Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ պետք է ղեկավարը հեռանա

Դեկտեմբեր 19,2020 14:00

Ես ուզում եմ հասկանալ հետեւյալը: Ի՞նչ է ասել, որ «երբ ժողովուրդը պահանջի, այդ ժամանակ կհեռանամ»: Ինչպե՞ս պետք է տեղի ունենա այդ պահանջի իրագործումը: Եթե խոսքը ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության մասին է, ապա «ժողովրդի պահանջի» մասին խոսք չի գնում, այլ ուղղակի` այլ քաղաքական ուժի օգտին քվեարկելու, եւ անիմաստ է անգամ նման միտք արտահայտել: Դա առանց այդ էլ պարզ է: 1990-ականների սկզբից հնչում է «ժողովրդի պահանջ»-ի մասին լղոզված եւ ոչ չափելի արտահայտությունը: Այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների միջոցով իշխանություն դեռ երբեք չի փոխվել` հաշվի առնելով, որ հեռավոր 1990թ.-ի օգոստոսի 4-ին Գերագույն խորհրդի նախագահի ընտրությունների միջոցով փոփոխությունը դեռ Խորհրդային Միության ժամանակ էր: Իսկ 2018թ.-ի դեկտեմբերի Ազգային ժողովի ընտրությունները հանդիսացան այդ պահի դրությամբ փաստացի արդեն ձեւավորված (ինչպես կանվանեմ) «քաղաքական հաշվեկշռի» արձանագրում:

1990-ականներից մեր իրականության մեջ տարածում ստացավ «այսինչը չլինի, բա ո՞վ լինի» արտահայտությունը: Ով գործող օրենսդրության շրջանակներում կդառնա, նա էլ թող լինի: Այդ միտքը կրողներին եթե այն հնչեցնելու պահին ասվեր հետագայում փաստացի դարձած հաջորդ ղեկավարի անունը, նրանք, մեղմ ասած, այդ թեկնածությունը թերահավատորեն կընդունեին: Սակայն, այս մարդկանցից շատերը հետագայում էլ շարունակեցին (եւ շարունակում են) նույն արտահայտությունը կրկնել արդեն հաջորդ ղեկավարի պահով: Գլխավոր խնդիրն, ըստ իս, այն է, որ մեզանում սպասում են, որ գալու է մեկը, որն իր ձեռքում փորձելու է կենտրոնացնել ամբողջ բացարձակ իշխանությունը ու լինի (մեր ընկալմամբ) «լավը»: Քանի անգամ էլ որ նման երեւույթը (այդ մոտեցմամբ ընտրելը) կրկնվի, այդքան անգամ էլ ունենալու ենք նույն արդյունքն ու հիասթափությունը: Ինչպես ասում են. «Բացարձակ իշխանությունն ապականում է բացարձակ կերպով»: Կարծում եմ կա մի պարզ չափանիշ, որով առաջնորդվելով ղեկավարը պետք է ինքն իր հետ ազնիվ լինի եւ պարզի «ժողովրդի պահանջը»: Դա, առաջին հերթին, իր խոսքի հանդեպ հանրային վստահության առկայությունն է: Վերջինիս բացակայությունն, ինքն իրենով, արդեն «ժողովրդի պահանջ» է: Երկրի ղեկավարի խոսքին ու կամքին մարդիկ պետք է վստահեն:

Իսկ ի՞նչ է անհրաժեշտ հաշվի առնել երկրի ղեկավար ընտրելիս

Կարեւոր պայման է իրատեսական, բայց եւ ամբիցիոզ ծրագրի առկայությունը` ծրագրի, այլ ոչ դեկլարատիվ մտքերի կույտի: Ծրագրից բացի, ընտրելիս պետք է նաեւ հաշվի առնել, թե ՈՒՄ ՀԵՏ (ոչ թե ում միջոցով) է ծրագիրն իրականացվելու: Երկրի ղեկավարը պետք է լինի քաղաքական գործիչ (գաղափարական հիմք կրող) եւ, դրանից առավել` ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ, ով

1) ունի ՊԵՏԱԿԱՆ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊ (որն ամենից առաջնային պայմանն է), որն, ի թիվս այլ հատկանիշների, ենթադրում է հայրենասիրություն, սկզբունքայնություն, այդ թվում` չկոռումպացվածություն (անկաշառություն եւ ոչ միայն),

2) ունակ է կայացնել որոշումներ եւ ստանձնել պատասխանատվություն (այդ թվում` հնարավոր ձախողման դեպքում),

3) ունի ինտելեկտ եւ վերլուծական միտք եւ հասկանում է այն, ինչ կատարվում է աշխարհում, տարածաշրջանում եւ երկրում` այս հերթականությամբ, եւ գործընթացների միջեւ պատճառահետեւանքային կապը (պետական մտածելակերպը ենթադրում է, որ երկրի արտաքին քաղաքականությունը վարում է պետության կարճաժամկետ եւ հեռանկարային շահերից բխող ուղղությամբ):

4) բարեկիրթ է եւ գրագետ (իր խոսքում) եւ կարողանում է հստակ արտահայտել իր մտքերը,

5) տիրապետում է դիվանագիտական հմտությունների (հետեւողական է եւ կարողանում է հարցերը ներկայացնել` երկրում եւ նրանից դուրս իր հանդեպ պահպանելով վստահություն),

6) պատրաստ է սովորել սեփական եւ ուրիշների փորձից (գրագետ լինելն արդեն ենթադրում է ընդունել, որ ամեն ինչ չէ, որ գիտես):

Մնացածն ածանցյալ է:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ք. Հոնկոնգ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031