«Իշխանությունը, եթե խելք ունենար, Ռոբերտ Քոչարյանի անձնական կապերը կօգտագործեր ժամանակին ու տեղին եւ ոչ թե զբաղված կլիներ տունտունիկ խաղալով». «Առավոտի» զրուցակիցն է «Իրավական կրթություն եւ վերահսկողության» ՀԿ հիմնադիր, ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:
-Նախօրեին, Արայիկ Հարությունյանն, ըստ էության հայտարարեց, որ պատերազմի ժամանակ իր սահմանափակ իրավասությունների պատճառով, չի կարողացել գործընթացներին լիարժեք մասնակցություն ունենալ եւ, փաստորեն, մեղադրանքի սլաքներն ուղղեց Նիկոլ Փաշինյանի կողմը: Սա, նաեւ համացանցում հայտնված հայտնի ձայնագրությունը, նրան ազատո՞ւմ են պատասխանատվությունից՝ նկատի ունենալով, որ պատերազմական ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի որոշումներին ու գործողություններին հրապարակայնորեն չի հակադրվել, ավելին, խրախուսել է դրանք:
– Արայիկ Հարությունյանը հավասար պատասխանատվություն է կրում Նիկոլ Փաշինյանի հետ՝ այն ամբողջ գործընթացի համար, որը տեղի է ունեցել: Արայիկ Հարությունյանը կարող է ընդամենը փորձել որեւէ ձեւով իբր մեղմացնել մեղքի իր բաժինը՝ իրականությունը բացահայտելով: Այդ ձայնագրությունը, որեւէ կերպ Արայիկ Հարությունյանին չի ազատելու պատասխանատվությունից: Այլ հարց, որ արդեն կոնկրետ քրեական գործի շրջանակներում պետք է պարզել, թե՝ ով ինչ է արել եւ ով ինչ է թաքցրել: Բայց, որ Արայիկ Հարությունյանը՝ ձեռք-ձեռքի տված, Նիկոլ Փաշինյանի հետ կերտել է այս արծրունյան իրականությունը, դեռ մի բան էլ ինքը մասնակից է եղել՝ իր կոֆե-փարթիներով եւ մնացած բաներով, դա անհերքելի է: Հետեւաբար, հիմա պետք չէ չքմեղանալ: Դա ավելորդ է:
-Նա նաեւ ասաց, որ դուրս է գալիս քաղաքականությունից՝ ողջամիտ ժամկետում արտահերթ համապետական ընտրություններ կազմակերպելով: Ընդ որում, այս ձեւակերպումներն ավելի ուշ հայտնվեցին Արայիկ Հարությունյանի ուղերձում: Նախնական տարբերակում խոսվում էր՝ հրաժարականի մասին՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Ի՞նչ ճնշումներ են հավանական, որ գործադրվել են եւ ո՞ւմ կողմից:
Կարդացեք նաև
-Չեմ կարող ասել՝ ում կողմից է ճնշում գործադրվել. գուցե՝ Փաշինյան Նիկոլի, գուցե ինչ-որ կոմպրոմատային իրավիճակ է ստեղծվել: Բայց, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ նախ քաղաքականությունից դուրս գալն իրեն չի ազատելու՝ պետության, ազգի ու իր ժողովրդի նկատմամբ կատարած պատասխանատվությունից: Եվ երկրորդ, կարծում եմ, այնտեղ որոշակի հարցեր կան այն առումով, որ հիմա բարդ է ընտրություններ կազմակերպել Արցախում՝ մի շարք պատճառներով՝ սահմանների փոփոխությունից սկսած: Արցախում ուղղակի աղետ է այս պահին: Բացի այդ, նաեւ ընտրությունների տեղի ունենալուց մեկ տարվա ընթացքում նոր ընտրություններ չպետք է տեղի ունենան: Սա արդեն իրավական որոշակի արգելք է:
-Իր վերջին հարցազրույցում նոյեմբերի 9-ի հայտարարության ապահովման պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ դրեց ռուսական կողմի վրա՝ նկատի ունեմ թե Արցախի Հին Շենի Նոր Շենի, թե Հին Թաղերի եւ Խծաբերդի հետ կապված, թե Սյունիքում՝ հայկական սահմանների: Մենք չունե՞նք անելիք: Ի դեպ, ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով էլ այս ընթացքում բոլոր պատասխանները ռուսական կողմից են հնչել:
-Մենք անելիք, իհարկե, ունենք, բայց մենք պետություն չունենք եւ իշխանություն չունենք, որ այդ անելիքներն իրականացնեն: Նիկոլ Փաշինյանն, այսպես ասենք, պաթոլոգիկ սուտասան լինելուց բացի, պաթոլոգիկ ուրիշի վրա պատասխանատվություն գցող է: Բոլորը մեղավոր են, բացի իրենից: Այսինքն, ի՞նչ է նշանակում՝ ռուս խաղաղապահները: Ռուսական մամուլը, կարծում եմ, շատ ադեկվատ արձագանքեց Փաշինյանի այդ տհասությանը եւ այս տեսանկյունից, նրանք, փաստորեն, ավելի են պաշտպանում Հայաստանն ու Արցախը, քան այս երկրում իբր լեգիտիմ իշխանություն ունեցող, բայց աթոռի հետ ամուսնական դաշինք կնքած վարչապետը եւ իր իշխանական անմեղսունակների թիմը: Այո, մենք բազմաթիվ անելիքներ ունենք, բայց չենք կարող անել, քանի դեռ սա է նստած այստեղ:
-Համանախագահների՝ տարածաշրջան այցը, Ձեր գնահատմամբ, ինչո՞վ ամփոփվեց՝ նկատի ունենալով Ալիեւի «ընդունելությունը», համանախագահների՝ Ստեփանակերտ չայցելելը, Արայիկ Հարությունյանի՝ հանդիպման չեղարկումը եւ Հայաստանում կայացած հանդիպումները:
-Իրականում պետք է հասկանալ, որ շատ լուրջ իրադարձություններ են տեղի ունենում մեր շուրջը եւ Ալիեւի «ընդունելությունը» ցույց տվեց, որ Ալիեւը բացարձակապես իրեն կայսր է զգում է, այլեւս արհամարհում է Մինսկի խմբի ձեւաչափը: Կարծում եմ, այն ամենից հետո, ինչ տեղի է ունենում մեր շուրջը՝ Սյունիք, Զանգեզուր, համարում է, որ խնդիրը լուծված է. էլ ի՞նչ Մինսկի խումբ, ինչի՞ մասին է խոսքը, եթե բոլորը ստացել են այն ամենն՝ ինչ ուզում են, բացի Հայաստանից: Եվ այս տեսանկյունից, ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիպում է Արայիկ Հարությունյանի հետ՝ որ ի՞նչ անեն… Շատ տրամաբանական է, որ չհանդիպեցին: Հայաստանը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնում առաջիկա տարիներին, առհասարակ, պետականության կորստի եւ գոյություն ունենալու հետ կապված: Որքան էլ ցավոտ հնչի՝ դա այդպես է:
-Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանին տված վերջին հարցազրույցում ասաց, որ չի իմացել, որ պատերազմում պարտվում ենք:
-Նիկոլ Փաշինյանը չի կարող չիմանալ, որ պատերազմում պարտվում ենք: Իրեն բազմաթիվ անգամներ զեկուցվել է: Գլխավոր շտաբի պետի կողմից, հավանաբար՝ «էրատոյի» հրամանատարի կողմից եւս։ Ավելին ասեմ. երկու անգամ նա նաեւ հանդիպել է արտախորհրդարանական ընդդիմության հետ ու ասել է, թե ինչ խայտառակ ծանր վիճակ է ռազմաճակատում: Այսինքն, նա հստակ իմացել է, որ մենք պարտվում ենք եւ ներկայացրել է ռազմաճակատում իրավիճակը: Նա բոլոր մեր կորուստների մասին տեղեկացված եղել է: Պարզապես, այն պահից ի վեր, երբ առաջին շաբաթից հետո, ավարտվեց Արցախի համար պայքարը, Նիկոլ Փաշինյանը սկսեց իշխանության համար պայքարը: Եվ, իշխանության համար պայքարը, ինչպես տեսնում եք, շատ ավելի կատաղի, շատ ավելի «հերոսական» երանգներ ունի, քան հայրենիքի համար պայքարը: Նա իր աթոռի համար շատ ավելի ջերմեռանդորեն ու մոլեռանդ կերպով է պայքարում, քան հայրենիքի:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ դիվանագիտական, ապա առեւտրատնտեսական կապերի հաստատմանը: Ստեղծված իրավիճակում դա ինչի՞ կբերի:
-Ես, առհասարակ, վատ եմ վերաբերվում, այս պահին, դավաճանական իշխանության կողմից արված որեւէ հայտարարության: Ադրբեջանի ու Թուրքիայի հետ դիվանագիտական կամ առեւտրատնտեսական կապերի հաստատումը հաստատ Հայաստանի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը չէ ու չի էլ կարող լինել թիվ երկուսը, կամ թիվ տասը: Այդ մասին պետք է որոշում կայացվի, եթե առհասարակ երբեւէ այդպիսի որոշում կկայացվի, բայց ոչ հիմա ամենեւին եւ ոչ դավաճանի կողմից, ով իրականում Ադրբեջանի եւ Թուրքիայի դեսպանն է Հայաստանի հանրապետությունում:
-Իշխանությունը մտադիր է սգո օրերին դեպի Եռաբլուր երթ անցկացնել, զոհվածների մայրերը, տարբեր ընդդիմադիր գործիչներ հայտարարում են, որ ճանապարհը փակելու են՝ թույլ չտալով Նիկոլ Փաշինյանին ոտք դնել Եռաբլուր: Բախումները կամ քաղաքացիական պատերազմը, ինչի մասին խոսեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, անխուսափելի՞ են:
-Նիկոլ Փաշինյանն ինքն է հրահրում քաղաքացիական բախումներ: Նա գիտի, որ ինքը արյան պատասխանատուն է, նա գիտի, որ ինքն այդ մարդկանց մահվան պատասխանատուն է, նա է մահվան տարել, իր ընտանիքն է մահվան տարել այդ մարդկանց՝ իրենց չհավասարակշռված, իրենց անպատասխանատու, տգետ, փառասիրական որոշումներով եւ հիմա, փորձում են գնալ այնտեղ, իբր հարգանքի տուրք մատուցելու: Անաստված պետք է լինես, որ նման որոշում կարողանաս կայացնել: Իրականում, նա դա անում է, որպեսզի բախում հրահրի զոհվածների մայրերի եւ ոստիկանների միջեւ: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը թույլ չի տա, որ զոհվածների մայրերը, որեւէ ձեւով այդտեղ իրենց վատ զգան: Իրականում, կարծում եմ նաեւ, որ ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, խուսափելու է գնալ արդյունքում՝ հասկանալով, թե իրեն ինչ է սպասվում:
-Ռոբերտ Քոչարյանի, թեկուզ, անձնական նպատակներով, ինչպես ասվեց երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ, Մոսկվա կատարած այցը ներհայաստանյան զարգացումների վրա ի՞նչ ազդեցություն կթողնի:
-Կարծում եմ, Ռոբերտ Քոչարյանի այցի հետ կապված երկրորդ նախագահի գրասենյակը մեկնաբանել է: Դրա համար կարծում եմ չարժե կռահել ինչ կամ ինչպես կազդի։ Եթե մենք նորմալ իշխանություն, ունենայինք, Ռոբերտ Քոչարյանի անձնական կապերը կօգտագործվեին ժամանակին ու տեղին եւ ոչ թե զբաղված կլինեին տունտունիկ խաղալով:
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.12.2020