Դեկտեմբերի 17-ին Կապանում անցկացված բողոքի ցույցի ժամանակ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզվել է։ Հիշեցնենք, որ բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին հստակեցում, թե ինչպես է սահմանազատվելու հայ–ադրբեջանական սահմանը Սյունիքի հատվածում։
Մեր աղբյուրների տեղեկացմամբ, սահմանամերձ գյուղերից շտապ օգնության ավտոմեքենան վիրավորներ էր տեղափոխում եւ տվյալ հատվածը անանցանելի էր։ Մինչեւ կբանակցեին ցուցարարների հետ՝ ճանապարհը բացելու համար, ուղեկցողներից մեկը օդ էր կրակել։ Տարածված տեղեկություններով՝ կրակողը Երկրապահների կամավորական միության անդամ էր «Դա կապ չուներ ակցիայի հետ, պարզապես օդ կրակեցին, որպեսզի մի քանի րոպեով բացենք ճանապարհը»,–ասաց ցույցի մասնակիցներից մեկը։
Ի դեպ, դեկտեմբերի 17-ի ուշ երեկոյան կապանցիները դադարեցրել են ցույցը՝ բացելով Կապան–Երեւան միջպետական «Սյունիք» օդանավակայանի հատվածով անցնող ճանապարհը։ Սյունիքի մարզպետն ու համայնքների ղեկավարները պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հանդիպումից հետո ցուցարարներին հավաստիացրին, որ ոչ մի մետր հող չի զիջվելու։
Միաժամանակ՝ դադարեցնելով բողոքի ցույցը՝ կապանցիները հայտարարել են, որ եթե պաշտոնատարների ասածները չհամապատասխանեն իրականությանը, չլուծվի սահմանակից համայնքների անվտանգության հարցը, ապա ավելի մասշտաբային ցույց են անելու եւ պայքարի այլ ձեւեր են ընտրելու։
Կարդացեք նաև
Արմեն ԴԱՎԹՅԱՆ