Երվանդ Քոչարի թանգարանը ներկայացնում է ինքնատիպ ցուցադրություն
Երվանդ Քոչարի թանգարանը դեկտեմբերի 16-ին հանդես եկավ նոր ու ինքնատիպ «Մահ իմացյալի սլացքը» ցուցադրությամբ՝ նվիրված մեծանուն արվեստագետի՝ «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին։
«Առավոտը» զրուցեց թանգարանի տնօրեն Կարինե Քոչարի եւ թանգարանի աշխատակից, ցուցադրության համակարգչային ձեւավորման հեղինակ Մարիաննա Հովհաննիսյանի հետ։
«Հետպատերազմյան այս օրերին չափազանց արդիական է դարձել մեր ժողովրդի հարատեւման գաղափարը։ Եվ այս ցուցադրությունը նվիրվում է հենց այդ գաղափարին՝ ներկայացնելով Քոչարի բացառիկ մտահղացմամբ ստեղծված Վարդան Մամիկոնյանի արձանը։
Կարդացեք նաև
Քոչարը ստեղծել է ազատագրական պայքարի առասպելային հերոսի կատարելատիպ, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն, ահռելի պայքարով, թափված արյունով եւ իր նահատակներով։ Վարդան Մամիկոնյանը կռեց մի ամբողջ ժողովրդի հարատեւման կամ անմահության իրավունքը։
Մաեստրոն ասում էր՝ Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին»,- հայտնեց տնօրենը։ Հավելեց նաեւ, թե ցուցադրությունը կազմակերպված է մեր օրերում նորատիպ օնլայն տարբեակով, դիզայներական յուրահատուկ մոտեցումներով, վիդեո եւ աուդիո լրացումներով։ Կարինե Քոչարը նշեց նաեւ, թե ցուցադրությունը թույլ կտա շրջել վիրտուալ ցուցասրահով եւ ծանոթանալ մեծանուն արվեստագետի՝ Վարդան Մամիկոնյանին նվիրված բոլոր ստեղծագործություններին, տեսնել վարպետի լուսանկարները արձանի իրականացման պահերին՝ արվեստանոցում, լուսանկարներ՝ արված արձանի բացման ժամանակ, կարդալ արձանի յուրահատկությունների եւ ստեղծագործական ընթացքին նվիրված մաեստրոյի խոսքերը, այլ արվեստագետների կարծիքները արձանի մասին, նաեւ օնլայն տարբերակով կներկայացվի Վարդան Մամիկոնյանի արձանը մեկնաբանող նոր տեսաֆիլմը։
Համակարգչային ձեւավորման հեղինակ Մարիաննա Հովհաննիսյանն էլ ասաց. «Այս իրավիճակում մեր առջեւ խնդիր էր դրվել ստեղծել մի այնպիսի ցուցադրություն, որը կկարողանան դիտել մեծ թվով արվեստասերներ։ Հենց այդ պատճառով էլ որոշվեց ցուցահանդեսը տեղափոխել վիրտուալ իրականության հարթակ»։ Մեր զրուցակիցը նշեց, որ «Մահ իմացյալի սլացքը» ցուցադրությունը առաջինն է Հայաստանում իր տեսակի մեջ եւ աշխարհի ցանկացած կետից արվեստասերը իրեն հարմար դեվայսի միջոցով կկարողանա գտնվել Երեւանի Երվանդ Քոչարի թանգարանում, իսկ վիրտուալ իրականություն ստեղծող ակնոցի առկայությունը էլ ավելի պատկերավոր ու տպավորիչ կդարձնի դիտումը։
Նկատեցինք, որ համավարակի ընթացքում Երվանդ Քոչարի թանգարանը օնլայն տիրույթում աշխատել է ակտիվ, թանգարանի հետեւորդների կրթամշակութային ժամանցը կազմակերպելու նպատակով իրականացվել են հրապարակումների շարքեր, ճանաչողական, հետաքրքիր մանրամասներ մաեստրո Քոչարի արվեստի եւ թանգարանի գործունեության մասին, կազմակերպվել են անոտացիոն ֆիլմերի live ցուցադրություններ, մի շարք ինտերակտիվ ծրագրեր, կրթական դասեր zoom հարթակում։ Ի դեպ, պատերազմից հետո «Մահ իմացյալի սլացքը» երկրորդ ցուցադրությունն է։ Առաջինը «Քոչարի Արփենիկն» էր՝ նվիրված արվեստագետի առաջին սիրուն։ Այս առիթով մաեստրոն իր հուշերում գրում է՝ «Երբ սիրում ես մի կնոջ, քո սերն ես սիրում նրա մեջ եւ այդ էլ իր հետ բերում է քո ուզած գեղեցկությունը, թեեւ դա մի ենթագիտակցական ընթացք է, եւ մենք այդ գեղեցկությունն ընդունում ենք իբրեւ իրողություն»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2020