Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեռնամուխ լինել իսկապես լայն կոնսենսուսով ժամանակավոր կառավարության և նոր վարչապետի շուրջ համաձայնության, որից հետո ոչ ոք դուրս չի գա փողոց». «Ժամանակ»

Դեկտեմբեր 18,2020 10:10

Հեղափոխությունից հետո Հայաստանում գերվստահության ցուցիչով էր նոր իշխանությունը, և անհամեմատ ցածր տոկոսների մատույցներում էին մյուս ուժերը: Այժմ ինչպիսին է իշխանության վստահության աստիճանը, պարզ չէ, չկան սոցիոլոգիական վստահելի տվյալներ:

Հաստատ նախկինը չէ, սակայն ինչքան է այժմ հաստատ՝ բարդ է ասել: Բայց կասկածից վեր է, որ մյուս ուժերի պարագայում տեղի չի ունեցել էական վարկանիշային փոփոխություն՝ վերև, թե ներքև: Ըստ այդմ, մենք կարող ենք ունենալ կա՛մ գործող իշխանության ավելի ցածր տոկոսներով առավելություն, կա՛մ պարզապես ոչ մի առավելություն և «կարկատան»: Դրանից հետո հնարավոր է պատկերացնել, թե քաղաքական ավանդույթների, ինստիտուտների բացակայությամբ, քաղաքական համակարգի չկայացածությամբ երկրում ինչպիսի գործընթաց է բռնկվելու կառավարության ձևավորման հարցում, կառավարող կոալիցիա ձևավորելու հարցում:

Ընդ որում, ներքաղաքական միտումները գնահատելով, շատ բարդ է ասել, թե Հայաստանը երբ դուրս կգա այդ «կարկատանային» ընտրական արդյունքի ռիսկի գոտուց: Մյուս կողմից, սակայն, անկասկած է նաև, որ Հայաստանը ռիսկի գոտում է պետականության համար ողնաշարային նշանակության հարցում պատերազմ պարտված ժամանակաշրջանի քաղաքական մեծամասնության գործունեությունը շարունակելու դեպքում էլ, և նոր իշխանության ձևավորման հարցը հրատապ է: Եվ այստեղ է, որ կոնսենսուսային կարող է լինել ժամանակավոր կառավարության լուծումը, երբ խորհրդարանը չի վերածվում «կարկատանի», փոխարենը քաղաքական փոխհամաձայնությամբ ձևավորվում է նոր կառավարությունը, որը բարվոք միջավայրում փորձում է խելքի բերել պետությունն ու հանրությունը, ուշքի բերել բոլորին, ձևավորելով նաև ապագա ընտրության այնպիսի միջավայր, որն այլևս նվազագույնի կհասցնի «կարկատանային» արդյունքի հավանականությունը:

Մեծ հաշվով, թվում է, որ սա այն է, ինչ ասում է 17-ի ձևաչափը: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ 17-ի ձևաչափը պարտադրում է վարչապետի իր թեկնածուին, այն դեպքում, երբ երկրի քաղաքական գունապնակը չի սկսում ու ավարտվում 17-ի ձևաչափով, հետևաբար՝ վարչապետի և ժամանակավոր կառավարության թեկնածության հարցում պետք է լինի լայն փոխհամաձայնություն, որ հաջորդիվ երթերով ու ցույցերով փողոց դուրս չգան այլ քաղաքական հայացք ունեցողներ կամ քաղաքացիական կեցվածք ունեցողներ: Ահա այստեղ է, որ անզիջում դիրքը վկայում է այն մասին, որ խնդիրը բոլորովին իրավիճակի հանգուցալուծումը չէ, այլ իշխանություն վերցնելու պատեհությունը: Միաժամանակ այստեղ է նաև, որ կառավարող մեծամասնությունն էլ պետք է հայտնի իր փոխզիջումային պատրաստակամությունը, չհայտնվելով լոկ իշխանություն պահելու խնդրի շրջանակում: Այդ ամենից է, որ պետք է հրաժարվել և ձեռնամուխ լինել իսկապես լայն կոնսենսուսով ժամանակավոր կառավարության և նոր վարչապետի շուրջ համաձայնության, որից հետո ոչ ոք դուրս չի գա փողոց, ամենքը, այդ թվում՝ կառավարությունը, կզբաղվեն իրենց առօրյա գործով, անելիքով, ամեն մեկն իր տեղում, մինչև կգա ժամանակը, և բոլորը կգնան ընտրատեղամասեր:

Արամ ԱՄԱՏՈւՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031