Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանի աշխատակիցները 13-րդ աշխատավարձը չեն ստանա․ քաղաքապետն այսօր հանդիպել է դժգոհող աշխատակիցների հետ

Դեկտեմբեր 18,2020 21:01

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը պարգեւավճար՝ 13-րդ աշխատավարձը չի ստանա։ Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց  Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Երեկ քաղաքապետարանի տարբեր վարչությունների, բաժինների աշխատակիցներն իմանալով, որ տարեվերջյան պարգեւավճարներ չեն լինելու, դժգոհության ալիք էին բարձրացրել՝ պահանջելով վճարել պարգեւավճարները։

Երեկ քաղաքապետ Հայկ Մարությանը Տավուշի մարզում էր, հոգեհանգստի էր մեկնել, ուստի այսօր է հանդիպել աշխատակիցների հետ։

Թե ինչպես ավարտվեց հանդիպումն եւ ինչպես ընդունեցին պարգեւավճար չստանալու որոշումը, պարոն Կարապետյանը վստահեցրեց՝ կառուցողական, սակայն քաղաքապետը խոստացել է՝  նպաստավոր պայմաններում աշխատակիցների արժանապատիվ վարձատրության հարցը կրկին կլինի օրակարգում։

«Հայկ Մարությանը մշտապես հայտարարել է, որ կողմնակից է եւ անհրաժեշտ է համարում աշխատակազմի պատշաճ եւ արժանապատիվ վարձատրության։ 1,5 տարի առաջ քաղաքապետի նախաձեռնությամբ  աշխատավարձերի բարձրացման նախագիծ էր  ներկայացվել, սակայն այն չանցավ, կոնսենսուս չեղավ։  Ուստի այս ընթացքում, որպես  ժամանակավոր լուծում, կիրառվում էր եռամսյակային պարգեւավճարների ինստիտուտը։ Այս տարվա ընթացքում տարբեր պատճառներով ՝ կորոնավիրուսի համավարակի, ողբերգական պատերազմից հետո  առաջացած խնդիրների պատճառով,  քաղաքապետը մոտեցումը վերանայեց, եւ որոշեց առժամանակ հրաժարվել պարգեւավճարների գաղափարից»,-ասաց Հակոբ Կարապետյանը։

Նա նաեւ վստահեցրեց, որ աշխատակազմը քովիդի եւ պատերազմի ընթացքում գերծանրաբեռնված է աշխատել, նույնիսկ՝ շուրջօրյա հերթապահություններով, առանց հանգստյան օրերի,  շատերը կամավորական աշխատանքներ են արել, մի մասը աշխատել է իրենց՝ կորոնավիրուսով  վարակված գործընկերների փոխարեն․ «Առաջին եռամսյակում պարգեւավճարների մի մասը փոխանցվեց բուժաշխատողներին, հետո կրկին բուժաշխատողներին, պատերազմի սկզբից Ստեփանակերտին 100  միլիոն դրամ փոխանցվեց պարգեւավճարների ֆոնդից։ Այդուհանդերձ, քաղաքացիները վերջին օրերին  պահանջում, խնդրում, առաջարկում էին 13-րդ աշխատավարձը ստանալ, որը նույնպես պարգեւավճարի ձեւերից մեկն է։ Այսօր գործընկերների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ այս ծանր իրավիճակում հասարակությունը պետք է կարողանա, թեեւ ցավալի, բայց իրողության հետ հաշտվել, եւ այդպես մասնակցել պատերազմից անմիջապես տուժած մեր հայրենակիցներին աջակցման գործին։  Այդպես որոշվեց, որ չեն վճարելու 13-րդ աշխատավարձը»։

Մեր դիտարկմանը՝ 2021 թվականին Երեւանի բյուջեի նախագծում 1 մլրդ դրամ պարգեւավճար է առաջարկվում, այն դեպքում, երբ հետպատերազմյան խնդիրները լուծված դժվար լինեն, պարոն Կարապետյանը պատասխանեց՝  2019 եւ 2020 թվականներին շուրջ 2 միլիարդ դրամ է եղել, այս անգամ առաջարկվում է  պարգեւավճարային ֆոնդը կրկնակի կրճատել․«Ուզում եմ շեշտել, որ սա այն ֆոնդն է, որը տարբեր իրավիճակների ժամանակ հնարավորություն է տալիս աջակցություն ցուցաբերել տարբեր խմբերի մարդկանց, ինչպես օրինակ աջակցեցինք Ստեփանակերտին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031