Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ՝ կեղծ այլընտրանքների մասին

Դեկտեմբեր 19,2020 10:00

Կեղծ այլընտրանք առաջարկելը հայտնի տեխնոլոգիա է, որը կիրառվում է հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար:

Երբ ուզում են ձեզ ինչ-որ բան վաճառել՝ լինի դա ապրանք, քաղաքական գաղափար, թե ինչ-որ գործիչ կամ կուսակցություն, ձեզ առաջարկում են միայն երկընտրանք՝ տպավորություն ստեղծելով, որ գոյություն ունեն միայն այս մի «սեւը» եւ այս մի «սպիտակը», եւ դու ստիպված ես ընտրել միայն այդ երկուսի միջեւ, չնայած, որ գոյություն ունեն այլ տարբերակներ եւս:

Պարզ օրինակ. մարդը եկել է ձեր տուն եւ ուզում է փոշեկուլ վաճառել: Խոսքի մեջ նա անընդհատ հարցնում է՝ «ձեզ ինչպե՞ս է հարմար վճարել՝ կանխիկ, թե քարտով»: Իբր, դուք արդեն որոշել եք, որ ուզում եք փոշեկուլ գնել, եւ մնացել է վճարելու հարցը:

Հասարակական կյանքում մանիպուլյացիաները կատարվում են նույն մեխանիզմով: Խորհրդային պատմաբանների եւ քարոզիչների համար Ստալինի ժամանակաշրջանում այդ երկրի քաղաքացիները բաժանվում էին երկու տեսակի՝ մի կողմից՝ երջանիկ, կոմունիստական ապագա կերտող մեծամասնություն, մյուս կողմից՝ թշնամիներ, օտար գործակալներ, որոնք փորձում էին խանգարել հրաշալի կյանքին ու աննախադեպ առաջընթացին: (Մերօրյա Հայաստանում պաշտոնական քարոզչությունը դրան մի քիչ նման է):

1985 թվականից հետո մինչեւ Պուտինի դարաշրջանը գործում էր մեկ այլ բաժանում. ստացվում էր, որ Ստալինի ժամանակ ԽՍՀՄ-ում ապրել են կա՛մ բռնաճնշումներ իրականացնող դահիճները, կա՛մ նրանց զոհերը: Ակնհայտ է, որ երկու բաժանումներն էլ սխալ են. բացի խանդավառ կոլտնտեսուհիներից եւ չարամիտ դիվերսանտներից, բացի մատնագրեր գրողներից եւ «Գուլագում» տառապողներից, եղել են այլ մարդիկ, ընթանում էր մի կյանք, որը խիստ տարբերվում էր այդ կարծրատիպերից:

Ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները նույնպես օգտվում են այդ հնարքից: Հայաստանի իշխանությունը, մասնավորապես, քաղաքացիների գլուխը փորձում է մտցնել հետեւյալ թեզը՝ մեր երկիրը կարող են ղեկավարել կա՛մ ապաշնորհ դիլետանտները, կա՛մ էլ՝ գող-ավազակները: Դա լայն հնարավորություն է տալիս «թրոլինգի»՝ թեման շեղելու, օրակարգը փոխելու, ժողովրդի լեզվով ասած՝ «խոսքը կտուրը գցելու» համար: Ասում ես՝ «ադրբեջանցիները դիրքեր են զբաղեցրել Սյունիքի բնակավայրերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող բարձունքներում», իշխանական քարոզչությունը դրան պատասխանում է՝ «բա 17 կուսակցություննե՞րը»:

Ասում ես՝ «Արցախում հրադադարից հետո մեր զինվորները շարունակում են զոհվել եւ գերի ընկնել», իշխանության պատասխանն է՝ «բա որ «նախկինները» թալանո՞ւմ էին»: Հարցնում ես՝ «ի վերջո, քանի՞ զոհ, քանի՞ գերի, քանի՞ անհետ կորած ունենք», պատասխանում են հարցով՝ «իսկ դուք ո՞ւմ եք տեսնում Հայաստանի վարչապետի պաշտոնում»:

Եվ խնդիրն այն չէ, որ նման տեխնոլոգիաները կիրառվում են. աշխարհի գրեթե բոլոր իշխանավորներն օգտագործում են իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներն՝ իրենց աթոռներին մնալու համար: Ապշեցուցիչ է, որ այդ պարզունակ հնարքներն ազդում են հազարավոր մարդկանց վրա: Հավանաբար, մարդիկ կսթափվեն նոր շոկի, նոր աղետի դեպքում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. henri says:

    Ես պարզապէս շփոթած եմ թէ Պ.Նիկոլ լուր չունի ՞հազարաւոր զինուորներու կոտորածէն, տասնեակ հազարաւոր քաղաքացիներու տեղահանութիւններէն և կրած կորուստներէն, օրերով,շաբաթներով փողոցներու վրայ թափառով մայրերէն և ծնողներէն որ չգիտեն որ քարին զարնել գլուխնին իմանալու իրենց հարազատին ուր ըլլալը,և տակաւին կը համարձակի հաստատել որ ամէն ինչ իր հսկողութեան ներքոյ կը գտնուի,երբ ինք և իրենները՛՛անյայտացած ՚՚ են շաբաթներէ իվեր…իր եւրոպացի ՛՛սէլֆիներու՛՛ բարեկամները նոյնպէս անհետացած՚ հրապարակէն,և մեզ լքած վատաբար.երբ Զանգեզուրը վտանգուած է անխոհեմ զիջումներով -երբ իր դաշնակից ռուսին հոգն անգամ չէ թէ հակառակորդը կը շարունակէ անխռով գերիներ վերցնել. ..նոյնիս զինադադարի ստորագրութենէն ետք ? և կը կարծէ որ մէկ ՛՛սանթիմեթր՛՛ անգամ պիտի չզիջի թշնամիին ,երբ արդէն Քիլոմեթրեր զիջած է չորս կողմէն և ոչ մէկ ապահովութիւն մեր մշակութային ժառանգութեան մասին …

  2. Լավատես says:

    Եթե բանակը ամբողջությամբ կա, բայց բանակի դրոշը կորսված է, նման բանակը լուծարում են եւ ցրում մյուս բանակների մեջ, որոնք իրենց դրոշը պահպանել են: Իսկ եթե դրոշը պահպանվել է, իսկ բանակ գլխովին կոտորվել, այդ դրոշի շուրջ հավաքագրում են նոր բանակ: Պետության համար դրոշի դերը կատարում է նրա ԱԱԾն, եթե պետություն ունես, բայց քո ԱԱԾն ուրիշների ձեռքում է, այդ պետությունը լուծարում են եւ ցրում այն պետությունների մեջ, որոնք սեփական ԱԱԾ ունեն: Թեկուզ պետություն էլ չունենանք, բայց պահպանենք գործող, իսկապես ազգային անվտանգության ծառայությունը, մենք կվերակենդանացնենք մեր պետականությունը: Այսօրվա պատերազմների արդյունքները որոշվում են հատուկ ծառայությունների գաղտնի մարտադաշտում, իսկ պատերազմի դաշտում դրանք միայն բացահայտորեն ստորագրվում են, սա է պատճառը, որ բոլորս հանկարծակիի եկանք, ուրեմն մեր դրոշը վտանգված է, մեր ԱԱԾն վտանգված է, տեր կանգնենք մեր ԱԱԾին, դրանով կփրկենք հայ պետությունը եւ հայ ազգը եւ հայ ընտանիքը եւ հայ տեսակը:

  3. henri says:

    Ինչ ԱԱԾ -Ինչ Պետութիւն ? Երբ մէկ տարուայ ընթացքին նման պատասխանատու պաշտօններ կը փոխուին քրտնած շապիկի նման … Մնաս բարով կայունութիւն -պետութիւն-ժողովուրդ։

  4. Լավատես says:

    Կարծես թե ամեն ինչ ճիշտ է ընթանում, մասնագիտական ուժերը միավորվում են, թեկուզ դեռեւս մերժողական օրակարգով, իսկ եթե զարգացնեն միավորման գործընթացը, կգործեն միայն արարչագործ օրակարգով: Միայն սփյուռքի խելքի ու շնորհքի աջակցությամբ մենք լիարժեք կբացահայտենք մեր ազգի ներուժը, բայց սփյուռքը կհամագործակցի երկրի ներքին ուժերի հետ, իսկ ներքին ուժերը կհամագործակցեն սփյուռքի հետ, եթե եւ ներքին ուժերում եւ սփյուռքի մասնագետների շրջանում լյուստրացիա տեղի ունենա: Մեր ցավն այն չէ, որ ղեկավարները մասնագետ չեն, դժվար չի մասնագետ վարձել, այլ այն է, որ մեր բոլոր ղեկավարներն էլ դրսի հատուկ ծառայությունների մանկլավիկներն էին եւ են, սկզբից նրանց հետ գալիս են նորմալ վստահելի մարդիկ, հետո երբ գալիս են իշխանության այդ վստահելի սկզբունքային մարդկանցից դաշտը մաքրում են եւ մնում են միայն մանկլավիկները: Ամենաիդեալական լյուստրացիան առաջին հերթին պետք է կատարի ԱԱԾն իր շարքերում, հայտնաբերի բոլոր այն մասնագետներին, որոնք մասամբ թե լրիվ ծառայում են այլ ազգերի իրենց կոլեգաներին, հետո նոր միայն օգնեն մյուս ուժային եւ այլ ծառայություններին նույնպես լյուստրացիա կատարելու եւ առաջին հերթին ԶԼՄների լրագրողների շրջանում: Ես դեմ չեմ այլ ազգերի հետ մասնագիտական համագործակցության, հակառակը, կողմնակից եմ եւ ավելին, մենք ուժեղ ենք ոչ միայն սփյուռքով, այլեւ մեր բարեկամ ազգերով, բայց նրանք էլ սկզբից պետք է անցնեն լյուստրացիայով: Ստրկության ու վախի համավարակն է տարածվել ողջ աշխարհում եւ միայն առողջ մասնագետներն են ի վիճակի պայքարել այս համավարակի դեմ, իսկ լյուստրացիան այն կարանտինն է, որի ժամանակ զատվում են հիվանդները առողջներից եւ առողջները կարողանում են օգնել հիվանդներին: Այս ստրկային վիճակից դուրս կգանք, եթե երկու սերունդ ինքնաբավ ապրենք, փորձված է, այլ կերպ չկա: Հաղթանա՛կ բոլորիս արարչագործությամբ Արարչի օգնությամբ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031