ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որը ներկայացրել է տնօրեններին:
Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում սա մշակութային գործիչների հետ առաջին հանդիպումն է:
Տնօրեններին ներկայացնելիս նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հատկանշական է համարել համավարակի և պատերազմական իրավիճակի պայմաններում թատրոնների նպատակային ակտիվ գործունեությունը և շնորհակալություն հայտնել գործընկերներին:
«Այս իրավիճակում մեզնից յուրաքանչյուրը կարիք ունի նոր գաղափարական և հոգևոր արժեքների, մեր խնդիրն է վերաիմաստավորել անցյալը, ներկան, հասկանալ՝ ինչ ենք ուզում և ինչ ճանապարհով պետք է հասնենք մեր նպատակին: Ամեն ինչ պետք է անենք՝ զարգացնելու մեր հոգևոր-մշակութային դաշտը. սա պայքարի ձեր ճակատն է, որն անչափ կարևոր է մեր իրականության համար»,- ընդգծել է նախարար Վ. Դումանյանն ու ցանկացած խնդիր քննարկելու և լուծման ուղիներ փնտրելու պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտին վերաբերող հարցեր, մասնավորապես՝ թատրոնների տեխնիկական հագեցվածության, շինարարական, ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների, նախատեսված ծրագրերի, հետպատերազմյան շրջանում ոլորտի խնդիրների հաղթահարման միջոցառումների և այլնի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Տնօրենները հակիրճ ներկայացրել են իրենց առաջարկները, ապագային ուղղված տեսլականը: Նրանց խոսքով՝ հենց առկա իրավիճակում մարդիկ կարծես առավել շատ կարիք ունեն մշակութային միջոցառումների և հոգևոր պահանջմունքների բավարարման: Թատրոնների գործունեությունն այժմ առավելապես ուղղված է զոհված զինծառայողների երեխաների և Հայաստանում ապաստանած արցախցի փոքրիկների ժամանցն ու մշակութային կյանքը կազմակերպելուն:
Հանդիպման ավարտին նախարարը վստահություն է հայտնել, որ միասնական ուժերով կհաղթահարեն ներկա դժվարությունները, և խաղաղ պայմաններում արվեստի գործիչները ստեղծագործական աշխատանքի առավել լայն հնարավորություն կունենան:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն