Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում

Դեկտեմբեր 18,2020 10:51

Դեկտեմբերի 17-ին առցանց ձևաչափով ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակու­թային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմի­տեի 15-րդ նիստին որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակու­թային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի և Իրանի կող­մից համատեղ ներկայացված «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը:

Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը շնորհակալություն հայտնեց կոմիտեին «Սուրբ Թադեոս առաքյալի վանքի ուխտագնացությունը» հայտը Մարդկության ոչ նյու­թական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու որոշման համար:

Նա մասնավորապես նշեց, որ այս հայտը ցանկում գրանցելը հնարավոր դարձավ Իրա­նի հետ սերտ համագործակցության շնորհիվ:

Դեսպանն ընդգծեց, որ նախա­ձեռնությունը վկայությունն է Հայաստանի և Իրանի միջև ձևավորված ամուր բարե­կամական հարաբերությունների, ինչպես նաև՝ հանդուրժողականության և մշակութային բազմազանության խրախուսման արժեքներին երկու երկրների հավատարմության:

Ս. Թադեոս առաքյալի վանքի ուխտագնա­ցությունը Իրանում հայկական դարավոր մշակու­­թային ներ­կայության և շարունակակա­նության, մշակութային, կրոնա­կան ինքնա­տիպութ­յունը պահ­պանելու ջանքերի յուրօրինակ դրսևորումն է: Հատկանշական է, որ Ս. Թադեոս առաքյալի վանական համալիրը, Սուրբ Ստեփանոս նախավկայի և Ծործորի հայկական վանական համալիրների հետ մեկտեղ, դեռևս 2008թ. գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ԻԻՀ կողմից ներկայացված հայտի հիման վրա՝ «Իրանի հայկական վանական համալիրներ» անվամբ:

Տեղեկանք․ Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006թ. և այդ ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցել են «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014թ.), «Քոչարի. ավանդական խմբապար» (2017թ․) և «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» (2018թ.) տարրերը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031