Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք «բարիկադի» միևնույն կողմում ենք»․ Ռոմանոս Պետրոսյան

Դեկտեմբեր 18,2020 22:55

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն հանդիպեց բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության անդամներ, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, բնապահպանական ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր և այլք։

Կառուցողական երկխոսության և փոխըմբռնման մթնոլորտում քննարկվեց բնապահպանական ոլորտի խնդիրների ողջ համալիրը․ հետպատերազմյա բնապահպանական խնդիրներ, անտառկառավարում, Սևանա լճի էկոհամակարգի հիմնախնդիրներ, պատասխանատու հանքարդյունաբերություն և ընդերքօգտագործում, կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցեր, ՀԷԿ-եր։


Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերին արձագանքելու համար, նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախ շնորհակալություն հայտնեց նրանց կատարած աշխատանքի համար, ապա շեշտեց, որ պետական ինստիտուտների գործունեությանը զուգահեռ խիստ կարևորում է հասարակական սեկտորի, իրավագիտակից շրջանակների, բնապահպանական շարժումների դերակատարումը և ազդեցությունը ինստիտուցիոնալ կառույցների գործունեության վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։ Նախարարը խնդրեց ներկաներին օգնել գույքագրել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք գուցե դուրս են մնացել իր տեսադաշտից։

Նախարարը ներկայացրեց այս ամիսներին իրականացված աշխատանքը, նախաձեռնած բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների փաթեթները, հետպատերազմյա խնդիրները։ Ցանկացած խնդիր, որը հիմնավորված է և հուզում է բնապահպաններին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հուզում է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը։

Նախարար Պետրոսյանը այս հանդիպումը համարեց նոր հարաբերությունների ելակետ և հույս հայտնեց, որ բարձրաձայնված խնդիրները, եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում կստանան իրենց լուծումները կամ առնվազն գործուն քայլեր կձեռնարկվեն դրանց լուծումներին ուղղված նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։

Նախարար խոսեց նաև նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին․ վերջին խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին, բայց վերջին տարիներին չի գործել և կենսունակ չի եղել։ Նոր որոշմամբ նախատեսվում է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորել։ Խորհրդի կազմի և մնացած մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Նախարարը բնապահպան գործընկերներին խնդրեց գործընկերներին միասին կազմել այդ խորհրդի ձևավորման մեխանիզմները։ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Նախարարն հայտնեց, որ Շրջակա միջավայրի կառավարման իր տեսլականում կարևորագույն կետ է զբաղեցնում բոլոր շրջանակների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցումը և դրա միակ ճանապարհը առողջ ու փաստարկված բանավեճն է։

Նախարարի առաջարկով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավելագույնը եռամսյակային կտրվածքով նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունենալ, իսկ եթե մինչ այդ խնդիրներ ծագեն, որոնք պահանջում են երկուստեք հանդիպման, ապա իր պատրաստակամությունը հայտնեց նաև առանձին հանդիպումների։

Լուսանկարները՝ Արմենպրես լրատվական գործակալության

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031