Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի դեռ Փաշինյանի թիմը համոզված է, որ կենթարկվի դատաստանի՝ չի գնա, մենք էլ կկործանվենք». Թաթուլ Հակոբյան

Դեկտեմբեր 18,2020 12:51

«Սա տվող իշխանություն է, որն այլեւս ոչինչ չի կարող անել: Ստորագրվել է կապիտուլյացիոն փաստաթուղթ: Հայ ժողովուրդն օր առաջ պետք է խելքի գա, այլապես կկորցնենք ամեն ինչ»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով փաստին, որ Արցախի հարցով եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակում է խախտել դրա կետերը եւ տարածքային հավակնություններ ներկայացնել ոչ միայն Արցախին, այլեւ ՀՀ-ին՝ ասաց լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ գործող իշխանությանը ժամ առաջ պետք է հեռանա եւ հնարավորություն տա նոր ընտրություններով, ոչ թե փողոցի հեղաշրջմամբ, ձեւավորել նոր իշխանություն, որը կունենա երես, ամոթ ու կկարողանա բանակցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ:

«Հիմա շատերի համար անընդունելի է Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցելը: Դե մի գնացեք, թող ռուսներն ու ամերիկացիները բանակցեն այնպես, ինչպես ուզում են, հետո մեզ կկանգնեցնեն կոտրած տաշտակի առաջ, ինչպես եղել է մեր պատմության վերջին հարյուր տարում»,-նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ունենք ապաշնորհ իշխանություն, եւ այն «բարդակը», որը ստեղծել է Նիկոլ Փաշինյանը, նախկինում որեւէ մեկը չի ստեղծել. «Նույն «բարդակը» նաեւ Արցախում է: Կենտրոնանում ենք Փաշինյանի վրա, բայց մեղմ ենք վերաբերվում Արայիկ Հարությունյանին եւ նրա թիմին: Նրանք էլ պետք է պատասխանատվություն կրեն, այդ թվում՝ պատմական պատասխանատվություն»:

Թե ինչպես պետք է հայկական կողմը դուրս գա այս իրավիճակից, Թաթուլ Հակոբյանը նշեց. «Փաշինյանն ասում է՝ ես պատասխանատու եմ, բայց առաջին մեղավորը չեմ, բա ո՞վ է մեղավոր…ՀՀ-ն տապալեց Արցախի պաշտպանությունը: Այս իշխանությունը թքած ունի ամեն ինչի վրա, նրանց հետաքրքրում է միայն աթոռ: Փաշինյանը եւ նրա թիմը, որ հիմա մկան ծակերն են մտել, թող չմտածեն, թե պատասխանատվության չեն ենթարկվելու: Նրանց բոլորին հումանիտար միջանցք պետք է տրվի: Կառչել են աթոռներից, որովհետեւ հասկանում են՝ դանակը խրել են մինչեւ վերջ ու հետ քաշելու տեղ չեն թողել: Այս իշխանությունն ընտրված աղետ է, մեր ընտրած աղետը, որին հումանիտար միջանցք պետք է տանք, որպեսզի գնան որեւէ տեղ ու թողնեն, որ ՀՀ-ն շունչ քաշի: Քանի դեռ նրանք համոզված են, որ ենթարկվելու են դատաստանի, չեն գնա, մենք էլ կկործանվենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031