Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին նորից գալիս է չոքելու մեր բկին». Աշոտ Մինասյանը՝ Կապանում հայկական կողմի դիրքերը հանձնելու մասին

Դեկտեմբեր 17,2020 18:45

«1991 թվականի ապրիլին, Կապանի օդանավակայանի դիմաց, Սյունիք սովխոզի հարակից տարածքում, Աղգետ եւ Ազարշին գյուղերն են եղել, ես մասնակցել եմ այդ մարտերին, որտեղից մաքրել ենք ազերիներին: Նիկոլ Փաշինյանը չգիտեմ ինչ է ստորագրել, ինչ փաստաթղթի տակ, այսօր այդ նույն տարածքը ուզում են հետ հանձնել Ադրբեջանին: Այսօր Սյունիքին սպասվում է այն նույն բանն, ինչ ունեցել ենք 1990-ականներին: Թշնամին նորից գալիս է չոքելու մեր բկին»,- «Արժանապատվության երթի» ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանը:

Հիշեցնենք, որ վաղը՝ մինչև 17.00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:

Արժանապատվության երթն այսօր մեկնարկել է Աջափնյակ համայնքից:

Աշոտ Մինասյանի կարծիքով, ազգովին պետք է ոտքի կանգնենք, Նիկոլ Փաշինյանին հեռացնենք իշխանությունից՝ զուգահեռ ձեւավորենք ճիշտ ինքնապաշտպանություն ու քանի որ բանակի ռեսուրսը չի բավականացնի, կամավորականների, երկրապահների ուժերը նույնպես պետք է ներգրավվեն: «Շատ ենք ուշացել: Ոչ ճիշտ քաղաքականության եւ պետական քաղաքականության բացակայության արդյունքում մենք ունեցանք այն, ինչ այսօր ունենք: Իհարկե, ուշանում ենք: Ամեն օր ենք ուշանում»,- ասաց հրամանատարը:

Նրա գնահատմամբ, կատարվածը մեծ դավաճանություն է եւ Նիկոլ Փաշինյանը ստում է, երբ ասում է, որ 25-30 հազար զինվորի կյանք փրկելու համար է ստիպված եղել ստորագրել հայտնի հայտարարությունը. «Նա ստում է, ինքը մարտի դաշտում չի եղել»:

Իր նկատմամբ սկսված քրեական հետապնդումը Աշոտ Մինասյանը համարում է «իշխանության հերթական մուտիլովկան», «պղտոր ջրում ձուկ որսալու փորձ»: Հիշեցնենք, հրամանատարը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ «մահափորձի» գործով:

Լրագրողների դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանն անընդհատ պնդում է, որ հրաժարական չի ներկայացնելու, այդ դեպքում ո՞րն է լինելու իրավիճակից ելքը, Աշոտ Մինասյանը պատասխանեց. «Դա ժողովրդի, կուսակցությունների, քաղաքական գործիչների միահամուռ պահանջն է: Հո չե՞նք բռնելու Նիկոլին ոտքերից կախենք: Նիկոլը պարտավոր է ինքը հեռանալ, ենթարկվել ժողովրդական դատաստանի»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի բնութագրմանը, որ սա «էլիտար բունտ» է, քանի որ կոկիկ հագնված գալիս եւ իշխանություն են պահանջում, Աշոտ Մինասյանն ասաց, որ դժվարանում է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի ասածները, քանի որ նա «երբեք ադեկվատ վիճակում չէ»:

Ինքն իշխանության ձգտո՞ւմ է, թե՝ ոչ, հարցին էլ Աշոտ Մինասյանը պատասխանեց, որ ինքը ձգտում է պատասխանատվության, որպեսզի կարողանա իրավիճակ փոխել, իսկ դրա համար, իրեն պիտի հանձնեն ինչ-որ մի կետ. «Ինչ-որ մի բան, ասեն՝ սա քո պատասխանատվության կետն է, որտեղից դու երկիրը կարող ես այս իրավիճակից հանել՝ քո ճիշտ քայլերով եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է դա անել: Չեմ վախենում դա ասել՝ ձգտում եմ իշխանության, որպեսզի կարողանամ երկիրն այս վիճակից հանել: Յուրաքանչյուրս պիտի դա անենք: Ես էլ իմ չափով, իհարկե»:

Աշոտ Մինասյանը գտնում է, որ կատարվածում մեղքի բաժին ունի նաեւ իշխող ուժը, քանի որ սատարում է Նիկոլ Փաշինյանի գործողություններին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031