Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռազմական բժիշկն անմահացավ պատերազմի 40-րդ օրը՝ պայքարելով մինչև վերջ. մերօրյա հերոսները. Արամայիս Հայրապետյան

Դեկտեմբեր 18,2020 15:39

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Մերօրյա հերոսները. Արամայիս Հայրապետյան

ՀՀ պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի տարբեր տարիների պատվոգրերը, որոնք բժշկական լավագույն ծառայության մրցույթ-ստուգատեսում առաջին տեղը զբաղեցնելու համար ստացել էր բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանը, ընտանիքի անդամներն առանձնակի խնամքով են պահպանում:

Ճակատագիրը, սակայն ևս մեկ՝ կյանքի և մահվան դեմ պայքարի ստուգատես էր պատրաստել պատերազմում անմահացած հերոսի համար, որը նա անցավ պատվով և արժանապատվությամբ:

28 տարեկան ռազմական բժիշկը Կոտայքի մարզի Զովունի գյուղում է ծնվել: Երեք տարի մասնագիտական պարտքը կատարել է Մարտունիում։ Այս տարի էր տեղափոխվել Երևան, քանի որ ընդունվել էր ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա. ապագա քիթ-կոկորդ-ականջաբան էր: Մայիսը, ինչպես նրան դիմում էին ընտանիքում, նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։ Հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը՝ փոխելով շատերի կյանքի ընթացքը:

«Երբ Արցախում գտնվող ընկերներից իմացավ իրավիճակի լրջության մասին, հավաքեց անհրաժեշտ իրերն ու սպասում էր առաջնագիծ մեկնելու հրամանին: Սպասելը Մայիսի համար չէր. սկզբում գնում է Երևանի հոսպիտալները, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել, հետո ընկերների հետ դիմում գրեցին, որ նրանց ուղարկեն այն զորամասերը, որտեղ աշխատել են: Ոչ ոք չգիտեր, որ կամավորագրվել են»,- պատմում է հերոսի քույրը՝ Հասմիկ Հայրապետյանը:

Սեպտեմբերի 30-ին ընտանիքի անդամներին տեղեկացնում է, որ մեկնում է Մարտունի՝ կատարելու բուժծառայության պետի պարտականությունները: Ասել է, որ այնտեղ շատ է պետք, ամեն մանրուք գիտի, տղաներին չի կարող մենակ թողնել, պետք է գնա։
Ղարաբաղը հրաշք երկիր համարող Արամայիսն ապագա կնոջը խոստացել էր, որ կվերադառնա և հարսանիքից հետո կյանքի ընկերոջը կտանի ու կծանոթացնի Արցախին: Սակայն երիտասարդ զույգի նպատակներն ու երազանքները, ցավոք, անկատար մնացին…
Ռազմաճակատ մեկնելու նախապատրաստական չորս օրվա ընթացքում ռազմական բժիշկը հասցրել է մեծ քանակի դեղեր հավաքել ընկերների և համագյուղացիների օգնությամբ:

Արցախում հոկտեմբերի 1-ից սկսած օր ու գիշեր կատարել են վիրավորների դուրս բերման ու տեղափոխման աշխատանքը:
«Պատերազմում իր հետ եղած բժիշկներից եկել էին մեր տուն, պատմում էին, որ եղբայրս հանգստանալու և քնելու ժամանակ չի ունեցել»,- մանրամասնում է Հասմիկը:

Արամայիս Հայրապետյանին խորը ցավ է պատճառում ընկերոջ՝ ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի մահը, որին, ցավոք, չի հասցրել բժշկական օգնություն ցույց տալ, ինչը հոգեբանորեն ծանր ազդեցություն է ունեցել նրա վրա:

Ընկերները պատմում են, որ վիրավորների հերթական խմբին օգնելիս շտապօգնության մեքենան պայթեցվել է: Նրա հետ եղած բժիշկն ու վարորդը զոհվել են, իսկ նա ստացել է վիրավորում: Երկու շաբաթ հաղթահարելով մեջքի սաստիկ ցավերը, շտապել է առաջնագիծ՝ մասնագիտական պարտքը կատարելու:

Արամայիս Հայրապետյանը թեժ մարտերի ժամանակ կրակահերթի տակ տեղափոխել է շատ ու շատ վիրավորների, օգնել է կռվի դաշտից դուրս բերել բազմաթիվ անմահացած հերոսների մարմինները։ Ընկերները փաստում են՝ Արամայիսը փրկել է բազմաթիվ զինվորների, սպաների ու կամավորների կյանքը: Նրանց մեծ մասն առողջացել են, մյուսները շարունակում են իրենց բուժումը՝ ստանալով նոր կյանքի հնարավորություն և շնորհակալ լինելով անմահացած բժշկին՝ նրան կատարած մասնագիտական ու մարդկային սխրանքների համար։

Հանուն հայրենիքի ու մյուս մարտիկների կյանքերի փրկության համար կյանքը զոհած հերոսն անմահացավ պատերազմի 40-րդ օրը՝ պայքարելով մինչև վերջ: Նենգ թշնամու կողմից դարանակալված չարաբաստիկ ականը չխնայեց նրան։ Հարազատներն ու ծանոթները վստահ են, որ նրա փրկած կյանքները կշարունակեն իր կիսատ թողած գործն ու առաքելությունը:

Դեկտեմբերի 17-ին լրացավ Արամայիս Հայրապետյանի մահվան 40-րդ օրը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031