեսնել էր պետք, տեղում լինել ու զգալ էր պետք, հասկանալ ու ըմբռնել: Ես այդ մարդուն տեսել եմ շատ քիչ, բայց ասում եմ էն, ինչ տեսել եմ, որ ինքն արել է: Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ:

– Դուք նաև խոսել էիք Վիտալի Բալասանյանի հետ ձեր ունեցած խնդիրների մասին: Ի՞նչ խնդիրներ են դրանք, և ի՞նչ կասեք այն մասին, որ նա բոլորովին վերջերս նշանակվեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

– Ես նախ նշեմ, որ խնդիրներ չունեմ Վիտալի Բալասանյանի հետ: Նրա անձն ուղղակի ինձ համար ընդունելի չէ, և ես ունեմ այդ պատճառները: Պաշտոնի նշանակմանն էլ շատ վատ եմ վերաբերվում: Ուղղակի հնարավոր չէր գտնել ավելի վատ տարբերակ, քան դա է: Նրա անձի շուրջ իմ բացասական վերաբերմունքը ձևավորվել է էն ժամանակ, երբ մի օր հեռուստատեսությամբ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի աջակիցները «ցռան վերգոներ» են:

Դրանից հետո ես իմ ֆեյսբուքյան էջով մի քանի հայտարարություն եմ արել իրեն նվիրված, ինչից հետո ավելի է թեժացել էդ խոսակցությունը: Մարդիկ են փորձել ինձ գալ, «տեսնել», անգամ՝ ահաբեկել: Ես հիմա չեմ ցանկանում շատ անդրադառնալ դրան, որովհետև հետո, փառք Աստծո, այդ ամեն ինչը համեստ կերպով հարթվեց, ու դրանից հետո էլ չէի անդրադառնում, բայց էնպես չէ, որ վերաբերմունքս փոխվել է: Վիտալի Բալասնայանը, այս տարի Արցախի ընտրությունների ժամանակ լինելով նախագահի թեկնածու, լրատվամիջոցներին բառացի ասում էր՝ «Մենք Արցախի ապագան տեսնում ենք Ռուսաստանի կազմում»: Ու էս պատերազմը կարծես շատ հարցերի պատասխաններ տվեց, հասկանո՞ւմ եք, ու հետո ինքը նշանակվում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Քանի դեռ ինքն է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, ես ունեմ լիարժեք իրավունք էնտեղ արված ցանկացած գործողություն կասկածի տակ դնելու՝ համարելով որպես «սարքած գործ», թեկուզ՝ վերջին 100 գերիների հետ կապված շրջանառվող հարցը:

– Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ գերեվարված Ազնիվը, որի մասին հայտնի դարձավ պատերազմի օրերին, եղել է ձեր վաշտից: Սակայն օրեր առաջ հայրենիք վերադարձվող գերիների շարքերում նրա անունը չկար: Ի՞նչ տեղեկություններ ունեք Ազնիվից:

– Ասեմ, որ, հուրախություն ինձ և հուրախություն մեր վաշտի, մենք ունենք նորություն Ազնիվից: Ճիշտ է, 44 գերիների հետ չէր եկել: Բայց քանի որ վստահ չեմ, որ Ազնիվը կցանկանար ե՛ս բարձրաձայնեմ իր գտնվելու վայրի մասին, դրա համար առանց իր թույլտվությունն ունենալու չեմ կարող ասել: Ուղղակի իմացեք, որ ամեն ինչ շատ լավ է նրա հետ, փառք Աստծո:

 

Գագիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031