Սյունիքում կարեւոր դիրքեր ադրբեջանական կողմին հանձնելու պատճառով, կան գյուղացիներ, որոնք իրենց տունն այրում են, սյունեցիները հիմա իրենց անվտանգ չեն զգում։ Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որը մինչ մանդատը ստանալը, եղել է Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, լրագրողների հետ զրույցում այս խնդրի առնչությամբ ասաց՝ պաշտպանության նախարարն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Սյունիքում են, երեկ հանդիպում է տեղի ունեցել նախարարի, մարզպետի եւ համայնքապետերի հետ․«Ինձ հասած տեղեկություններով՝ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ գործողությունների հետ կապված։ Այսօր տեղեկացա, որ Կապան համայնքում տեղի է ունենալու սահմանազատում եւ այդ դեպքերի հետ կապված ասեմ՝ նույնն է, ինչպես Ջեբրայիլում կամ այլ տեղ, որտեղ սահմանազատման արդյունքում տարածքը պետք է անցնի Ադրբեջանին, մարդիկ չեն ուզում իրենց բնակարանները թողնել նրանց։ Ես այդպիսի հարազատ, բարեկամ ունեմ»։
Ինչ վերաբերում է սյունեցիների կյանքի անվտանգությանը, ապա պատգամավորն ասաց՝ եթե խոսքը բարոյական անվտանգության մասին է, ապա մարդիկ կան ասում են՝ ֆիզիկապես չեմ վախենում, բայց տհաճ է, երբ մեկ կիլոմետրի վրա լինեն թուրքերը, մարդ էլ կա ե՛ւ բարոյապես ե՛ւ ֆիզիկապես վախենում․«Չեմ կարող մեղադրել, ովքեր զուտ բարոյական տեսանկյունից ցանկություն չունեն ապրելու թուրքերից մեկ կիլոմետր հեռավորության վրա։ Ես կիսում եմ այն մտածելակերպը, որ ասում են՝ թուրքին պետք չէ վստահել։ Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երաշխիքները, մարդիկ ովքեր մնալու են ապրեն, ապրելու են սուվերեն Հայաստանի տարածքում եւ ոչ ոք իրավունք չի ունենալու ոտնձգություն անել։ Բայց ամեն դեպքում, թուրքին կամ ադրբեջանցուն պետք չէ վստահել եւ այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք»։
Թե ինչպես է ապահովվելու Սյունիքի անվտանգությունը, պատգամավորն ասաց՝ այնպես, ինչպես Տավուշում, դիրքային ամրություններ կառուցել, եւ այլ գործողություններ։
Նրա այլ գործընկերների հայտարարությունները՝ թե պետք է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ սկսել, պարոն Ղահրամանյանն այսպես արձագանքեց․«Հա, շան հետ ընկերացի, մահակը ձեռքիցդ մի գցի։ Բոլորի հետ կարելի է բանակցել, եթե ի շահ մեզ է, բայց չմոռանալ, որ թուրք է»։ Պատգամավորի կարծիքով՝ հնարավոր չէ հիմա տնտեսական եւ դիվանագիտական հարաբերություններ սկսել Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, որովհետեւ հիմա հասարակությունն էլ պատրաստ չէ, եւ դեռ Արցախի կարգավիճակի հարց կա, ցեղասպանության հարց կա․«Եթե օրինակ, քսան տարի հետո լինի, դրանում վատ բան չկա, երբ հասարակություններն այլեւս պատերազմի տենչ չունենան, Արցախի հարցը լինի լուծված»։
Կարդացեք նաև
Արդյոք բնակիչներին նախապես տեղյակ պահել են, որ Սյունիքից որոշ տարածքներ Ադրբեջանին են տալու, պարոն Ղահրամանյանն ասաց, որ կոնկրետ ինքը տեղյակ չի եղել տարածքները հակառակորդին տալու մասին, որոշ մարդիկ գիտակցում էին, որ տալու են, որովհետեւ փաստաթղթով ասվում է՝ օկուպացված տարածքներից պետք է դուրս գալ․«Իմ տեղեկությունով, երեք օր առաջ տեղյակ չեն պահել օրինակ՝ Շուռնուխի եւ Կապանի բնակիչներին։
Կրկին անդրադառնալով Սյունիքի անվտանգության թուլացման եւ Ադրբեջանի ծավալապաշտական հայտարարությունների մասին հարցին, պատգամավորն ասաց՝ սահմանները վտանգված են․«Բայց մենք չենք պատրաստվում ձեռքերը վեր բարձրացնել եւ հանձնվել։ Հիմա վտանգված է նաեւ Տավուշի մարզը, տավուշցիք ի՞նչ են անում։ Ինչ վերաբերում է Ալիեւի հայտարարություններին, օրինակ Ադրբեջանի քաղաքական հայրը՝ Թուրքիան ասել է՝ մենք ոչ մի նկրտումներ չունենք, Ալիեւների իշխանություններից հնարավոր է չէ մի բան հասկանալ․մի օր ասում են՝ Սյունիքը մերն է, մի օր կանգնում․․․ մի շաբաթ առաջ Ալիեւնն իր հարցազրույցում ասել է՝ տարածքային պահանջ չունենք Հայաստանի հետ։ Մենք սուվերեն պետություն ենք, պետք չէ Ադրբեջանի հասարակության համար արած հայտարարությունները բերել մեր դաշտ։ Ես իմ գիտակից կյանքում հիշում եմ, որ մենք ասում ենք՝ Կարսը մերն է, մեր պատմական տարածքն է, էրդողանը խառնվո՞ւմ է իրար մեր ասելուց։ Ալիեւը, որ ասում է՝ Սեւանը մերն է, Երեւանը մերն է, դա ցնդաբանություն է»։
Պատգամավորն ասաաց, որ այս ընթացքում Սյունիքի սահմանները պահում է կանոնավոր բանակը՝ ՄՈԲ ռեսուրսով եւ կամավորներով, նաեւ առաջիկայում ռուս սահմանապահներ են տեղակայվելու։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ