Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշեցի ընտանիքը դժվար իրավիճակում է. Երեւանում ապրելը թանկ է, Արցախ էլ չեն վերադարձնում, ասում են՝ տեղ չկա

Դեկտեմբեր 19,2020 14:30

Պատերազմի օրերին Շուշիից Հայաստան տեղափոխված ընտանիքը եթե մինչ պատերազմի ավարտը դեռ հույսեր ուներ, որ կվերադառնա Արցախ, հիմա Արցախի այլ բնակավայր վերադառնալու հույս էլ չունի։

Երեւանում ապաստանած այս ընտանիքը սկզբում հյուրանոցում էր ապրում, իսկ երբ արդեն հյուրանոցն էլ ի վիճակի չէր կացարան տրամադրել, ընտանիքը վարձով բնակարան գտավ մայրաքաղաքի ծայրամասերում։ Վեց հոգով տեղափոխվեցին, ապրում են, բայց ընտանիքի մեծերը դեռ չեն պատկերացնում՝ ապրուստն ինչպես են հոգալու։

Ընտանիքի մայրը՝ Արփինե Գասպարյանը պատմում է, որ այս երկու ամիսն ապրել են իրենց տրամադրվող օգնությամբ՝ սննդի փաթեթով, երբեմն հարմար հագուստ են տվել։ «Էլ ինչքա՞ն պետք է օգնությամբ ապրենք, չգիտեմ, անհարմար էլ է այդպես ապրել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է Արփինեն։

Ընտանիքը  Շուշիում փոքրիկ խանութ ուներ, վարկ էին վերցրել, բիզնեսն էին փորձում ոտքի կանգնեցնել, բայց պատերազմը կանգնեցրեց նրանց բոլոր ծրագրերը։

Արփինեն չորս անչափահաս երեխա ունի, ասում է՝ այս ամիսներին երեխաների նպաստն են ստացել, յոլա գնացել, գրանցվել են նաեւ 300 հազար դրամ պետական աջակցությունը ստանալու համար, առայժմ սպասում են այդ գումարին. «Նաեւ 83 հազար դրամ եմ ստացել, 68 հազարը յուրաքանչյուր արցախցու հասանելիքն է,  15 հազար դրամ էլ հավելյալ այն բանի համար, որ Հայաստանի Հանրապետությունում գույք չունենք։ Ծիծաղելի գումար է, մինչդեռ մենք ավելի թանկ գույք ենք կորցրել Շուշիում։ Բնակարանի վարձն ամսական 140 հազար դրամ է, սկզբում  130 էր, հետո թանկացրեց տան տերը։ Գումարած կոմունալների վճարը, ես չգիտեմ՝ ինչպե՞ս ենք հասցնելու այդ ծախսերը վճարել։ Որպես բազմազավակ մայր՝ ամեն ամիս նպաստ էի ստանում՝ 36 հազար դրամ։ Բայց այս անգամ ասացին, որ հրաման չկա դեկտեմբերի նպաստը ստանալու։ Շատերին ասել են՝ պիտի վերադառնաք Արցախ, այնտեղ ստանաք»։

Դեկտեմբեր ամսվա նպաստը Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքներն արդեն եկող շաբաթ կստանան. այսպես մեզ հավաստիացրեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Արցախ վերադառնալու համար էլ Արփինեն դիմել էր ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբին, համաձայն է Արցախի որեւէ գյուղ էլ տեղափոխվել, եթե քաղաքային բնակավայրում ազատ բնակարան չլինի. «Գնացի շտաբ, ասացի՝ պատրաստ եմ վերադառնալ, որտե՞ղ կուղարկեք։ Նախ ասել էին՝ Հին Շեն։ Ո՞ր Հին Շենը, էն որ ադրբեջանցիները շրջափակե՞լ են։ Ո՞նց են մարդկանց ուղարկում, եթե նրանց կյանքն այնտեղ վտանգի տակ է։ Հետո շտաբում այլ առաջարկ չեղավ, ասացին՝ տեղ չկա ուղարկելու»։

Երեւանում ընտանիքը ծանր կացության մեջ է, վարձակալած բնակարանի երկու ամսվա վարձը եղած գումարով՝ ծայրը ծայրին հասցնելով, կողքից ստացած փոքրիկ օգնությամբ վճարել են, մյուս ամիսներին ինչպես են վճարելու, Արփինեն դեռ չի պատկերացնում, մտածում է շուտով աշխատանք կգտնի։ Բայց դա էլ հեշտ գործ չէ, քանի որ առանց այն էլ Հայաստանում աշխատանք գտնելը բարդ է, հիմա արդեն հազարավոր արցախցիներ են Երեւանում ապաստանել, նրանցից շատերն էլ աշխատանք են փնտրում։

«Նախ հայտարարում են, որ արցախցիների տան վարձի գումարի որոշակի մասը պետությունը փոխհատուցելու է։ Ու երբ հյուրանոցներից արդեն հանում էին, շատերը վարձով տներ գտան, այն էլ մի կերպ, ու կարծում էին, որ պետությունը մի մասը կտա։ Պարզվեց՝ ոչ։ Շտաբում ասացին նման բան չկա։ Ուղղակի Հայաստանում, ով իր տանը Արցախից ընտանիքներ է հյուրընկալել, յուրաքանչյուր չափահաս անձի համար 30 հազար դրամ են վճարելու։ Իսկ ի՞նչ անեն այն ընտանիքները, որոնք քաղաք, տուն, գույք, ամեն ինչ կորցրել են, Հայաստանում էլ հարազատ չունեն, կամ ունեն, բայց անհնար է հյուրընկալվել նրանց։ Մենք ի՞նչ անենք։ Տանտիրոջը խնդրենք հյուրընկա՞լ ներկայանա, իբրեւ լավություն է անում մեզ, որպեսզի փոխհատուցում ստանա։ Ինչո՞ւ են դրդում նման քայլերի գնան մարդիկ»։

Արփինեն աշխատանք է փնտրում, առայժմ չի գտնում, փորձում է այնպիսի ժամային գրաֆիկով աշխատանք գտնել, որ հասցնի հիվանդ սկեսուրի եւ երեխաների խնամքով էլ զբաղվել։  Ամուսինն ունի առողջական խնդիրներ, ծանր աշխատանք չի կարող անել, բայց որ հարմար բան գտնի՝ աշխատանքից չի հրաժարվի։

Երեկ կառավարությունը նոր որոշում է հաստատել՝ Արցախում հայկական վերահսկողությունից դուրս մնացած Արցախի  բնակավայրերի այն քաղաքացիներին, որոնք Հայաստանում են բնակվում,  մինչեւ 3 ամիս ժամկետով հնարավորություն են տալու գործատուների մոտ անցնել որոշակի աշխատանքի, այսպես կոչված՝ պրակտիկայի, որի դիմաց նրանք կվարձատրվեն 100 հազար դրամի չափով՝ առանց հարկերի։

Հավանաբար Արփինեն կփորձի օգտվել այս ծրագրից։ Բայց միեւնույն ժամանակ մտածում է նաեւ Հայաստանը լքելու մասին, ասում է. «Հայաստանում էլ երեխաներիս համար ապահով ապագա չեմ տեսնում, վախենալու է, անվտանգ չեմ զգում։ Տեսնում ենք՝ կամաց-կամաց Ալիեւի բանակն առաջ է գալիս, տեսանք՝  ինչ ասում էր՝ արեց,  մենք ծիծաղում էինք Ադրբեջանի ու Թուրքիայի հայտարարությունների վրա, բայց իրենք ինչ ծրագրել էին՝ իրականացրեցին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031