Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզի մի քանի համայնքների վարչական ղեկավարներ, տեղակալներ, դպրոցի տնօրեններ՝ որպես կամավորական, մեկնել էին պաշտպանելու հայրենիքը ու Շուշիի շրջանի Հին Շեն բնակավայրի մոտ 5 օր է՝ հայտնվել էին շրջափակման մեջ։
Նրանց հաջողվել է դուրս գալ շրջափակումից։ Այս մասին գրառում է կատարել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը։ Պատգամավորը տեղեկացրել է․ «Հին Շեն և Նոր Շեն գյուղերի տարածքում Շիրակի մարզից մեկնած կամավորների հարցը կարգավորվեց»։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն էլ քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հստակեցրեց, որ խոսքը Խծաբերդի հատվածում գերեվարվածների մասին չէ, այլ Հին Շեն բնակավայրում զինվորական ծառայություն իրականացնող մեր մարզի բնակիչների մասին է, որոնք հայրենիքի պաշտպաններ են։
«Եղել են շրջափակման մեջ, կիրակի օրը, երբ ուղղակիորեն Հին Շեն տանող ճանապարհը փակվել էր, բայց, ինչպես գիտեք, ճանապարհը բացվել էր, չնայած այնտեղ դիրքեր ունեինք, որոնց հասանելիությունը մինչև այսօր բարդ էր։ Այդ խնդիրն իրապես կար, այսօր արդեն լուծվում է այն»,-ասաց մարզպետը։
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով, այս հարցում մեծ դերակատարություն ունեն ռուս խաղաղապահներն ու Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ