«Առավոտն» այս տարի երկու նիստի էր կարողացել մասնակցել` մարտին եւ հունիսին
Նոյեմբերի 3-ի Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` Շենգավիթի նստավայրում նշանակված դատական նիստը հետաձգվեց`ամբաստանյալին հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պատճառով դատարան չներկայացնելու պատճառով: Նախորդ` հոկտեմբերի 7-ին նշանակված նիստն էլ նույն պատճառաբանությամբ հետաձգվել էր:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք տարվա` 2021թ. հունվարի 19-ին:
«ԱյՎենդինգ» ՍՊԸ-ի սուրճի սարքավորումների առաքիչ Հայկ Ալթունյանի վերաբերյալ քրեական գործը Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի վարույթում է 2019թ. մարտի 14-ից:
Կարդացեք նաև
Տուժողները երեքն են: Մեղադրանքը պաշտպանում է Մուշեղ Անանյանը, իսկ Հայկի պաշտպանությունն իրականացնում է Սիրանույշ Հարությունյանը` ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակից:
Գործի նախաքննությունն իրականացրել է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը: Ըստ մեղադրական եզրակացության, Հայկը 2018թ. ապրիլի 2-ին՝ Հանրապետության հրապարակից «ԱյՎենդինգ» ՍՊԸ-ին պատկանող եւ իր կողմից վարվող «GOLF 3» մակնիշի 801 AG 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով գնացել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցի վրա գտնվող հանրակացարանային շենքերի մոտ, այնտեղ կայանել է ավտոմեքենան, հագել նախօրոք տնից վերցրած բանվորական բաճկոնը, բանվորական տաբատը, իր հետ վերցրել սեւ գույնի բրդյա կտորից գլխարկը, որի աչքերի հատվածը նախօրոք կտրելէր՝ որպես դիմակ ծառայեցնելու համար, բանվորական ռետինե ձեռնոցները, իրեն պատկանող՝ 2016 թվականի գործարանային արտադրության «MAKAROV» տեսակի օդաճնշիչ ատրճանակը, վերցրել մեկ հատ էլեկտրաշոկ եւ արցունքաբեր գազ արձակող սարքը, եւ ոտքով քայլել դեպի «ՖասթԿրետիդԿապիտալ» ՈՒՎԿՓԲԸ-ի՝ Ավան՝ Խուդյակով 69/1 հասցեում գտնվող մասնաճյուղ:
Նախաքննության ժամանակ Հայկ Ալթունյանը հայտնել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում կուտակել է մոտ 25.000 ԱՄՆ դոլարի հասնող պարտք, աշխատելով «ԱյՎենդինգ» ՍՊԸ-ում՝ որպես սուրճի սարքավորումների սպասարկող, առաքիչ, ստացած ամսական 200.000 ՀՀ դրամով պարտքը մարել չի կարողացել, եւ որոշել էր պարտքերը մարելու համար «այլ» ճանապարհով գումար հայթայթել:
Հայկը պատրաստվել էր ավազակային հարձակում կատարել «ՖասթԿրետիդԿապիտալ» -ի շինություն մտնելով:
Մոտակա այգում դիրքավորվելով, ապա դիմակավորված, ձեռնոցներով, ատրճանակն աջ ձեռքին, իսկ նռնակի նմանվող կրակայրիչը ձախ ձեռքին, ավազակային հարձակում է գործել «ՖասթԿրեդիտԿապիտալ»-ի Ավանի մասնաճյուղ եւ ատրճանակն ուղղելով հաճախորդների սպասարկման սրահում կանգնած հաճախորդի վրա՝ պահանջել է վերջինիս պառկել գետնին: Ըստ գործի նյութերի, նա «ՖասթԿրեդիտԿապիտալ»-ի աշխատակիցներից՝ գանձապահներից եւ ոսկերիչ-գնահատողից, նռնակը պայթեցնելու եւ ատրճանակով կրակոցներ արձակելու սպառնալիքներով, պահանջել է դրամարկղերում առկա գումարները: Գանձապահը տոպրակի մեջ է լցրել դրամարկղերում առկա 6.341.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը: Հայկը պատուհանի տակից վերցրել է հիշյալ գումարով պոլիէթիլենային տոպրակը, ատրճանակի սպառնալիքով հաճախորդի հետ դուրս է եկել գրավատնից եւ դիմել փախուստի: Նա վազելով հասել էր Դուրյան թաղամասի շենքերից մեկի մոտ, բարձրացել շենքի տանիք, ապա որոշ ժամանակ անց դուրս է եկել նշված շենքից եւ քայլելով գնացել իր մեքենայի մոտ, նստել ավտոմեքենան:
Մեղադրանքի կողմը մեկ այլ դրվագով էլ է նրան մեղադրանք առաջադրել.Հայկը «ԱյՎենդինգ» ընկերության գույքային ֆոնդից հանել եւ իր ֆոնդ է մտցրել տնօրենի հետ իր կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված՝ ՍՊԸ-ին պատկանող 900.000 ՀՀ դրամ արժողությամբ «Sienna» մոդելի սրճեփ սարքը, առանց ընկերության համաձայնության՝ այն 1.200.000 ՀՀ դրամ կանխիկ գումարով վաճառել է գործով անցնող մեկին: Իսկ տնօրենի կողմից կնքված պայմանագրով վարձակալությամբ վերցված քաղցրավենիք եւ խմիչք տրամադրող սարքը` առանց ընկերության համաձայնության, 2018 թվականի մարտի կեսերին մեկ օր 1.681.540 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար կանխիկ գումարով վաճառել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2020