Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողն ընդունում է, որ երեխան զոհվեց հանուն հայրենիքի, բայց տեսնում է, որ դրական արդյունք չեղավ»

Դեկտեմբեր 18,2020 12:30

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի դիտարկումները

Հոգեբան Արկադի Մեհրաբյանի հետ զրուցել ենք Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների հարազատների հոգեբանական վիճակի եւ ընթացքում առաջ եկող դժվարությունների մասին։

– Պարոն Մեհրաբյան, հոգեբանական աջակցության կարիք ունեցող զինծառայողները եւ նրանց հարազատները հիմնականում ի՞նչ ճանապարհով են դիմում հոգեբանների։

– Մենք (ԺԵՍՏ հոգեբանական կենտրոն) ՊՆ-ից հանձնարարական ունենք` զոհված զինծառայողների ընտանիքների հետ աշխատանք տանել, նաեւ այրվածքաբանական կենտրոնում վիրավոր զինծառայողների հետ ենք հոգեբանական աշխատանքներ տանում: Ինտենսիվ կերպով օրական ամենաքիչը 4-ից 5 ընտանիքների հետ ենք աշխատում:

– Ձեզ հիմնականում դիմում են հենց հոգեբանական աջակցության կարիք ունեցողնե՞րը, թե՞ նրանց հարազատները, քանի որ նման մարդիկ երբեմն փորձում են փակվել իրենք իրենց մեջ, ու շատերը չեն գիտակցում, որ հոգեբանի կարիք ունեն։

– Այո, շատ հնարավոր են նման դեպքեր, վիճակագրությամբ չենք հաշվել: Ըստ տրամաբանության` սկզբնական շրջանում երեւի հարազատների խորհրդով են շատը դիմում. որդի կորցրած ծնողները շոկային վիճակում են, նրանք անգամ չեն էլ մտածում, որ կարելի է մասնագետի դիմել: Նույնիսկ այն ժամանակ, երբ մեզ զանգահարում է որեւէ մեկը եւ ասում, որ իր հարազատը հոգեբանի կարիք ունի, մենք ասում ենք, որ հենց հոգեբանական աջակցության կարիք ունեցող անձը կապվի մեզ հետ` հաշվի առնելով մասնագիտական էթիկան:

– Քանի որ խոսեցիք մասնագիտական էթիկայից, ինձ շատ հետաքրքրեց` հոգեբանության մեջ էթիկա հասկացության դրսեւորումը, հոգեբանական էթիկայի նորմերը որեւէ տեղ գրի առնվա՞ծ են, որպեսզի հոգեբանները դրանց խիստ հետեւեն, թե՞, այնուամենայնիվ, պետք է պարզապես իմանալ, ու դրանց հետեւելն էլ կախված է, թե որքան պրոֆեսիոնալ կլինի հոգեբանը։

– Մասնագիտական էթիկայի նորմերն ամեն մեկն իր համար է սահմանում, չեմ ասում, որ յուրաքանչյուրը նստում ու գրում է: Հայաստանում չկան էթիկական նորմերի կանոնագրեր, քանի որ հոգեբանական ասոցիացիաներ չկան: Հայաստանում հոգեբանները, որոնք քիչ թե շատ պրոֆեսիոնալ են, հիմնականում օգտվում են դրսի էթիկական նորմատիվներից: Որպես էդպիսին` գրի առնված էթիկայի նորմեր ունեն եվրոպական ասոցիացիան, ամերիկյան ասոցիացիան, այսինքն՝ տարբեր ասոցիացիաներ, որոնք ստեղծվում են, ունենում են նաեւ իրենց էթիկայի կանոնագիրը, եւ յուրաքանչյուր մասնագետ ինքն է որոշում, թե որ խմբի էթիկական նորմերն իր համար չափանիշ կդառնան:

– Մասնագիտական էթիկայից անցում կատարենք հիմնական թեմային: Հարազատների մոտ հոգեբանական տրավմայի պատճառները մեծամասամբ որո՞նք են լինում։

– Մեկ պատճառ կա` կորուստ, այլ պատճառներ չեն հանդիպել: Բայց կան կորստի տարբեր տեսակներ. մեկի հարազատը զոհվել է, մեկինը գերի է ընկել, մյուսինը հաշմանդամություն ունի: Երբեմն կարող է ԶԼՄ-ներով լուրի ոչ ճիշտ մատուցումը բացասական ազդեցություն թողնել: Ընդհանրապես ցանկացած մարդու դեպքում եւ ցանկացած պարագայում մարդու հոգեբանական տրավմայի առաջացման պատճառը ինֆորմացիան է՝ կլինի հեռուստացույցով տարածված, լրատվական կայքերի, թե պաշտոնական հաղորդագրությունների միջոցով ստացված:

– Պարոն Մեհրաբյան, որ խմբերի հետ է ավելի ծանր աշխատանք տարվում:

– Մեծ մասամբ գերի ընկած զինծառայողների հարազատների հետ տարված աշխատանքն է ավելի դժվար ու ծանր: Հիմնականում դիմադրությունն ու իրականության չընդունումն են, քանի որ աշխատանքը տարվում է մտածողության հետ: Այստեղ ամենամեծ դժվարություն առաջացնում է արժեհամակարգը: Փորձեմ բացատրել այսպես. մարդկության մեջ գոյություն ունեն իրար հակասող երկու արժեքներ, մեկը էքզիստենցիալ արժեքն է, երբ գերագույն արժեք համարվում է մարդու կյանքը, մյուսը գաղափարական արժեքն է, որի հիմքում ընկած են ազգը, հայրենիքը: Ինձ հանդիպած բարդություններից մեկն այն է, որ մարդը երկուսն էլ փորձում է ընդունել որպես արժեք, ասում է` չէ, հայրենիքն ինձ համար արժեք է, բայց երեխայիս կյանքն ավելի թանկ է, այսինքն՝ փորձում են երկուսն իրար հետ համատեղել: Այս դեպքում նրանց դժվար է լինում համոզել, որ դրանք անհամատեղելի են, որ եթե հայրենիքը թանկ է, ապա երեխայի թափած արյունը ոչ թե կորուստ է համարվում, այլ` ձեռքբերում:

Ծնողն ընդունում է, որ իր երեխան զոհվեց հանուն հայրենիքի, բայց միաժամանակ տեսնում է, որ որեւէ դրական արդյունք չգրանցվեց, խայտառակ պարտություն եղավ, ու դա ինքնին էլ ավելի է բարդացնում իրավիճակը: Իսկ եթե հաղթանակ լիներ, այդպես ամեն ինչ ավելի հեշտ լուծում կստանար. շատերն են ասում, որ իրենց երեխան ծնվել էր, որպեսզի կյանքը զոհեր հանուն հայրենիքի, եւ ամեն ինչ իդեալական կլիներ, եթե պատերազմի արդյունքը մեզ համար դրական լիներ: Դեպքեր են լինում, երբ հոգեբանական աջակցության կարիք ունեցողը նա է, որը ոչ թե զավակ է կորցրել, այլ պետության, հայի, հասարակության հանդեպ հույսն ու հավատը։ Սա դեռ նոր է սկսվում. հոգեբանական խնդիրներն այնպիսին են, որ միշտ չէ, երբ միանգամից ի հայտ են գալիս, երբեմն ամիսներ ու տարիներ են պետք:

– Լինո՞ւմ են դեպքեր, երբ զինծառայողների հարազատները հասարակության հանդեպ մտավախություններ են ունենում: Օրինակ, լինո՞ւմ է, որ ասեն, թե չեն ուզում, որ իրենց խնդրի մասին մարդիկ իմանան, որ հոգեկան առողջության վերականգնումից հետո իրենց համար դժվար կլինի շփվել մարդկանց հետ:

– Տվյալ պահին, քանի որ խոսքը վերաբերում է պատերազմից տուժած զինծառայողների ընտանիքներին, չէ, նման մտավախություն չկա, շատերը նույնիսկ ուրախ են, երբ մենք գնում ենք իրենց հետ հանդիպելու: Այս դեպքում խնդիրը խաղաղ պայմաններում առաջացած խնդիրների նման չէ, երբ պարզապես չեն ուզում, որպեսզի մարդիկ իմանան իրենց խնդիրների մասին;

Այս դեպքը երեւի միակն է, երբ մարդիկ, հոգեբանին դիմելով, չեն մտածի, որ հասարակությունը վատ բաներ կարող է մտածել: Այլ հարց է, երբ հասարակության մեջ որոշ մարդիկ շփոթում են հոգեբանի եւ հոգեբույժի դերակատարությունը, ու սխալ կարծիք է ձեւավորվում:

– Երբ ծանոթանում էի Ձեր գործունեությանը, շատ դրական գնահատականներ կարդացի. մեկը գրել էր, որ միայն Դուք կարողացաք լուծում գտնել իր հոգեկան առողջության վերականգնման համար եւ այլն։ Հետաքրքիր է, այնուամենայնիվ, եղե՞լ են դեպքեր, երբ որոշակի ժամանակահատվածում որեւէ մեկին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուց հետո չեք ունեցել սպասված արդյունք, ու խնդիրն արդեն հոգեբույժի լուծելիքն է եղել։

– Ոչ, չեն եղել, սկզբում դիագնոստիկա ենք անցկացնում եւ եթե հոգեբույժի լուծելու խնդիրն է լինում, ուղարկում ենք հոգեբույժի մոտ կամ, եթե մի քանի հանդիպումից հետո են նման խնդիրներ ի հայտ գալիս։ Մեզ մոտ չկա նման խնդիր այլ ոլորտի մասնագետների հետ համագործակցելու, այդ պատճառով նման դեպքեր չեն եղել, իսկ եթե լինում են դեպքեր, երբ չեն կատարվում համապատասխան առաջադրանքները վիճակի բարելավման համար` այս կամ այն խնդիրներով պայմանավորված, մենք ընդհատում ենք թերապիան:

– Եվ վերջում, որպես հոգեբան, ինչ խորհուրդ կտաք այն մարդկանց, որոնք երբեմն-երբեմն ստեղծված իրավիճակով պայմանավորված` մտավախություններ են ունենում, որ ուր որ է կենթարկվեն հոգեբանական տրավմայի։ Երբեմն ես ինքս եմ ինձ նման իրավիճակում զգում` չնայած նրան, որ կարողանում եմ հավաքվել եւ սթափ դատել իրավիճակը։

– Խորհուրդ կտամ դիմել հոգեբանի։ Այդպիսի խորհուրդ չկա, որ ասեմ` եթե այս մտավախությունն ունեք, արեք սա։ Կոգնիտիվ վարքաբանական ուղղությունը, որը ես եմ դավանում, ավելի ֆունդամենտալ է աշխատում մտածողության, համոզմունքի եւ աշխարհայացքի հետ, մի քիչ ավելի աշխատանք է անհրաժեշտ։ Որպես խորհուրդ` թող չվախենան, վախն ամեն ինչին խանգարում է։ Անկախ ամեն ինչից` պետք է մտավախություններ, վախեր, ենթադրություններ չունենալ, իսկ դրան հասնելու համար պետք է փոխել մտածողության ձեւը։

Զրուցեց Արմինե ՍԱՀԱԿՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
17.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031