«Պոլիտեկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանյանի կարծիքով, այսօր ոչ միայն Սյունիքն է վտանգված, այլ Վայոց Ձորը, Տավուշը, Գեղարքունիքը, որովհետեւ բոլոր այդ տեղերում GPS-ով պետք է սահմանազատում արվի, ինչն ուղղակի անթույլատրելի է: Այսօր Աջափնյակից մեկնարկած «Արժանապատվության երթի» ժամանակ, լրագրողների հետ զրույցում, նա հեգնեց, որ այդ եղանակով սահմանազատում կարելի է թույլատրել միայն մեկ պարագայում, երբ այդ համակարգը Նիկոլ Փաշինյանին կթողնի Ադրբեջանի կազմում:
Խոսելով Կապանում տեղի ունեցող զարգացումների մասին էլ, նա ասաց. «Սյունիքում բացարձակ անիշխանություն ու անտերություն է, ոչինչ չի արվում: Գյուղացիները իրենց բահ ու եղանով պաշտպանում են սահմանները: Պետական իշխանությունը չի պաշտպանում Սյունիքի շահերը: Պատերազմը կանգնել է, բայց կապիտուլյացիան շարունակվում է»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ընդդիմությունը «էլիտար բունտ» է անում՝ իշխանությունն իր գնահատմամբ ժողովրդից խլելու համար, Անդրանիկ Թեւանյանն ասաց. «Այստեղ քաղաքական մանիպուլյացիայի տարր կար, որովհետեւ սա իրականում ժողովրդական ընդվզում է: Այս շարժումն իր մեջ ներառել է եւ կուսակցություններին, եւ հասարակության տարբեր շերտերին եւ լայն զանգվածներին: Սա Հայաստանի միակ շարժումն է, որն ունի որակ եւ զանգվածայնություն: Այնպես որ, թող չփորձեն մեզ ասել, որ քանի դեռ Ջոնի Բրջոնին չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ուրեմն սա ժողովրդական շարժում չէ: Իշխանության կողմից բոմժերի հակահեղափոխություն քարոզելը, որ ահա եկեք դասակարգային տարբերություն դնենք եւ պայքարենք էլիտաների դեմ, դա շատ մանր, ճղճիմ, էժանագին քայլ է»: Ըստ նրա, կլինի հրաժարական, որոշ ժամանակ անց կլինեն արտահերթ ընտրություններ, որի ժամանակ յուրաքանչյուրը կարող է ընտրել որեւէ քաղաքական ուժի եւ ձեւավորվի նորմալ խորհրդարան ու կառավարություն. «Այս կառավարությունը գործունակ չէ, այն Հայաստանի թիվ մեկ սպառնալիքն է»:
Դիտարկմանը՝ իշխանությունները պնդում են, որ վարչապետի հրաժարականի հանրային պահանջ չկա, Անդրանիկ Թեւանյանը հակադարձեց. «Նույնիսկ այն ճանապարհը, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, այսպիսի էներգետիկա չուներ: 2018-ին, այո, կար սոցիալական բողոք, բողոք կոռուպցիայից եւ մարդիկ ուզում էին դրականորեն փոխել, բայց Նիկոլ Փաշինյանը գողացավ մարդկանց սոցիալական սպասումները»:
Կարդացեք նաև
Անդրանիկ Թեւանյանի կարծիքով, հայտարարած եռօրյա սգի օրերին Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի այցելել Եռաբլուր. «Դա նման է նրան, որ հանցագործը վերադառնում է հանցագործության վայր: Ես կարծում եմ, որ ծնողները, ազատամարտիկները եւ շարքային քաղաքացիները թույլ չեն տա, որ նա պղծի մարդկանց հիշատակը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ