Ընտանեկան հարաբերությունների և ընտանիքում դերերի բաշխումը տարիների ընթացքում տարբեր փոխակերպումների է ենթարկվել: Եթե տարիներ առաջ ինքն իր հագուստը արդուկող հայրիկի կերպարը կարող էր երեխաների համար զարմանալի թվալ, հիմա նման դեպքերում երեխաներն առանձնապես չեն էլ զարմանում: Դե, մայրիկը աշխատում է, գործերը չի հասցնում. հայրիկն է արդուկում իր հագուստը:
Հոգեբան Աննա Բադալյանը Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում նշեց՝ պետք է հաշվի առնել ընտանիքի հոգեկերտվածքը, որ միջավայրում, ինչպիսի ազգային պատկանելություն ունի այդ ընտանիքը. «Ընտանիքը վերցնում է այդ հոգեկերտվածքին հատուկ հատկանիշներ: Չեմ ասում ավանդական, նահապետական, ասում եմ հայկական ընտանիքի հոգեկերտվածքում առաջնայինը տղամարդու դերն է՝ որպես ընտանիքի գլխավոր: Մի կարևոր գործոն էլ կա: Երբեք մայրը, կինն ընտանիքում չի անտեսվել: Եթե տղամարդն ընտանիքում ուժն է, ապա կինը ընտանիքի շարժն է, ընտանիքի հույսն ու մթնոլորտը: Իրավիճակի փոփոխության հետ լինում են որոշակի դերային փոփոխություններ: Այստեղ նկատի ունենք ավելի շատ կնոջ սոցիալական դերը, նրա որոշակի աշխատանքային գործընթացը, որը կարող է բերել ոչ միայն պաշտոնի հետ կապված, նաև ֆինանսական հարցեր՝ որպես ընտանիքի ապահովություն: Բայց մի կարևոր բան կա: Եթե ընտանեկան բջիջն առողջ չէ, ապա անմիջապես այդ երևույթը կդրսևորվի, որ կինն ավելի բարձր է դերային առումով: Կտրուկ փոփոխություն է եղել. ընտանիքի հոր, մոր և ընտանիք պահողի, պահպանողի ֆունկցիան վերցրել է իր վրա կինը»:
Աննա Բադալյանի ներկայացմամբ՝ այդպիսի խնդիր ունեցել ենք 1990-ականներին, բայց հիմա կարծես թե այդ ամենը լուծվել է այն առումով, որ տղամարդիկ էլ կարողանում են աշխատանք գտնել, իրենց տեղը, դիրքը ձևավորել հասարակության մեջ: Ըստ նրա, եթե ստացվել է այնպես, որ կինն է ֆինանսապես դոմինանտողը, ապա շատ կարևոր է ընտանեկան միջուկը: Այս առումով մանրամասնեց. «Եթե այդ մթնոլորտը պահպանվի, որ յուրաքանչյուրն իր դերում լինի, անկախ սոցիալականացված իրենց դիրքից, հասարակության մեջ իրենց զբաղեցրած տեղից, երբ հասարակությունից զատվում, մտնում ես քո տարածք, որպես ընտանիք, որտեղ փոխհարաբերությունները դրված են սիրո, հանդուրժողականության, բարեկամության, ընկերության վրա, ինչը շատ կարևոր է կին-տղամարդ հարաբերություններում, ապա այդ գործոննը ամենևին չի երևում»:
Հետաքրքրվեցինք՝ պատերազմից հետո ի՞նչ դերային վերաբաշխումներ կարող են լինել ընտանիքում, երբ ընտանիքում մայրն էր, կանայք էին իրենց երեխաների հետ. տղամարդիկ ռազմաճակատում էին, Աննա Բադալյանը պատասխանեց. «Ավելի շատ մեր հանրության մեջ և աշխարհում մայրերն են մնում երեխայի հետ, դա հոգեբանության մեջ կոչվում է ծնող- ունիվերսալ, երբ նա կատարում է երկու ծնողի ֆունկցիա: Եթե, փառք Աստծո, հայրը վերադառնում է, այդ ընտանիքի վերականգնումն ավելի արագ կլինի: Եթե հայրը չվերադարձավ, այս պարագայում կինը վերցնում է իր վրա ունիվերսալ ծնողի ֆունկցիան և դաստիարակում է երեխաներին՝ որպես հայր և որպես մայր ծնող: Ուժ, զորություն է պետք այդ կնոջը, որպեսզի կարողանա ոչ միայն չկորցնել իր կանացի տեսակը, այլև զուգահեռ երեխաներին դաստիարակել, նրանց մեջ ձևավորել այնպիսի հոգեկերտվածք, որ եթե ընտանիքում ուժը կորել է, դա չի նշանակում, որ ընտանիքը հիմնովին ջախջախվել է և այդ ուժը փոխանցի երեխաներին: Կարևոր է, որ մենք չունենաք ևս երկու կամ երեք խեղված ճակատագիր»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ