Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Սամվել Գեւորգյանը, վերլուծելով Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում մեր երիտասարդ ըմբիշների մասնակցությունը, նշում է, որ նրանց պակասում է մրցափորձի պակասը: «Օրինակ, գերծանր քաշային կարգում Դավիթ Օվասափյանը, որը աշխարհի երիտասարդների մրցանակակիր է, Բելգրադում մարզիչներիս հաճելի անակնկալ մատուցեց իր գոտեմարտով, փորձի պակաս ունի: Մենք գտնում ենք, որ նա եւ մյուս երիտասարդները պետք է ավելի շատ միջազգային մրցաշարերի մասնակցեն: Մենք այսօր Դավիթի համար ստեղծել ենք տեղում մարզվելու լավ պայմաններ:
Հրավիրել էինք հայ մարզասերներին քաջածանոթ Յուրի Պատրիկեեւին: Նա Դավիթի համար մարզումային մրցակից էր եւ մի քանի ամսվա մարզումները ցույց տվեցին, որ արդյունքը նկատելի է: Մենք, ընդհանուր առմամբ, մարզումային զույգերի խնդիր ունենք: Թեկուզ Արթուր Ալեքսանյանի համար: Արթուրը մարզվելիս արժանի մրցակցի կարիք ունի: Դրա համար միշտ դրսից էինք զույգ հրավիրում: Բայց այս անգամ COVID-ի ու պատերազմական պայմանների պատճառով ոչ կարողացանք մեկնել արտագնա մարզումների ու մրցումների, ոչ էլ դրսից մարդ հրավիրել»,-ասաց հավաքականի մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ