Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը եւ Սամվել Գեւորգյանը գնահատելով Բելգրադում անցկացված Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում մեր տղաների մասնակցությունը՝ ասացին, որ փորձել են լավագույն ձեւով հանդես գալ:
Գեւորգ Ալեքսանյանը նշեց, որ նախապատրաստական փուլը իրենց նախագծած ձեւով չի անցել: «Պլանավորած ունեինք միջազգային մրցաշար, որից հետո արտերկրում ուսումնամարզական հավաք, ինչը շատ կարեւոր էր այս մրցմանը պատրաստվելու համար: Բայց պատերազմական վիճակը խանգարեց եւ մենք չկարողացանք մեր պլանով շարժվել: Ստիպված եղանք բավարարվել նրանով, ինչ կար մեր ձեռքի տակ»,-ասաց նա:
Մարզիչները նշեցին, որ մի քանի քաշային կարգերում ըմբիշների մրցելույթներն իրենց չեն գոհացրել: Նրանց խոսքով, 67 կգ Սլավիկ Գալստյանից ավելի մեծ սպասելիքներ ունեին, սակայն նրա զբաղեցրած 3-րդ տեղից գոհ են: Ինչ վերաբերում է Մալխաս Ամոյանին, թեեւ նա վերջին գոտեմարտում չկարողացավ իր գրոհը մինչեւ վերջ հստակ իրականացնել, սակայն Մալխասի ցավալի պարտության մեջ նաեւ մրցավարությունը որոշակի դեր կատարեց: Որքան էլ չէին ցանկանում, սակայն մարզիչները չկարողացան շրջանցել սուբյեկտիվ մրցավարության հարցը, ինչը ըմբշամարտում վաղուց կա:
Նրանց խոսքով, անարդար վարվեցին նաեւ Կարապետ Չալյանի եւ Արթուր Ալեքսանյանի հետ: Ի դեպ, պարզվեց, որ Արթուր Ալեքսանյանն արդեն Սերբիա ժամանելու օրը առողջական որոշակի խնդիրներ է ունեցել՝ գրիպոզ վիճակ: Կարծել են, թե կորոնավիրուս է, սակայն մրցավայրում հանձնած թեստի պատասխանը բացասական է եղել: Այդուհանդերձ, ընդհանուր թուլության պատճառով էր նաեւ մեկնարկային գոտեմարտում ռուս մրցակցին պարտվելու պատճառը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ