Այսօր Շիրակի մարզպետարանում գերեվարված կամավորների հարազատների հետ փակ հանդիպում ունեցան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել գերեվարվածների հարցով, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իրենց փոխանցված փաստաթղթերը պատրաստվում են ուղարկել եվրոպական դատարան՝ խնդրելով հրատապ միջոց կիրառել, որպեսզի ապահովեն Ադրբեջանի իշխանության տակ հայտնված, գերեվարված անձանց իրավունքները՝ կյանքի անվտանգությունն, առողջությունն, անհրաժեշտ տարրական վերաբերմունքի պայմանները։
Թե քանի գերեվարված կա, Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ թվերով չի կարող ասել, բայց նրանց խումբը բավական մեծ է, իրենք գտնում են ապացույցներ, կամ հարազատներ են ճանաչում տեսագրություններից, նկարներից։
Կարդացեք նաև
Նա նաև նշեց, որ գերեվարվածների նկատմամբ վատ վերաբերմունքը ու խոշտանգումը առնվազն կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է, որը հաշվի կառնեն գործի քննության ընթացքում։
«Այն միջոցները, որոնք ձեռնարկել ենք վերջին երկու ամսվա ընթացքում, դիմել ենք Եվրոպական դատարան՝ խնդրելով հրատապ միջոցներ կիրառել։ Այդ ընթացքում դատարանը չի հասցնում խորամուխ լինել փաստերի մեջ և տալ գնահատական իրավունքի խախտման վերաբերյալ, դրա համար գնահատականը կլինի մի քիչ ավելի ուշ», -ասաց Եղիշե Կիրակոսյանը։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն էլ տեղեկացրեց, որ տեղում պիտի ամբողջացնեն բոլոր զինվորականների տվյալները՝ փաթեթի տեսքով հետագա գործողությունների համար։
Նա նաև նշեց, որ հանդիպել է «Կարմիր խաչ»-ի ներկայացուցիչների հետ ու քննարկել նաև Շիրակի մարզի զինվորականների հարցը։ Այդ հարցի հետ կապված աշխատանքներ ունեն կատարելու։
Ըստ Արման Թաթոյանի, այն, ինչ հնարավոր է անել իր գլխավորած կառույցի իրավասության շրջանակներում, անում են, իսկ Սյունիքում ու առհասարակ տեղի ունեցող իրադարձությունների շուրջ պարզաբանումներ պիտի ներկայացնեն իրավասու մարմինները։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ