Քանի որ գործող իշխանություններից որեւէ մեկը չկա, ումից կարելի է որեւէ բան ճշտել, դիմեցինք նախկին իշխանությունների ներկայացուցիչներին՝ խոսեցինք Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվանից ՊՆ ներկայացուցիչներ են եկել, շրջել են դիրքերում՝ քարտեզներով, եւ փոխանցել են ՊՆ-ի հրամանը, որ պետք է նահանջել դեպի ԽՍՀՄ տարիներին գծված ադմինիստրատիվ սահման։ Իսկ երբ հետաքրքրվել են՝ ո՞վ է Սյունիքի անվտանգության երաշխավորը, պատասխան չի հնչել։
«Ասեմ ավելին․ էդ տեղում, որտեղ էսօր դիրքավորվել են, ծախսվել են ահռելի մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսներ, մատնանշել են նույն ՊՆ-ի ներկայացուցիչները դեռ մեկուկես ամիս առաջ։ Հարցին՝ կարո՞ղ է էստեղ սարքենք, հետո հետ նահանջենք, պատասխանել են, այդ թվում՝ գեներալներ, որ՝ «մենք մեր ուսադիրները կպոկենք եւ կնետենք աղբամանը։ Հիմա էդ նույն գեներալները եկել են ու առավոտյան հավաքել են աշխարհազորի հրամանատարներին եւ ասել են, որ պետք է նահանջել։ Ժամանակ է տրված մինչեւ դեկտեմբերի 18-ի երեկոյան 5-ը»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարությունը մինչեւ հիմա տեղյակ չէ, թե ինչով են մեկուկես ամիս սնվել այդ նույն խրամատում գտնվող ինքնակազմակերպված ջոկատների անդամները, ինչ են հագած։ «Այդ ամբողջը տեղի է ունեցել սյունեցիների հաշվին, Սյունիքում գործող հիմնարկների միջոցներով։ Այդ նույն միջոցներով այդ դիրքերում, որոնցից այսօր մեզ ստիպում են նահանջել, այնպիսի բլինդաժներ են կառուցել, որ ավիառումբերով չէին կարող էդտեղ ինչ-որ մի բան անել։ Բայց առանց ՊՆ-ի աջակցության, իհարկե, նույն աշխարհազորն էնտեղ երկար չի կարող մարտնչել, եթե ադրբեջանական բանակը վրա տա»,- ասաց Վահե Հակոբյանը։
Բայց ամենակարեւոր հարցն այսօր այն է, թե ով է Սյունիքի անվտանգության երաշխավորը։ Մեր դիտարկմանը, թե Սուրեն Պապիկյանն ասում է, որ ՀՀ սահմաններն ամուր են եւ մեր ԶՈւ-ի կողմից վերահսկելի, Վահե Հակոբյանն այսպես արձագանքեց․ «Սուտ է ասում Սուրեն Պապիկյանը։ Էսօր ՊՆ-ի որեւէ ներկայացուցիչ չկա այնտեղ։ Երեկ էլ Նիկոլ Փաշինյանը սուտ խոսեց, թե վերահսկում են իրավիճակը։ Իրենք ոչինչ չեն վերահսկում, իրենք ունակ չեն վերահսկելու»։ Հարցին, թե ելքն ինչպես է տեսնում, Հակոբյանն ասաց, որ ելքը բանակցողն է, նախեւառաջ պետք է բանիմաց բանակցող լինի, որ հասկանան՝ որտեղ պետք է բուֆերային զոնա լինի, որտեղ՝ չեզոք գոտի։ «Սա Հայկոոպի գարաժի պարիսպը չէ, սա պետության սահմանն է։ Բայց էս իշխանությունն ունակ չէ բանակցելու։ Ասեմ ավելին․ ես էստեղ միտում եմ արդեն տեսնում, միտումնավոր ինչ-որ դիրքեր են հանձնվում՝ առանց որեւէ դիմադրելու փորձի, դիվանագիտական դիմադրության մասին եմ ասում։ Եվ էդ միտումը երեւի կիմանա Փաշինյանը, թե ինչ է ինքը տողատակով ստորագրել Ալիեւի հետ»,- նկատեց Հակոբյանը։
Կարդացեք նաև
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: