Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամենը քննության առարկա է». Գոռ Աբրահամյանը՝ հայկական անձնագրով ադրբեջանցիների, նահանջող զինվորականների տեսանյութերի մասին

Դեկտեմբեր 17,2020 19:01

«Գլխավոր դատախազի խորհրդականը մեզ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը հարգելի պատճառներով չի կարող մեզ ընդունել, տեղում չէ»,-ՀՀ գլխավոր դատախազության առաջ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Երեսունից ավելի իրավապաշտպաններ այսօր գլխավոր դատախազության դիմաց էին, հանդիպում էին ակնկալում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից՝ հետպատերազմյան իրավիճակի հետ կապված խնդիրների պարզաբանման առնչությամբ:

Նրանց ընդառաջ եկավ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ երբ 2018թ.-ին քաղաքացիները եկել էին դժգոհելու Մանվել Գրիգորյանի կալանքից ազատման առիթով, գլխավոր դատախազն իջել էր եւ խոսել: Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե 2018թ.-ի հանդիպման հետ համեմատությունը տեղին է, որովհետեւ այն ժամանակ քաղաքացիները դատավարական գործողության հետ կապված հարցով էին մոտեցել, եւ գլխավոր դատախազը դուրս եկավ ու ասաց, որ բողոք ներկայացվելու է: Բայց այն հարցերը, որոնք, ենթադրում եմ, վերաբերում են պատերազմի հետ կապված իրադարձություններին եւ քրեական վարույթներին, ինձանից լավ գիտեք, որ կարող են առնչվել գաղտնիություն պարունակող տվյալների: Դա համեմատելի չէր ձեր օրինակի հետ: Ամեն դեպքում ասեմ, որ դուք չունեք կաշկանդվածություն ու զինվորական դատախազը կաշկանդված չէ ձեզ  ընդունելու: Ձեր հարցերը կարող եք խմբավորել, գրավոր կամ բանավոր ներկայացնել»:

Փաստաբաններից մեկը բարձրաձայնեց, որ լռելն ընդունելի չէ. «Մենք լրատվամիջոցներից ենք իմանում, որ 1400 ադրբեջանցու հայկական անձնագիր է բաժանվել: Սրա վերաբերյալ գործընթաց կա՞»: Գոռ Աբրահամյանը պատասխանեց. «Այո, դա քննության առարկա է դարձվել: Օպերատիվ հետախուզական աշխատանքների հանձնարարական է տվել ոստիկանությանը, չեն ստացվել տվյալներ, որոնք կհաստատեին հանգամանքի իսկությունը: Չի եղել որեւէ հրապարակում, որը հանցակազմ պարունակած լինի եւ հայտնված չլինի դատախազության տեսադաշտում: Հարուցված են բազմաթիվ քրեական գործեր: Առաջիկայում հատուկ հրապարակմամբ հանդես կգամ»: Փաստաբանները հետաքրքրվեցին՝ իսկ ոչ նպատակային զինատեսակների գնման առումով, նահանջ իրականացնող զինվորականների տեսանյութերի հետ կապված գործընթաց կա՞: Գոռ Աբրահամյանը պատասխանեց, որ այդ դեպքերն արձանագրվել են, վարույթներ են իրականացվում՝ այդ թվում բարձրաստիճան զինվորականների հայտարարությունների հետքերով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031