Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական ազգայնական դիսկուրսը՝ ՀՀ տարածքի շուրջ. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դեկտեմբեր 17,2020 17:57

Ալիևի տարածքային նկրտումները ու դրանց արձագանքը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքի առնվազն մի մասը Ադրբեջանի «պատմական հողերն» են։

«Իրականում, Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը սկսվել է 1980-ական թվականների վերջում։ Այդ ժամանակ 100,000 ադրբեջանցիներ, որոնք ապրում էին այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում, վտարվել են իրենց հայրենի հողերից։ Զանգեզուրի, Գոյչայի և Իրավանի շրջանները մեր պատմական հողերն են»,- հայտարարել էր Ալիևը (Ադրբեջաներենում Զանգեզուր, Գոյչա և Իրավան տեղանունները կիրառվում են Սյունիքի, Գեղարքունիքի և Երևանի համար):

Սա, սակայն, առաջին անգամը չէ, որ Ալիևը փաստացի տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը։ Նա նմանատիպ հայտարարություններ բազմիցս է արել իր նախագահության ընթացքում։

Ալիևի նախորդ հայտարարությունները

Ալիևը տարբեր տարիների տարատեսակ հարթակներում խոսել է Հայաստանի տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հողեր լինելու մասին։ Ստորև բերում ենք մի քանի այդպիսի օրինակ, որոնցում երևում է, թե ինչպես է այս ծավալապաշտական (էքսպանսիոնիստական) միտքը վերափոխվել նրա հայտարարություններում։

2010-ին կառավարության նիստում Ալիևը ասել էր. «Մենք չենք կարող թույլ տալ, որ երկրորդ հայկական պետությունը ստեղծվի ադրբեջանական հողերի վրա։ Առաջին հայկական պետությունը ստեղծվել է 1918-ին ադրբեջանական հողերի՝ Երևանի խանության և Զանգեզուրի շրջանի վրա»։ Չորս տարի անց՝ 2014-ին, Աղդամի շրջանում տեղակայված զորամաս այցելության ժամանակ Ալիևը հայտարարել էր. «Երևանի խանությունը, Զանգեզուրը, Գոյչան՝ բոլորն էլ մեր պատմական հողերն են։ Մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այս հողեր և մենք կանենք դա։ Մենք պետք է վերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։

2018-ին իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության համաժողովի ժամանակ Ալիևը հայտարարել էր. «Ես նաև պետք է նշեմ, որ մենք պետք է չմոռանանք և մենք չենք մոռանում մեր պատմական հողերի մասին։ Սա պետք է լինի ուղեցույց մեր ապագա գործունեության համար։ Մենք հիմա էլ աշխատում ենք այդ ուղղությամբ այսօր։ Մեր պատմական հողերը Երևանի խանությունը, Զանգեզուրը և Գոյչան են։ Երիտասարդ սերունդը և ամբողջ աշխարհը պետք է իմանա սա։ … Էրիվանը մեր պատմական հողն է, և մենք՝ ադրբեջանցիներս, պետք է վերադառնանք այդ պատմական տարածքներ։ Սա է մեր քաղաքական և ռազմավարական նպատակը, և մենք պետք է աստիճանաբար հասնենք դրան»։

Այս տարվա հունիսին Թարթառ քաղաքում օլիմպիական համալիրի բացման ժամանակ Ալիևը հայտարարել էր, թե իբր Երևանը 1918-ին «նվիրվել է» Հայաստանին՝ մի բան, որը «աններելի է և չպետք է մոռացվի»։ «Զանգեզուրը՝ մեր պատմանական հողը, նույնպես փոխանցվել է Հայաստանին։ Զանգեզուրի փոխանցմամբ աշխարհագրական բաժանում տեղի ունեցավ մեծ թյուրքական աշխարհում, և Ադրբեջանի հիմնական մասը կորցրեց սահմանը Թուրքիայի հետ»։

Հայկական կողմի արձագանքները

2018-ին Ալիևի հայտարարությանը պատասխանել էր այն ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Վերջինս այն մեկնաբանել էր Արցախյան հակամարտության լուծման համատեքստում։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է հանգուցալուծվել միայն ու միայն մի պարագայում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր առավելապաշտական, անիրատեսական ակնկալիքներից բանակցությունների արդյունքների առումով: Մինչև նրանք դրանից չհրաժարվեն, այլ շարունակեն մնալ անուրջների մեջ և զառանցել Երևանը կամ Զանգեզուրը գրավելու մասին, որևէ հույս չենք կարող տածել, որ խնդիրը կարող է լուծվել»,- ասել էր Սարգսյանը։

Դեկտեմբերի 10-ին Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ՀՀ տարածքի մասին խոսքերին անդրադարձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։ Նա խստորեն դատապարտել էր Ալիևի հնչեցրած «սադրիչ հայտարարությունները»։ «Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը»,- նշել էր վարչապետի խոսնակը։

Միջազգային արձագանքը

Միջազգային կառույցները և երրորդ երկրները հիմնականում անտեսել են Ալիևի հայտարարությունները ՀՀ տարածքի՝ «պատմական ադրբեջանական» հող լինելու և դրանք «վերադարձնելու» մասին ուղղակի կամ անուղղակի խոսքերը։

Բաքվում ռազմական շքերթի ժամանակ հայտարարություններին երրորդ երկրներից անդրադարձել է միայն Ռուսաստանը։ Այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մասնավորապես, նշել էր, որ քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն մարտական գործողությունների դադարացնելուն ուղղված ջանքերը։

Ադրբեջանական ազգայնական դիսկուրսը՝ ՀՀ տարածքի շուրջ

Ադրբեջանական ազգայնական շրջանակներում Հայաստանի Հանրապետության տարածքը հաճախ անվանվում է «Արևմտյան Ադրբեջան»։ Ազգայնական շրջանակների այս թեզը նաև մուտք է գործել Ադրբեջանի պաշտոնական քարոզչություն։ Դեռ 2007-ին Ադրբեջանի մշակույթի նախարարությունը հրապարակել էր անգլերեն մի գիրք՝ «Արևմտյան Ադրբեջանի հուշարձանները» (The Monuments of Western Azerbaijan) վերնագրով։ Գրքում Հայաստանի տարածքում գտնվող տարբեր պատմական և հնագիտական հուշարձաններ, ինչպիսին են Գառնիի տաճարը, Էջմիածնի մայր տաճարը, Օձունի և Երերույքի եկեղեցիները, ներկայացվում են որպես թյուրքական կամ աղվանական, իսկ հայերի ներկայությունը, ըստ գրքի, ՀՀ տարածքում սկսվել է միայն 15-րդ դարում։

Հատկանշական է, որ գրքի առաջաբանում մեջբերված են Իլհամ Ալիևի հոր՝ Հեյդար Ալիևի խոսքերը ՀՀ տարածքի մասին, որոնք նա ասել է 1997-ին։ «Վերջին երկու դարում՝ էթնիկ զտումների և ջարդերի պատճառով … ադրբեջանցիները համակարգված կերպով վտարվել են մեր հայրենի հողերից, որտեղ մեր ժողովուրդը ապրել է հազարավոր տարիներ։ Այս տարածքում, որը հիմա կոչվում է Հայաստան, կան հազարավոր ադրբեջանական պատմական և մշակութային հուշարձաններ, որոնք քանդվել կամ ոչնչացվել են»։

Վերջերս էլ՝ հոկտեմբերի 20-ին, Բաքվում Թուրքիայի խորհրդարանի պատվիրակության և Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպման ժամանակ պատին փակցված է եղել Ադրբեջանի մի քարտեզ, որում Ադրբեջանի մաս է ներկայացված ՀՀ տարածքի զգալի մասը՝ Սյունիքը, Վայոց Ձորը, Տավուշը։

Քարտեզում, ամենայն հավանականությամբ, պատկերված է Ադրբեջանի 1918-20 թթ. Հանրապետությունը։ Ավելի ճիշտ՝ այդ հանրապետության կողմից իրենը համարվող տարածքների քարտեզը։

Ադրբեջանում տասնամյակներ իշխանավարած հայր ու որդի Հեյդար և Իլհամ Ալիևները ուղղակի կամ անուղղակի տարածքային պահանջներ են ներկայացրել Հայաստանի Հանրապետությանը։ Վերջին տարիներին, սակայն, Իլհամ Ալիևը բացահայտ կերպով խոսում է արդեն Երևան և Սյունիք «վերադառնալու» մասին։

Հովհաննես Նազարեթյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Ձեր այս հոդվածով ջուր եք լցնում Ալիևի ջրաղացին:Մենք էլ ասում էինք,որ պատերազմ սկսելու դեպքում մինչև Բաքու ենք գնալու՝գնացինք?:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031