«Ես դիտում էի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման ուղիղ հեռարձակումը, և այնտեղ բացակայում էր Հայաստանի ղեկավարը»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում վրդովվեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց՝ հասկանալով, թե որն է պատճառն այդ բացակայության, ասաց. «Չեմ կարող և չեմ ուզում հասկանալ, թե ինչու որևէ կերպ Հայաստանը չէր կարող ներկայացված լինել այն պաշտոնյայով, որը կարող է փոխարինել Նիկոլ Փաշինյանին: Հերթական անգամ Ադրբեջանի ղեկավարը, միակողմանի ներկայացնելով ամբողջ իրողությունը, բազմաթիվ ստերով ևս մեկ անգամ կարծես իր տեսակետը բրդեց առաջ: Ցավոք, որևէ կերպ դրան մենք հնարավորություն չունեցանք պատասխանել: Հիմա մեծ ջանքեր եմ կիրառում, որպեսզի զսպեմ վրդովմունքս: Որպեսզի նման խայտառակ իրավիճակներում չլինենք, առաջին հերթին կայունություն և պետականություն պետք է վերականգնենք: Այս ծանր պարտությունից հետո հասարակությունը պետք է ուշքի գա և ներքին խնդիրներին գտնի լուծումներ»:
Ըստ Աշոտ Մելիքյանի՝ այդ խնդիրներից մեկը տեղեկատվական ոլորտն է. «Այն աղետալի վիճակում է, և պրոֆեսիոնալ նորմերն ու օրենքները ոտնահարվում են: Դա լավ հետևանքների չի կարող բերել»:
Խոսելով գերիների թեմայի մասին՝ նա ասաց. «Հասարակությունում պետք է «մի վնասիր» սկզբունքով մոտեցումը լինի, այլ ոչ թե կրքերն ու էմոցիաները թույլ տալ, որ չափերն անցնեն: Կարծում եմ՝ այն նվազագույն պահանջները, որոնք այս իրավիճակում պետք է կիրառվեն, դա նաև հասարակության համար պետք է դառնա աքսիոմ: Համացանցն աղետալի վիճակում է, օրինակ՝ ֆեյսբուքում հանդիպեցի, որ ինչ-որ մեկը մի գերեվարված անձի մասին պատմում էր, որ ինքը հոգեբուժարանում է, նրա տվյալներն էր ասում: Դա չի կարող ընկալվել այլ կերպ, քան այդ մարդուն վնաս հասցնելու փաստ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ