Լրահոս
Օրվա լրահոսը

300 հազար դրամը Բերձորի եւ Լիսագորի բնակիչները չեն ստանում՝ չնայած, որ նրանց բնակավայրերը Ադրբեջանին են անցել

Դեկտեմբեր 18,2020 18:30

«Փախստականի կարգավիճակն ավելի ցածր կարգավիճակ է քան՝ քաղաքացին: Որեւէ իրավունք չի կարող սահմանափակված լինել, որ անձը չունի փախստականի կարգավիճակ: Այն բոլոր իրավունքները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիները նույն իրավունքներից օգտվում  են Արցախի հանրապետության քաղաքացիները»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված առցանց քննարկման ժամանակ ասաց  Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու

Նելլի Դավթյանը՝ պատասխանելով հարցին արդյոք Արցախից տեղահանվածներն ունեն փախստականի կարգավիճակ եւ ինչ իրավունքներով են պաշտպանված: Նելլի Դավթյանն ասաց՝ Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիները փախստականներ չեն, տեղահանված անձիք են:
Քննարկմանը մասնակից  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը թվարկեց ծրագրերը, որոնք նախատեսված են արցախցի եւ նաեւ անհետ կորած ընտանիքների համար: Նրա խոսքով,

նոյեմբերի 25-ից Արցախի բնակիչներին 68 հազար դրամ են տրամադրում: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերի բնակիչներին 300 հազար դրամ են հատկացնում: Ֆինանսական աջակցություն է նախատեսված նաեւ այն բնակիչների համար, որոնց տները բնակության համար պիտանի չեն: Անհայտ կորած, վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների համար նույնպես ծրագիր է իրականացվում: Անահիտ Գալստյանն ասաց, որ այս ծրագրերից օգտվողների  91 հազար հայտ բավարարվել է:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթեւիկ Թոխյանը ներկայացրեց բոլոր այն խնդիրները, որոնք մշտադիտարկման արդյունքում հայտնաբերել եւ բողոքների տեսքով ստացել են: Ըստ նրա, սոցիալական ծրագրի շահառուներն իրազեկված չեն այն ծառայություներից, որոնք նախատեսված են նրանց համար: Օրինակ՝ տեղյակ չեն եղել, որ կարող են հաշվառվել իրենց բնակության վայրին մոտ պոլիկլինիկաներում եւ օգտվել առողջապահական ծառայություններից: Սոցիալական այլ աջակցություններից օգտվելու դժվարությունները նույնպես քննության են առնվել Մարդու իրավունքների գրասենյակի կողմից եւ ներկայացվել իրավասու մարմիներին: Ըստ Տաթեւիկ Թոխյանի, դրանք եղել են օրենսդրական եւ տեխնիկական բնույթի: Արցախցիները դժգոհել են, որ չեն կարողացել օգտվել էլեկտրոնային եղանակով դիմում գրելու եղանակից, ինչի հետեւանքով զրկվել են իրենց հասանելիք օգնություններից:

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ 300 հազար դրամ աջակցության վերաբերյալ էլ բողոքներ են ստացել այն մասին, որ այդ ցանկում չեն ներառվել օրինակ՝  Բերձորի եւ Լիսագորի բնակիչները, այնինչ նրանց բնակավայրերը նույնպես Ադրբեջանի վերահսկողության տակ է: Նշենք, որ 300 հազար դրամ աջակցությունը տրվում է այն արցախցիներին, որոնց բնակավայրերը ադրբեջանցիների վերահսկողության տակ են անցել: Տեխնիկական խնդիրների պատճառով էլ Հադրութի շրջանի Ուխտաձոր համայնքի բնակիչները զրկվել են աջակցությունից, որովհետեւ համայնքի անունը համակարգում «ղ» տառով է գրված եղել: Մեկ այլ խոչընդոտ էլ անհայտ կորած կամ մահացած ճանաչելու օրենքով նախատեսված ժամկետն է եղել, երբ այդպիսի անդամներ ունեցող ընտանիքները ստիպված պետք է լինեն մեկ տարի սպասել՝ մինչեւ անձը դատական կարգով մահացած կճանաչվի: Մինչ այդ ընտանիքը չի կարող օգտվել որեւէ աջակցությունից: Այս ժամկետն, ըստ Տաթեւիկ Թոխյանի, կրճատվեց դառնալով երեք ամիս, որից հետո տվյալ անձի հարազատները կարող են դիմել եւ մահացած ճանաչել: Նրա խոսքով, բաց է մնում քաղաքացիական անձ հանդիսացող անհայտ կորածների խնդիրը: Նրանք չեն հանդիսանում ոչ մի միջոցառման շահառու:

Ի պատասխան, Անահիտ Գալստյանն ասաց, որ տեխնիկական խնդիրների մեծ մասը շտկվել են եւ համակարգը գրեթե անխափան աշխատում է. «Այնպես չէ, որ այս պահին խնդիր չկա, բայց խնդիրները մեծ մասամբ լուծվել են: Եթե կան մարդիկ, որոնք տվյալները լրացնելու հետ կապված խնդիրներ են ունեցել, թող դիմեն Արցախի շտաբ, սոցիալական ծառայության տարածքային բաժիններ, որտեղ նրանց հարցերը լուծում կստանան»:

300 հազար դրամ աջակցության վերաբերյալ էլ, սոցապնախարարության ներկայացուցիչն ասաց, որ Ադրբեջանական վերահսկողության տակ անցած գյուղերի ցանկը պետք է Արցախի տարածքային նախարարությունը տրամադրի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031