Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գնված ելքով պատերազմի դասերը

Դեկտեմբեր 18,2020 12:00

Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր…
Պ. Զեյթունցյան

Այս սպասված եւ միեւնույն ժամանակ չկանխատեսված պատերազմը ոչ միայն բազմաթիվ «փակ դռներ» բացեց մեր առջեւ, այլ նաեւ հանրապետության հետագա առաջընթացի ու ազգային իրական շահերի ճանաչման տեսանկյունից նոր բացահայտումներ երեւան հանեց: Դեռ «տաք ենք» եւ շատ հեռանկարային զարգացումներ համակողմանիորեն լավ չենք պատկերացնում։ Արհեստավարժ գործողներ էլ, կարծեք թե, չունենք: Կարեւոր, գլխավոր եւ լուծման տեսակետից ամենահրատապ խնդիրները մատնել ենք անուշադրության, այնպես, ինչպես սպասվող պատերազմի վտանգը։

Մենք ականատես եղանք մի իրադարձության, երբ միլիտարիզացված ՆԱՏՕ-ի հզոր բանակ ունեցող երկիրը՝ իր վաղեմի զավթողական ծրագրերը իրականացնելու համար՝ ընդարձակվել հարեւան երկրների տարածքների հաշվին, այս անգամ օգտագործեց նաեւ երկրորդ երկրի («եղբոր» անվան տակ) ջանքերը։ Ռազմական ճանապարհով արկածախնդիր ծրագրերի իրականացումը Թուրքիան դարձրել է ոչ միայն հայերի, այլ նաեւ բազմաթիվ այլ ազգերի արյամբ շաղախված ռազմավարություն։ Այդ ծրագիրը աստիճանաբար իրագործվում է՝ օգտվելով համաշխարհային հանրության կատարյալ լռությունից եւ անտարբերությունից։ Այս վերջին փաստը մենք պետք է այսուհետ գիտակցենք եւ հաշվի առնենք, մանավանդ, որ շրջապատված ենք մեզ հարեւան սածիլված երկու ագրեսիվ նպատակներ հետապնդող երկրներով:

Անտեսելով ու տրորելով միջազգային դիվանագիտության գլխավոր պահանջը՝ ուժի չկիրառման սկզբունքը, Թուրքիան աջակցում է ընդարձակել իր խնամակալ երկրի սահմանները` հող նախապատրաստելով իր վաղեմի զավթողական նպատակների իրականացման համար: Այս անգամ որպես գործիք եւ նոր տարբերակ օգտագործելով արհեստածին, տարբեր ժողովուրդների տարածքներին, մշակույթին, պատմական արժեքներին տիրացած երկրի ջանքերը, Թուրքիան ուժի կիրառումը դարձրեց միջազգային հարաբերությունների կանոնակարգման կամ լուծման նոր եղանակ։ Եթե այդ երկիրը ռազմական եղանակով Արցախի հիմնախնդրի լուծումը մարսի, ապա այն կդառնա նախադեպ եւ տարածում կգտնի ամենուրեք։

Այստեղից հետեւում է, որ աշխարհի ամենահզոր երկրները կարող են այսուհետ ծավալել ինքնահնար ռազմավարություն՝ իրենց համար ցանկալի տարբերակով, այն է. ուժի կիրառման եղանակով ցանկացած (իրենցից թույլ) երկրների զավթման արկածախնդրություն։ Ուժեղ, ռազմական ներուժ, հատկապես ատոմային զենք ունեցող երկրները կարող են իրականացնել զանազան բնույթի ագրեսիա եւ կուլ տալ իրենցից թույլ կամ փոքր երկրներին: Այդ անարխիային կարող է հետեւել բազմաթիվ երկրների անհետացման գործընթաց: Հետեւաբար, միջազգային հարթակներում եղանակ ստեղծող երկրները համաշխարհային կարգ ու կանոնը խախտող երկրների ձեռքը պետք է անհապաղ բռնեն՝ առանց հաշվի առնելու իրենց տնտեսական շահերը։ Հակառակ պարագայում, բոլոր առումներով, կանտեսվեն միջազգային խաղաղ գոյակցության նորմերը, որոնք մասնակիորեն արդեն խախտվել են եւ միտում ունեն դառնալու օրինաչափություն։ Ռազմատենչ ախորժակ ունեցող երկրների մոլագար ղեկավարության վարած անմարդկային քաղաքականությունը եւ միջազգային մասշտաբների ագրեսիան դարձնում են համաշխարհային քաղաքական գործունեության նոր մոդել։ Ո՞ւր մնացին Հելսինկյան պայմանագրի սկզբունքները, ինչո՞ւ ենք հեռացել եւ շարունակում մոռանալ, մի՞թե այդ պայմանագիրն այլեւս ուժի մեջ չէ։ Պետք է այս հարցում հստակություն մտցնել։ Եթե այդ փաստաթուղթն այլեւս չի գործում կամ կորցրել է իր իմաստը, անհրաժեշտ է նախաձեռնել եւ նոր իրողություններին համարժեք միջազգային համագործակցության փոփոխված չափանիշներ մշակել։

Արցախյան հակամարտությունն այս ձեւով «լուծելու»՝ ուժի դիրքերից «կանոնակարգելու» տարբերակը, մեկ անգամ եւս փաստում է, որ կոնֆլիկտների կարգավորումը կարող է ունենալ նաեւ լուծման ռազմական ճանապարհ։ Եթե այս կոնֆլիկտը չվերանայվի եւ ագրեսիայի հետեւանքները չվերացվեն ու չչեղարկվեն, ապա ուժի կիրառումը համաշխարհային քաղաքականության մեջ կդառնա օրինաչափ տարբերակ եւ այսուհետ նպատակայնորեն կիրականացվեն քաղաքական առումով խնդրահարույց այլ երկրներում:

Պանիսլամիզմը մեր օրերում ենթարկվել է ձեւափոխման։ Արդեն հանդես է գալիս տարբեր մոդիֆիկացիաներով. մի դեպքում մորթի հագած «փրկչի», մեկ այլ դեպքում «ապաստանողի», երրորդ դեպքում «օգնողի» կամ «աջակցողի» եւ այլ դերերում։ Արցախյան պատերազմի պարագայում գործարկվեց «եղբորն աջակցողի» տարբերակը։ Բայց գլխավոր նպատակը այդ հեռուն գնացող ծրագրի իրագործումն է՝ օգտագործելով փաստացի գոյություն ունեցող կոնֆլիկտի առիթը։ «Եղբոր» դերակատարությանը միացվեց ահռելի՝ ժամանակակից ռազմական ներուժը, ինչով այսօր զինված է ՆԱՏՕ-ի բանակը, ռազմական բարձր մարտունակություն ունեցող զորագնդերը ու հատկապես կռվելու արենայում փորձված վարձկաններին եւ այլն ու հասավ իր զավթողական վաղեմի նպատակի իրականացմանը։ Դիմեց զանազան խորամանկությունների՝ հատուկ նպատակով կազմակերպված զորավարժություններ, պատերազմի նոր արվեստին տիրապետող ՆԱՏՕ-ական սպայական կազմի «աննկատ» օգտագործում, զանազան նենգասպառնալիքներ եւ այլն, որոնք մեր հանրապետությանը կանգնեցրին փաստի առջեւ։ Բայց պատերազմը նաեւ ցույց տվեց մեր զինվորների քաջությունը, այն ներուժը, որ նրանք ունեն եւ դեռեւս պետք է իրացնեն, աննկուն խիզախությունն ու ազգային ոգին:

Գողանալու, թալանելու, ոչնչացնելու, օտարի մշակութային արժեքներին տիրանալու եւ իրեն վերագրելու, կեղծ հռետորաբանության եւ այլեւայլ միջոցներով մեր արեւելյան հարեւան երկիրը հարյուր տարի է, ինչ փորձում է ինքնահաստատվել, սակայն այնքան ճահճային է այդ երկրի պատմությունը եւ թարմ է նույն պատմության արտացոլանքը համաշխարհային քաղաքականության հայելու մեջ, որ դեռեւս չի հասցրել նույնիսկ կայունացնել, ամբողջացնել իր ներքին պատմական ընթացքը, ավարտել կարկատելու, հարմարեցնելու գործընթացը եւ համոզմունք առաջացնելու միջազգային հանրության առջեւ։ Հոպոպ պահվածքով աքլորացող, ընդամենը հոր կողմից նշանակված նախագահը, կամ բռնապետը, դեռեւս չի հասկացել, որ դրված է զոհասեղանին։ Իր «երկրի» կառավարումը բովանդակայնորեն արդեն իրականացվում է «մեծ եղբոր» կողմից, որ իր երկիրն արդեն այն ճանապարհային տարածքն է, որով դեպի արեւելք եւ հյուսիս-արեւելք տարածվում է պանթուրքիզմը։ Նրա անիմաստ, ոչինչ չասող եւ ոչնչի չհասած ժպիտը օտարածին է՝ այլ ուժերի թելադրանքով առաջացած դիմախաղ, որը շատ շուտով դառնալացի կվերածվի։

Մի օրինաչափություն էլ է նկատվում։ Այս կամ այն երկրի ու տարածքի կամ պատմական արժեքի նկատմամբ նախնական նկրտումներ ունենալու պարագայում ոհմակով՝ պատմաբաններ, հնագետներ, քաղաքական գործիչներ եւ այլն, սկսում են իրականացնել համապատասխան նենգափոխման արշավներ ու այս գործում աշխարհում այնքան են հմտացել ու վարժվել, որ հավասարը չունենալով՝ պատրանք են ստեղծում, եւ իրենք սկսում են հավատալ իրենց արհեստածին նկրտումներին, որը եւ աստիճանաբար դառնում է օրինաչափություն։ Սա այդ երկու երկրի կողմից դրսեւորվող հատուկ եւ ստոր քաղաքականություն է, երբ հորինածը «օրինաչափություն» դարձրած սուտը, նենգափոխված տեղանունները, տարեթվերը, փաստերը, արժեքները եւ այլն ներմուծում են նույնիսկ հանրակրթական ծրագրեր, եւ պղտորելով աշակերտի հոգին՝ ազգային թշնամանքը դարձնում գործողության տեսակ։ Եթե դասագրքերում տեղ են գտնում համանման անհիմն «փաստեր», ապա դա նշանակում է, որ երեխան մեծանալով «գիտակցված» կդառնա դրա անմիջական կրողն ու իրականացնողը կամ ջատագովը։

Մեր հանրապետության պարագայում, պաշտոնապես, երկու բռնապետների կողմից, ի լուր աշխարհի, շրջանառության մեջ դրվեց հաջորդ ագրեսիվ հեռահար տարածքային նոր նկրտումներ ունեցող քարոզարշավ։ Սա արդեն աննախադեպ ոտնձգություն է հայ ժողովրդի նկատմամբ, այն դեպքն է, որ չպետք է լռենք կամ արհամարհենք։ Պետք է հասկանանք, որ գրավելը, նվաճելը, տիրելը հանգուցալուծվում են ագրեսիաների միջոցով, ինչին դարձանք ականատես։ Մենք ականատես եղանք նաեւ մեր երկրի նկատմամբ տարածքային սպառնալիքի, եւ, քանի որ, միջազգային հանրությունը սկսել է իրե՛ն շահեկան վարք դրսեւորել, բավարարվում է միյան լուռ հետեւելով, թե ինչ հետեւանք կունենա «մեծի» կամ «շատ մեծի» եւ «փոքրի» միջեւ ընթացող անհավասար բախումը, մենք պետք է արդեն իրականացնենք անհրաժեշտ հակազդումներ։ Չնայած շատ երկրների մասնագետներ համոզմունք ունեն, որ «փոքրը» նույնիսկ կարող է հասնել հաղթանակի՝ օրինակ բերելով հայ զինվորի քաջությունը, որ արի է եւ խիզախ, որ պայքարում է իր պատմական տարածքում գոյատեւելու եւ ապահով կյանք ունենալու համար։

Որպես ընդհանրացում նկատենք, որ այսուհետ չպետք է լինենք անտարբեր նման երեւույթների նկատմամբ, հատկապես այս օրերի երկու երկրների մոլագար եւ արկածախնդիր նախագահների նկրտումների, եկեք աշխատենք այդ ուղղությամբ՝ ոչ թե ձեւական, այլ բավականին գործնական կառույցներ ստեղծելու միջոցով։

Առաջարկում եմ կառավարությանը կից ստեղծել հզոր ներուժ ունեցող ռազմավարական հետազոտությունների մի հատուկ կենտրոն (կարծեք թե կա մի այդպիսի կենտրոն, որի աշխատանքները ուշադրության արժանի չեն), որի գլխավոր գործառույթները պետք է լինեն նախ երկրի ռազմական ներուժի մեծացումը եւ ապա այդ երկու երկրների նենգափոխումների դեմ տարվող համակարգված պայքարը (նաեւ բացահայտել եւ վերախմբագրել նրանց կողմից թույլ տված նենգափոխումները)։ Կարծում եմ՝ ժամանակն է նաեւ միջազգային ատյանները հեղեղել մինչեւ այժմ թույլ տրված կեղծիքների ապացույցներով, հատկապես, խմբագրել եւ հանրայնացնել միջազգային մասշտաբով այդ երկու երկրների կեղծ պատմությունը։ Պատմական խեղաթյուրումները կարելի է վերանայել միջազգային իրավական ատյանների միջոցով։ Բավական է ապացուցել, թե ովքեր են Կովկասի թաթարները, նրանց էթնիկ ծագումը եւ ինչպես է առաջացել տարածքի անվամբ «ադրբեջանցի» ազգի բնորոշումը։ Մասնագիտական բարձր վարպետությամբ, համակողմանի փաստարկված ձեւով, անհրաժեշտ է ներկայացնել Ադրբեջան երկրի ձեւավորման բոլոր նախադրյալները՝ արխիվային փաստաթղթերը, այդ երկրի «Ծննդյան վկայականը» եւ այլն, եւ ներկայացնել միջազգային հանրությանը։ Պատմական կեղծիք պարունակող փաստերին անհրաժեշտ է տալ միջազգային իրավական լուծումներ։ Մենք ունենք հայտնի գիտնականներ եւ կառույցներ, անհրաժեշտ է միայն կառավարության հատուկ վերաբերմունքը, անընդունելի է չնչին ֆինանսական ռեսուրսներով Գիտությունների Ազգային Ակադեմիայից եւ բուհերից լուրջ հետազոտություններ պահանջել, հարկավոր է թեմատիկ ծրագրեր մշակել եւ իրականացնել համապատասխան ֆինանսավորում, հետո միայն դժգոհել։

Բարեբախտաբար, ապրում ենք ինտելեկտուալ ռեսուրսային զարգացման եւ օգտագործման դարաշրջանում, երբ նորագույն տեխնոլոգիաները ռազմական գործունեության մեջ ունենում են վճռական դերակատարություն եւ մարդկանց՝ կենդանի ուժի գործոնը (քանակությունը) կորցնում է իր նախկին իմաստը։ Այո, համոզված եմ, որ իրականություն կդառնա երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի թեւավոր միտքը… Մեր երկրին այսուհետ անհրաժեշտ են միայն արհեստավարժ մասնագետներ եւ իրենց տեղում խելամտորեն գործող կառավարիչներ: Չի կարելի պաշտոնը դիտել (կամ դարձնել) մասնագիտություն: Փաստենք, որ ընդհանուր հաշվով մենք չենք պարտվել, հաշիվը դարձավ ոչ-ոքի, եթե նույնիսկ հաշվի մեջ մտցնենք այս գնված պատերազմի ելքը: Երրորդը կլինի մերը եւ վերջնական, որի համար կօգտագործենք այս պատերազմի բոլոր դասերը։

Սուրեն ՕՀԱՆՅԱՆ
աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
17.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031