Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կապանցիները դեկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 10-ից փակել են Կապան—Երեւան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հստակ պարզաբանումներ, թե որ մասով է անցնելու հայ–ադրբեջանական սահմանը։ Մինչեւ այս պահը միջպետական ճանապարհը փակ է եւ ըստ մեր տեղեկությունների, Գորիսում ՀՀ կառավարության եւ ՌԴ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչների հետ, Սյունիքի մարզպետն ու համայնքապետերը քննարկում են ստեղծված իրավիճակը։
Սյունեցիները հստակ երաշխիքներ են պահանջում, որ ադրբեջանցիները չեն հասնելու մեր կողմից վերահսկող դիրքերը։ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը համայնքապետերի հետ հանդիպմանը հավաստիացրեց, որ Հայաստանի տարածքից ոչ մի մետր չի զիջվելու։ Չնայած սրան, կապանցիներն իրենց ակցիան շարունակելու են այնքան, մինչեւ հաստատ ու վստահելի երաշխիքներ լինեն։
Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց քաջարանցի, բողոքի ակցիայի մասնակից Գարիկ Ղազարյանը։
Կարդացեք նաև
«Վարչապետը պատերազմի թեժ օրերին համայնքների ղեկավարներին կոչ արեց կամավորական ջոկատներ կազմել։ Մեր բոլորս մեր ունակություններն ու հնարավորությունները ներդրեցինք՝ Սյունիքի սահմանները դարձնելով ինքնապաշտպանական գոտի։ Նաեւ դիրքերն ամրացրինք»,–նշեց մեր զրուցակիցը։
«Սա, մեր բողոքը քաղաքական բնույթ չի կրում, մեր անվտանգությունն հարցն է, մեզ պետք ա կոնկրետ այն մարդը, որ մեր հարցը լուծի։ Կամ էն գլխից բերեին սահմանը գծեին՝ ասեին ստեղ եք կանգնում»,–ասում է Գարիկ Ղազարյանը։
Վերջինիս խոսքով ինքը Սյունիքի ճակատագրով մտահոգ մարդ ու իր նման շատերը կան, ովքեր մինչեւ վերջ պայքարելու են։ «Թուրքի ռոժը այստեղ չի լինելու, մենք մեր հողը պահելու ենք»,– ասաց Գարիկ Ղազարյանը։
Մանրամասները տեսանյութում։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ