Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկան խանգարման եզրին ենք հասել, 8 զոհ ունենք, մեկ գերի». Լիլիթ Արզումանյան

Դեկտեմբեր 18,2020 16:47

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը միացել է Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ եւ այլ կրթական հաստատությունների կոչին` պահանջելով ՀՀ վարչապետի հրաժարականը: Aravot.am-ը Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Արզումանյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ բուհի վարչական և դասախոսական կազմը, այդ թվում գիտության դոկտորներ, պրոֆեսորներ, ՀՀ ժողովրդական և ՀՀ վաստակավոր արտիստներ (120 ՀՀ քաղաքացի) միացավ այդ կոչին` պահանջելով վարչապետի հրաժարականը:

«Նախ միացանք, որովհետեւ այսպես ապրելը դարձել է անտանելի: Դասախոսական կազմը լուրջ հոգեկան խանգարման եզրին է հասել, այստեղ բոլորը զգացմունքային մարդիկ են, հիմնականում արտիստներ են, որոնք այլեւս չեն դիմանում: Այսպես շարունակել չի կարելի: Ընդհանուր իրավիճակը մեզ մղեց դրան, որ կոչով հանդես գանք:

Երբ տեսնում ես իրենց երեխաների դիակները փնտրող ծնողներին, տեսնում ես ինչպես են դռներն ընկած ու անտերության մատնված, երբ տեսնում ես մոլորված ուսանողներին, քիչ է մնում խելագարվես…Մենք 8 զոհ ունենք, մեկ գերի …Բնականաբար մարդ ենք ու չենք դիմանում… 2,5 կես ամիս այս հոգեկան ծանր բեռի տակ ապրում ենք, ու մի օր պե՞տք է պոռթկա դա, թե՞ ոչ:

Ընդհանուր պահանջ էր: Ընդ որում, չեմ կարծում, թե 120 հոգին ամբողջ թիվն է, պարզապես երեկ պահը հասունացավ, եւ ով ներկա էր՝ նա էլ միացավ կոչին: Բայց կարող են լինել նաեւ դասախոսներ, որոնք նույնպես կցանկանան միանալ, ինչպես այսօր եւս 2 հոգի նման ցանկություն հայտնեցին»,-ասաց տիկին Արզումանյանը:

Նրա խոսքով. «Այսօր հանրապետությունը գտնվում է աննկարագրելի ծանրագույն վիճակում, եւ ժողովուրդը չի հանգստանում, քանի դեռ անիշխանություն է երկրում, ու հանգուցալուծում պետք է լինի: Իսկ հանգուցալուծումը կարող է լինել միայն վարչապետի հրաժարականով՝ այլ տարբերակ չենք տեսնում: Մենք կարծում ենք, որ այսօր միայն պրոֆեսիոնալները կարող են երկիրը ծանրագույն վիճակից հանել, ու անհրաժեշտություն չկա կազմակերպել նոր ընտրություններ, թե չէ կստացվի` հիմա մեզ միայն կուսակցությունների քայլարշավներն են պակասում, որպեսզի տրագիկոմեդիայի պատկերն ամբողջանա: Այսօր մեզ անհրաժեշտ է պրոֆեսիոնալների ժամանակավոր կառավարություն, որը գուցե կարողանա ինչ-որ ձեւով կարգավորել իրավիճակը»:

Լիլիթ Արզումանյանի ձեւակերպմամբ, այսօր բազմաթիվ մարդիկ կան, որոնք ի վիճակի չեն փողոց դուրս գալ առողջական եւ այլ պատճառներով, բայց դա չի նշանակում, որ նրանք համակերպվել են այս իրականությանը եւ չեն պահանջում վարչապետի հրաժարականը:

Նա նաեւ մտահոգված է մեր սահմանների անտրամաբանական վերաձեւմամբ, որը նույնպես անտերության է մատնված. «Ո՞ւմ գնաս հարցնես, պատասխաններն ումից ստանանք, երբ երկրում անիշխանություն է»:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը նաեւ հարց է ուղղում ԱԺ իմքայլական պատգամավորներին. «Ամեն մարդ ինքն է կերտում իր կենսագրությունը, դուք այս երկրում ապրելո՞ւ եք, թե՞ ոչ, ի՞նչ երեսով եք ապրելու, ինչո՞ւ եք հարամում ձեր կենսագրությունը: Նստեք, մի բան որոշեք, վերջապես հասկացեք, որ չի կարելի այսպես շարունակել: Ջայլամի նման գլուխներդ մտցրել եք ավազի մեջ, չե՞ք տեսնում, թե ինչ է կատարվում երկրում, կարելի է՞ լինել այդքան անհայրենիք, մենք հավերժական այս ճգնաժամի մե՞ջ ենք լինելու, դուք փողոց դուրս չե՞ք գալու, մարդկանց երեսին չե՞ք նայելու…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031