Բաքուն պետք է Արցախում ռազմական հանցագործությունների համար պատասխանատվություն կրի. այս կարծիքին է Segodnya.ru պորտալի գլխավոր խմբագիր, ռազմական թղթակից Յուրի Կոտենոկը: Լրագրողը, հիշեցնենք, ծանր վիրավորվել էր Շուշիի Ղազանչեցոց տաճարի հրթիռակոծման ժամանակ:
Լրագրողի պնդմամբ, հայկական կողմը բավական մեծ թվով գերեվարվածներ ունի Ադրբեջանում: Նա վստահ է, որ ՌԴ-ն, ռուս խաղաղապահները կօգնեն այդ մարդկանց վերադարձնելու հարցում: Իսկ Ադրբեջանում գերիների նկատմամբ վերաբերմունքը համարում է բարբարոսություն եւ պնդում, որ Ադրբեջանը ռազմական հանցագործություններ է կատարում:
Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի սրահում, լրագրողների հետ զրույցում, ռուս լրագրողն անդրադառնալով կատարվածին՝ ասաց. «Ցավը մեծ է, հիասթափություն կա, բայց դա չի փոխում իմ վերաբերմունքը Արցախի հանդեպ»:
Իսկ իր հետ կատարված դեպքի մասին հիշում է. «Մենք մտանք տաճար, կեսօր էր: Նկարահանեցինք հանցագործության ապացույցները: Այդ ժամանակ հասցվեց երկրորդ` նպատակային հարվածը: Կառավարվող զինամթերքը թռավ առաջին հարվածից գոյացած փոսի մեջ: Ուժեղ պայթյուն եղավ, ես ծանր վիրավորվեցի եւ մի քանի մետր այն կողմ թռա: Ապա սկսվեց իմ տարհանումը, ինձ հանեցին փլատակների տակից, ուղարկեցին Ստեփանակերտ, հետո՝ տեղափոխեցին Երեւան»:
Կարդացեք նաև
Լրագրողը Բաքվի կողմից իրագործված ռազմական հանցագործություն է որակում նաեւ եկեղեցու վրա հարձակումը: Նա կարծում է, որ ջանքեր պետք է գործադրվեն, որպեսզի միջազգային հանրությունը զբաղվի Շուշիի մշակութային արժեքների, նաեւ եկեղեցու պաշտպանությամբ, թվում` խաղաղապահների միջամտության միջոցով:
Ռուս լրագրողը շնորհակալ է հայ բժիշկներին՝ իր կյանքը փրկելու համար: Ասաց, որ բուժման վերջին փուլում է գտնվում, շուտով կվերադառնա ՌԴ:
Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերի՝ Շուշի քաղաքին, մասնավորապես՝ Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հասցված երկրորդ օդային հարվածի հետևանքով վիրավորվել էր ռուս 3 լրագրող, նրանից Յուրի Կոտենոկի վիճակը ծանր էր:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ