Լրահոս
Օրվա լրահոսը

Խաբե՞լ է արդյոք այս իշխանությունը իր ընտրողներին Արցախի հարցում, թե ոչ

Դեկտեմբեր 17,2020 18:15

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարարի առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Գարեգին Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որևէ քաղաքական ուժ իշխանության գալու համար ներկայացնում է իր ծրագիրը (խոստումները), թե ժողովրդի մեծամասնության քվե ստանալու պարագայում ինչ է ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ անելու։

Ինչ է խոստացել հիմնականում այս քաղաքական թիմը իր ընտրողներին Արցախի հարցում և ինչ է իրականում արել։

ԽՈՍՏՈՒՄ. Ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ իրականացում

ՓԱՍՏ. Արվել է հակառակը։ Խաղաղ կարգավորման գործընթացը մտցվեց փակուղի հենց գործող իշխանության քայլերի հետևանքով՝ իրարամերժ հայտարարություններով, նախկին ձևավորված բանակցային փաթեթը մերժելով, բանակցությունները սեփական կետից սկսելու և «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարություններով։ Արդյունքում արվեց ճիշտ հակառակը՝ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՏԱՐՎԵՑ ՏԱՊԱԼՄԱՆ՝ դրանով իսկ փաստորեն հրահրելով լայնածավալ ռազմական գործողություններ։

ԽՈՍՏՈՒՄ. Արցախի` որպես հակամարտության հիմնական կողմի` կարգավորման գործընթացում որոշիչ ձայնի ճանաչում և բանակցություններին ներգրավվածության ապահովում

ՓԱՍՏ. Ամբողջովին ձախողվել է․ Արցախը բանակցություններին չի ներգրավվել, առավել ևս՝ որոշիչ ձայնի ճանաչման մասով խոսելը նույնիսկ ավելորդ է։ Կարգավորման գործընթացը պատերազմի հետևանքով այս պահի դրությամբ տապալված է։ Ընդհանրապես որոշ մոտեցումներ կան, որ Ղարաբաղի հարց որպես այդպիսին ընդհանրապես այլևս չկա։ Հայկական կողմերը հասցվել են ծայրահեղ անբարենպաստ դիրքի։ Պատերազմն ավարտվեց պարտությամբ, տարածքների կորստով, խայտառակ փաստաթղթի ստորագրմամբ։

ԽՈՍՏՈՒՄ. Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի նվազեցում և հետաքննման մեխանիզմների ներդրում

ՓԱՍՏ. Ձախողվել է․ Հրադադարի ռեժիմի խախտումների՝ սկզբնական շրջանում թվացող նվազումը իրականում ծառայեց ադրբեջանական կողմից շփման գծում ռազմական դիրքերի ամրապնդմանը, այնուհետև հանգեցրեց ավելի սուր բախումների և լայնածավալ պատերազմի։ Հետաքննման մեխանիզմներ այդպես էլ չներդրվեցին։

ԽՈՍՏՈՒՄ. Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության արտաքին սպառնալիքների չեզոքացում

ՓԱՍՏ. Պատկերն աղետալի է։ Ֆիզիկական անվտանգության սպառնալիքները ոչ միայն չեն չեզոքացվել, այլև իրականացված սխալ քաղաքականության և պատերազմի հետևանքով դրանք կտրուկ ավելացել են՝ բերելով աղետի։ Նույնիսկ ավելին, լրջագույն անվտանգային խնդիրներ են առաջացել նաև բուն Հայաստանի մի շարք բնակավայրերի բնակիչների համար։

ԽՈՍՏՈՒՄ. Արցախի միջազգային կապերի, բնակչության ազատ տեղաշարժի եւ հումանիտար շփումների օժանդակում։

ՓԱՍՏ. Մինչև պատերազմը որևէ առարկայական բան չի արվել։ Արցախի ինչ միջազգային կապերի օժանդակման մասին է խոսքը, երբ Հայաստանի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղը Հայաստան է և վերջ։ Պատերազմի արդյունքում ընդհանրապես այս հարցերում նույնպես ստեղծվել է աղետալի պատկեր։

ԽՈՍՏՈՒՄ. Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման որեւէ տարբերակ, որն ընդունելի չէ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների համար՝ ընդունելի չի լինելու Հայաստանի Հանրապետության կառավարության համար։

ՓԱՍՏ. 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությունը ստորագրվեց գաղտնի, կեսգիշերն անց, գործող վարչապետի միանձնյա որոշմամբ, առանց որևէ հանրային քննարկման, առանց խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկման, առանց Ազգային Ժողովի հաստատման։ Կառավարությունը գնաց մի քայլի, որը որևէ ձևով ժողովրդի համար ընդունելի լուծում համարվել չի կարող։

Հետևաբար. Արցախի հարցում տրված խոստումները չեն իրականացվել, ԱՅՍ ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԵԼ ԵՆ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏՐՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻ ՀԱԿԱՌԱԿԸ, կամ ձախողել են, ինչը հանգեցրել է լայնամասշտաբ պատերազմի, այնուհետև խայտառակ պարտության, որն իր հերթին պետությանն ու ժողովրդին կանգնեցրել է պատմական նշանակության լրջագույն մարտահրավերների առաջ։

ՈՉ ՈՔ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՏՎԵԼ ԱՆԵԼՈՒ ԱՅՆ ԻՆՉ ԱՐԵՑԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑՈՒՄ։

ՆՐԱՆՔ ԽԱԲԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԸՆՏՐՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՉԵՆ ԱՐԵԼ ԱՅՆ ԻՆՉ ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻՆ։

Իշխող խմբակը իր պատգամավորներով, կառավարությամբ և ղեկավարով պատերազմի խայտառակ արդյունքից հետո փորձում է առաջ տանել այն թեզը, թե այդ ինչ չի արել, որ պետք է աներ և հետևաբար՝ ինչու պետք է զրկվի իշխանությունից։

Նրանք առնվազն պարտավոր էին անել այն ինչ խոստացել էին և չանել այն, ինչ ուղակի երկիրը կհասցներ (և հասցրեց) այս վիճակին։ Եթե քիչ դեպքերում էլ փորձել են անել, ապա ուղղակի ձախողել են։

Ընդհանրապես, վերջին 2.5 տարում արտաքին հարաբերություններում Հայաստանը ձախողել է ոչ միայն Արցախի հարցում, այլ գրեթե բոլոր ուղղություններում տրված խոստումներում»։

Խաբե՞լ է արդյոք այս իշխանությունը իր ընտրողներին Արցախի հարցում թե ոչ։ Պատկերը հետևյալն է։ Որևէ քաղաքական ուժ...

Posted by Garegin Melkonyan on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031