Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելացրել է ահաբեկչության տարածման ռիսկերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, որը տեղի է ունենում տեսակոնֆերանսի ձևաչափով:
«Մենք բոլորս անհանգստանում էինք Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտության պատճառով, որում ներգրավված են մեզ բարեկամ պետություններ՝ ԱՊՀ անդամներ Ադրբեջանն ու Հայաստանը»,- ասել է Պուտինը: Նրա կարծիքով՝ «տեղի ունեցած զինված բախումները հանգեցրին բազմաթիվ մարդկային կորուստների, սրեցին առանց այն էլ բարդ իրավիճակն Անդրկովկասում ընդհանուր առմամբ, ավելացրին ահաբեկչական սպառնալիքների տարածման վտանգը»:
Պուտինը հիշեցրել է, որ «Ռուսաստանը ձեռնարկել է որոշակի միջնորդական ջանքեր՝ Լեռնային Ղարաբաղի գոտում արյունահեղությունը կանգնեցնելու, կրակի լիարժեք դադարեցման հասնելու և կայունացման գործընթաց սկսելու համար: «Ընդ որում, մենք փորձել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, մասնավորապես նրա համանախագահների՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված առանցքային պայմանավորվածություններին»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները հետևողականորեն իրականացվում են, շփման գծում տեղակայված խաղաղապահներն անում են ամեն բան, իրավիճակի նոր սրում թույլ չտալու համար:
Պուտինը նշել է, որ «այժմ միջազգային հանրության և ԱՊՀ երկրների առջև կարևոր խնդիր է դրված մարդասիրական խնդիրների լուծման համար օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, որոնք կապված են, այդ թվում փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների վերականգնման և պաշտպանության հետ»:
Կարդացեք նաև
Եվս մեկ «լուրջ մարտահրավեր, որի հետ ստիպված ենք եղել բախվել ընթացիկ տարում», ըստ Պուտինի, եղել է «ԱՊՀ անդամ որոշ երկրների ներքին գործերին դրսից միջամտության՝ իրենց բնույթով աննախադեպ փորձերը»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ