Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գորգիսյան. «Կառավարությունը չունի ժողովրդի հետ խոսելու որեւէ ձեւ, ժողովրդի հետ առնչվելիս՝ որեւէ ազնվություն, եւ այլեւս դադարել է լինել վստահելի»

Դեկտեմբեր 18,2020 20:15

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են Սյունիքի մարզում պատերազմից հետո սահմանամերձ դարձած համայնքներ: Ըստ տարածված լուրերի, Գորիսում դեպի Կապան միջպետական ճանապարհը փակած քաղաքացիներին հանդիպելուց հետո նրանք Կապան գնացել են այլընտրանքային ճանապարհով։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հեռախոսով Aravot.am-ին ասաց. «Մեր նպատակը տեղում խնդիրների խորությունը, մանրամասները հասկանալն է: Գորիսում մարդիկ ցույց էին անում՝ բողոքում էին կառավարության անգործությունից: Հետո այցելեցինք Կապան, հանդիպեցինք քաղաքապետի հետ: Ծանոթացանք սահմանազատման պրոցեսներին եւ խնդիրը առաջիկայում կպահենք մեր ուշադրության կենտրոնում: Վաղը այցելելու ենք Գորիսի շրջակա գյուղեր, որոնք եւս դարձել են սահմանամերձ եւ նմանատիպ խնդիրների առջեւ են հայտնվել»:

Հարցին, թե սահմանազատման գործընթացում որո՞նք են ամենախնդրահարույց երեւույթները, պարոն Գորգիսյանը պատասխանեց. «Ամենակարեւորը երեւի թե այն է, որ ոչ ոքի նախապես ոչինչ չի զգուշացվել, եւ մարդիկ հանկարծ հասկանում են, որ մի քանի օրում սահմանը պիտի փոխվի եւ պիտի անցնի այն տարածքներով, որտեղ իրենք ապրում էին, իրենց կենդանուն էին արածացնում, ցորեն էին ցանում: Եվ որ այդ տարածքներն այլեւս թշնամու տարածքում են մնում: Սա հերթական անգամ խոսում է այն մասին, որ կառավարությունը չունի ժողովրդի հետ խոսելու որեւէ ձեւ, ժողովրդի հետ առնչվելիս՝ որեւէ ազնվություն, եւ այլեւս դադարել է լինել վստահելի»:

Հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են վերաբերվում սեփական ուժերով ինքնապաշտպանություն կազմակերպելու՝ սյունեցիների կոչերին: «Ճիշտն ասած, այդ կոչերը չեմ լսել: Հասկանում եք, այսօր ամբողջ օրը ճանապարհներին ենք եղել: Բայց վստահ չեմ, որ դա հիմա կարող է աշխատել, որովհետեւ կանոնավոր բանակի դեմ կարող է կռվել կանոնավոր բանակը: Հիմա ամեն ինչ պետք է արվի, որ նոր սահմանամերձ դարձած համայնքներում քաղաքացիների անվտանգությունը ապահովվի»,-պատասխանեց Գեւորգ Գորգիսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031