Լրահոս
Օրվա լրահոսը

«Առողջապահության ոլորտը արտակարգ իրավիճակներում աշխատելու հմտություն ունի»

Դեկտեմբեր 19,2020 12:30

Զրույց ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանի հետ

– Պարո՛ն նախարար, պատերազմական իրավիճակում անուրանալի էր նաեւ սպիտակ բանակի կատարած աշխատանքը։ Ինչպե՞ս արտակարգ իրավիճակին արագ հարմարվեց առողջապահական ոլորտը, նախարարության կողմից ինչ քայլեր  կատարվեցին այդ օրերին եւ արդյոք ամեն ինչ բավարարե՞ց, որ Հիպոկրատի երդվյալները կատարեն իրենց առաքելությունը։

– Առողջապահության ոլորտը բնականաբար արտակարգ իրավիճակներում աշխատելու հմտություն ունի, քանի որ այս պատերազմն առաջինը չէր, բայց տարբերվում էր իր մասշտաբներով։ Կարելի է ասել` շատ կարճ ժամանակահատվածում հանրապետության բոլոր բուժհաստատությունների բուժանձնակազմերը հարմարվեցին պատերազմական իրավիճակին եւ մինչեւ պատերազմի վերջին օրը մի շարք բուժհիմնարկներ աշխատեցին։ Ցավալի է, որ Ադրբեջանի օկուպացիայի տակ անցած բնակավայրեր ունենք, որտեղ նույնպես տեղակայված էին հիվանդանոցներ։ Քանի որ անընդհատ թիրախավորվում էր խաղաղ բնակչությունը եւ պատերազմական օրերին վտանգավոր էր, այդ իսկ պատճառով նկուղային հարկերում տեղակայվեցին հիվանդանոցները, իսկ որ հիվանդանոցը չուներ նման հնարավորություն` հիվանդանոցի առաջին հարկում իրենց աշխատանքը կատարեցին։ Վիրահատարանն առաջնային էր, որ տեղափոխվեց նկուղ։ Ինչպես Հանրապետական հիվանդանոցի նկուղում կար վիրահատարան, այնպես էլ մանկական հիվանդանոցի նկուղային հարկում կար։ Մեծ թափով էին աշխատում նաեւ շրջանային բուժմիավորումները, շտապօգնության բրիգադները։ Պետք է նշեմ, որ այո, ամեն ինչ բավարարեց, քանի որ անընդհատ համալրվում էր առողջապահական ոլորտն այն ամենով, ինչի անհրաժեշտությունը կար։ Անուրանալի է նաեւ հրավիրված բժիշկների կատարած աշխատանքը։ Նրանք պատերազմի օրերին արել են հնարավոր եւ անհնարին ամեն բան, որ փրկեն վիրավորների կյանքը։ Նաեւ ուզում եմ անպայման նշել, որ Արցախի բուժհիմնարկների բուժաշխատողներն էլ են իրենց առաքելությանը հավատարիմ մնացել, աշխատել են առանց երկմտելու, չնայած հրթիռակոծության տակ էին։

– Նվիրատվությունների շրջանակում վերջին շրջանում ոլորտը համալրվե՞լ է…

– Դեկտեմբերի 5-ին Վերածննդի հրապարակում նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողություն է տեղի ունեցել։ 200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորումներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղեւոնդյանը: Կարծում եմ` սա եւս կարեւոր համալրում է, որպեսզի ծանր վիճակում գտնվող մեր հայրենակիցները արագ տեղափոխվեն մի բուժհաստատությունից մյուսը։ Ժամանակի ընթացքում ռեանոմոբիլներից կտրամադրվեն շրջանային բուժհաստատություններին։

– Այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած նախարարությունը։ Արդյոք ԱՀ նախագահի կողմից հայտարարված անվճար առողջապահության ծրագիրը կիրագործվի հունվարից։

– Մեր բնականոն աշխատանքին ենք անցել եւ շարունակում ենք աշխատել խնդիրների շուրջ։ Ծրագրի առումով այո, պետք է հունվարից անցնենք անվճար հիմունքներով բուժծառայության սպասարկմանը, կա որոշում, սակայն պատերազմից հետո դեռեւս այդ հարցին անդրադարձ չի եղել եւ այս պահին հստակ ոչինչ ասել չեմ կարող։

– Հակառակորդի  կողմն  անցած տարածքների  բուժհաստատությունների  աշխատողների աշխատանքի հարցն ինչպե՞ս է լուծվելու։

– Այս հարցը եւս կարեւորագույն եւ օրակարգային խնդիրների շարքում է։ Բուժաշխատողներ ունենք, ովքեր կորցրել են եւ բնակավայրը, եւ աշխատանքը ու հիմա գտնվում են ՀՀ-ում, բայց դեռ չեն վերադարձել Արցախ։ Մենք նախարարությունում գրանցում ենք Արցախում գտնվող, սակայն աշխատանքն ու բնակավայրը կորցրած բուժաշխատողների տվյալները։ Հետագա քայլերի մասին կխոսենք առաջիկայում։

– Մեր վերահսկողության տակ մնացած տարածքների բուժհիմնարկներում համալրումներ կամ կրճատումներ սպասվո՞ւմ են պահի դրությամբ։

– Ոչ, պահի դրությամբ համալրումների եւ կրճատումների մասով քայլեր չեն ձեռնարկվում։

– Խաղաղապահների կողմից Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում տեղակայվել է զինվորական հոսպիտալ, որտեղ նաեւ մեր բնակչությունը կարող է դիմել։ Դուք ծանոթացե՞լ եք հոսպիտալի պայմաններին, բժշկական սարքավորումներին։

– Խաղաղապահների կողմից տեղակայված հոսպիտալի պայմաններին ծանոթացել եմ։ Ինչպես բոլոր զինվորական հոսպիտալները, այս մեկն էլ նույն ձեւի է։ Կան բազմապիսի սարքավորումներ, համապատասխան բժիշկներ եւ կարծում եմ, որ բնականոն հունով աշխատելու են։ Մեր բնակիչներից եղել են դիմողներ, որոնք նույնպես սպասարկվել են խաղաղապահների հոսպիտալի անձնակազմի կողմից։


Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

Հ.Գ. Նշեմ, որ ԱՀ առողջապահության նախարարությունը սերտ համագործակցության մեջ է ՀՀ առողջապահության նախարարության հետ։ Արարատ Օհանջանյանը դեկտեմբերի 14-ին ընդունել է «Կորսիկա-Հայաստան բարեկամության կոմիտե»-ի պատվիրակությանը` նախագահ, ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատում Կորսիկայի ներկայացուցիչ Ալեքսանդր Սանթերյանի գլխավորությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ալեքսանդր Սանթերյանին, ԱՀ առողջապահության համակարգին՝ որպես աջակցություն դեղորայք եւ բժշկական պարագաներ տրամադրելու համար, կարեւորելով բարեգործական ծրագրերի նշանակությունը: Ալեքսանդր Սանթերյանը պատրաստակամություն է հայտնել հետայսու զարգացնել համագործակցության ծրագրերը անմիջապես ԱՀ առողջապահության նախարարության շրջանակներում, ընդգրկելով Ֆրանսիայում գործող մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպություններին:

«Առավոտ» օրաթերթ
18.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031