Արցախում վերադասավորումները շարունակվում են: Նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հրամանագրերով նախարարությունների թիվը նվազեցվեց՝ 12-ի փոխարեն մնալով 10-ը:
Որքանո՞վ են այս փոփոխությունները համապատասխանում իշխանությունը Վիտալի Բալասանյանի հետ կիսելու, իսկ ըստ որոշ գնահատականների՝ ապագայում նաեւ նրան փոխանցելու մասին խոսակցություններին՝ փորձել ենք պարզել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի հետ զրույցում:
– Պարոն Հյուսնունց, նախագահի հրամանագրով երեկ հաստատվեցին Կառավարության կառուցվածքային որոշ փոփոխություններ, կրճատվեցին նախարարություններ ու հաստիքներ: Եթե հաշվի առնենք, որ Հարությունյանը օրերս խոսել էր Անվտանգության խորհրդի կազմը մեծացնելու անհրաժեշտության մասին՝ կարելի՞ է ասել, որ իրականությանը համապատասխանում են լուրերը, թե ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ինչ-որ պահանջներ է դրել:
– Ես չեմ ուզում այդ հարցերի մեջ խորանալ եւ ինչ-որ բաներ ասել: Այն վերադասավորումները, որոնք տեղի են ունենում՝ այդ ամենը քաղաքականությունից վեր մի բան է. այս իրավիճակում քաղաքականություն խաղալու ժամանակը չէ, երկիր կառուցելու ժամանակն է, եւ բոլորի ռեսուրսները այսօր պետք է օգտագործել: Սա է ամբողջ կառուցվածքային փոփոխությունների եւ ընդհանրապես թարմացումների նպատակը:
Կարդացեք նաև
– Վիտալի Բալասանյանի մասով չե՞ք արձագանքի:
– Վիտալի Բալասանյանի ղեկավարած կառույցը՝ Անվտանգության խորհուրդը՝ խորհրդակցական մարմին է, հրամայական մանդատով օժտված չէ, եւ ընդամենը քննարկելու է երկրի համար հույժ կարեւոր խնդիրներ: Իսկ այդ խորհրդի նախագահը Արցախի նախագահն է:
– Բայց այդ խորհրդատվական մարմինը այսուհետ պետք է հաստատի նախագահի բոլոր որոշումները, նոր դրանք հրապարակվեն:
– Շատ լավ: Վիտալի Բալասանյանն այդ խորհրդում ունի ընդամենը 1 ձայն:
– Խորհրդի նախկին աշխատակիցներից մեկը հայտարարել էր, որ Բալասանյանն իր աշխատակազմին իր հետ բերել է:
– Աշխատակազմը խորհրդում ձայնի իրավունք չունի: Աշխատակազմը 40-50 հոգի է, բայց խորհրդում, որի անդամ եմ նաեւ ես, Վիտալի Բալասանյանն ունի 1 ձայն, ես ունեմ մեկ ձայն, Պաշտպանության նախարարն ունի 1 ձայն եւ այդպես շարունակ. խորհրդի 11 անդամներից յուրաքանչյուրը կարող է իր որոշումը կայացնել:
– Նոր կազմ չի՞ հաստատվել դեռ:
– Ոչ, ոչ, հին կազմն է: Առայժմ դեռ հին կազմն է: Փոխվելու է, թե ոչ՝ չգիտեմ:
– Ամեն դեպքում կարծում եք, որ ճի՞շտ է այս ուղիով գնալը:
– Ոչ թե ճիշտ է, այլ համոզված եմ, որ այս էքստրեմալ իրավիճակում էքստրեմալ քայլեր են անհրաժեշտ:
– Ինչքանո՞վ եք վստահ, որ այս քայլերը կօգնեն իրավիճակից դուրս գալ:
– Մենք պարտավոր ենք այս իրավիճակում շարունակել կառուցել մեր երկիրը՝ էս մի քանի հազար քառակուսի կիլոմետրի վրա եւ սպասել լավագույն ժամանակաշրջանների: Այսօրվա վիճակում մենք պետք է անենք ամենալավագույնը եւ օգտագործենք յուրաքանչյուրիս ռեսուրսը:
– Իսկ Արայիկ Հարությունյանի լիազորությունների կրճատումը ինչո՞վ է պայմանավորված, ինչո՞ւ է ուզում հեռանալ:
– Դա իրականության հետ աղերս չունի, եթե իր հայտարարությունը կարդացել եք…
– Հայտարարությունում նույնիսկ խոսում էր քաղաքականությունից հեռանալու մասին:
– Այո, ինքն ասում է, որ ես այս աթոռից կառչած չեմ, ես քաղաքական դաշտ մտել եմ, բայց ես կուսակցականությամբ չեմ տառապում: Էսօր նույնիսկ իմ կուսակցությունից դուրս եմ գալիս, որպեսզի իմանան, որ ես միայն իմ թիմի վրա չեմ ուշադրություն դարձնում, այլ երկրի վրա: Սրանք մեսիջներ են, որ մարդը ինքը պատրաստ է զոհաբերության, իր քաղաքական կարիերան զոհաբերելու, իր պաշտոնը մի կողմ դնելու, բայց դա չի նշանակում, որ չի շարունակելու պաշտոնավարել: Հասկանո՞ւմ եք:
– Ասում էր, որ առաջին հնարավորության դեպքում հրաժարական եմ տալու:
– Ինքը հրաժարական չի տալու, ինքը պարտավորություններ ունի, լեգիտիմ նախագահ է. դեռ մենք չգիտենք՝ Արցախի կարգավիճակի հարցը ինչ ֆորմատներում եւ ինչ ձեւաչափերում է շարունակելու քննարկվել, մենք ինչ կարգավիճակ ենք ստանալու. անհնար է, որ Արայիկ Հարությունյանը այս ընթացքում պաշտոնը թողնի: Դա դավաճանության նման մի քայլ է:
– Ի՞նչ նկատի ունեք Արցախի կարգավիճակի մասին ասելով:
– Դա հետագա սպասվելիք բանակցությունների ընթացքում է լինելու, քաղաքական կարգավիճակի հարցը օրակարգից դուրս չի եկել. կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պետք է վերականգնվի կամ այլ ձեւաչափ, բայց կարգավիճակի հարցը պետք է քննարկվի:
– Պարոն Հյուսնունց, եթե վերադառնանք ներքաղաքական հարցերին՝ մարդիկ մեկնաբանում են, որ Արայիկ Հարությունյանը իր դիրքերը զիջում է մի մարդու, որն ընտրություններում շատ քիչ ձայն ստացավ:
– Դա հեքիաթի նման է, ամեն մեկն իր ենթադրությունն է անում, ես ինչ ասում եմ՝ սա ենթադրությունների շարքից չի. Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության գործող նախագահ է, եւ մենք շարունակելու ենք մեր Սահմանադրության նորմերը պահել ու այս վիճակում մտածել մեր երկրի խնդիրների վերաբերյալ, կարեւորագույն, բարդագույն խնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ տանել՝ նախագահի հետ միասին:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում