Մեդիափորձագետ Արթուր Պապյանի փաստմամբ՝ սոցցանցերում տարբեր ռեսուրսներ կան, որտեղ գերիների հետ կապված բովանդակություն է տարածվում:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում նա հայտնեց՝ ֆեյսբուքյան խմբեր կան, տելեգրամում կան մեկ-երկու ալիքներ, ինչ-որ դեպքերում մարդիկ նման բովանդակություն են ստեղծում, տարածում՝ ունենալով լավագույն նկատառումներ, մտածելով՝ այդպիսով օգնում են հարազատներին: Լինում են՝ հրապարակվում են ադրբեջանական ռեսուրսներում, որոնցից վերցնում են հայ օգտատերերը և իրենք էլ տարածում սոցցանցերում: Ըստ Արթուր Պապյանի՝ բովանդակությունը շատ դեպքերում դժվար է հասկանալ՝ որն է թարմը, որը հինը, որը կրկնվում է, շատ, քիչ է իրականացվում լուրջ աշխատանք:
Այդ բովանդակությունը երբեմն կարող է վնասել բանակցություններին և այլ գործընթացների: Այս առիթով Արթուր Պապյանն ասաց. «Կարմիր խաչի հրապարակած սկզբունքները, Ժնևի կոնվենցիայի սկզբունքներն արգելում են այդ բովանդակությունը: Իզուր չէ արված դա: Կան պատճառներ: Երկրորդ հանգամանքն այն է, որ գոյություն ունեն լրագրողական սկզբունքներ, որոնք ենթադրում են փաստերի ստուգում, կողմերի հետ քննարկումներ, «մի վնասիր» սկզբունքը: Մենք հաճախ տեսնում ենք՝ սոցցանցերը չմիջնորդավորված մեդիաներ են, մարդիկ ում խելքին ինչ կոնտենտ փչի՝ տեղադրում են: Ուստի այս վիճակը հանգեցնում է խնդիրների: Երբեմն լրագրողներն էլ են վերցնում հրատապության քողի տակ տարածում, և այդպիսով մի շարք մասնագիտական խնդիրներ անտեսվում են»:
Ըստ Արթուր Պապյանի՝ անգամ եթե այդ տեսանյութերի տարածումը հարազատին գտնելուն են միտված, միևնույն է, դրանք վտանգավոր են. «Օրինակ՝ ինչ-որ դեպքերում տեսնում ենք՝ գերիներն ինձ համար անհասկանալի պատճառներով արժանանում են հանրային պարսավանքի: Ասում են՝ ինչո՞ւ եք գերի հանձնվել, դուք ի՞նչ զինվոր եք: Հերիք չէ այդ մարդիկ տրավմա են ապրել, մի հատ էլ հասարակական, հանրային պարսավանքի են արժանանում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ