Ստեղծված իրավիճակում Փաշինյանն ունի իր պլան Բ-ն։ Դա «Իմ քայլ»-ում դեմքի փոփոխություն կատարելն է, այսինքն` վարչապետին փոխարինելը յուրայիններից մեկով։ Սա, իհարկե, իշխող կուսակցության վերջին քայլն է։
Դա ակնհայտ է դառնում վերջին մի քանի օրերին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի տարատեսակ հրապարակային հանդիպումներից։ Արարատ Միրզոյանին բավականին լավ PR են անում՝ ներկայացնելով որպես հավասարակշիռ կերպար, ինչին գումարվեցին նաև ծեծվածի իմիջն ու կարեկցանքը։
Արարատ Միրզոյանը հանդիպումների շարք է սկսել արտախորհրդարանական ուժերի հետ, այն ուժերի, որոնք հայտնի 17 կուսակցությունների մեջ չեն մտնում։ Պարզ է, որ այդ մարդ կուսակցությունները ոչ մի կշիռ չունեն, նույնիսկ ճանաչելիության առումով։ Քաղաքական կոնսուլտացիաների իմիտացիա է ստեղծվում հնարավոր նոր կառավարության ձևավորման շուրջ՝ նոր վարչապետի գլխավորությամբ, և այստեղ դիտարկվում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը։
Դժվար է ասել՝ Փաշինյանն ինքն է առաջ մղում պլան Բ-ն, թե նրան ներսից են դրան մղում, սակայն ակնհայտ է, որ անգամ գործող վարչապետն է սկսել հասկանալ, որ անիշխանությունը կարող է իր համար քաոսի վերածվել, ինչից կտուժի ոչ թե ընդդիմությունը, այլ հենց իշխանությունը։ Ընդդիմությունը որևէ պատասխանատվություն չի կրում երկրի համար։ Անհետ կորած տղաների հարազատները, զոհվածների ծնողները, տնտեսության ճգնաժամից տուժած ժողովուրդը պահանջներ ներկայացնելու են իշխանությանը, ոչ թե ընդդիմադիրներին։ Պլան Բ-ի դեպքում գուցե կարողանան մի փոքր երկարաձգել իշխանությունը, արտահերթ ընտրություններ կատարել և վերարտադրվել։
Կարդացեք նաև
…Այլ հարց է, թե որքանով կմարսվի Փաշինյանի պլան Բ-ն։ Որպեսզի հասկանանք, որ դա չի մարսվելու, կարող ենք բերել ՀՀԿ-ի 2018 թվականի օրինակը։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականը չօգնեց հանրապետականներին պահելու իշխանությունը՝ նույնիսկ Կարեն Կարապետյանի նման պոպուլյար կերպար ունենալով կառավարության ղեկին։ Համատարած ժխտման ու էյֆորիայի պայմաններում հանրությունը չընդունեց Կարեն Կարապետյանին։ Այսօր կա քաղաքական կոնսենսուս՝ տնտեսությունը տապալած, պատերազմը տանուլ տված, հողերը հանձնած կամ ծախած իշխանությունն իր ամբողջ թիմով պետք է հեռանա ու իր տեղն արևի տակ փորձի հաստատել արտահերթ ընտրությունների միջոցով։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում