Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են կանայք թիրախավորվել ու թիրախավորվում

Դեկտեմբեր 17,2020 17:49

Բոլոր երկրներում` ներառյալ Հայաստանում, քաղաքական իրադարձությունների ժամանակ կանայք հաճախ են տուժում: Այդպես եղել է եւ նախկին իշխանությունների ժամանակ եւ այսօր: Բոլորը հիշում են, թե ինչպես ՊՊԾ գնդի գրավումից հետո պատանդառվեց բուժքույր Մալինա Մարգարյանը: Բազմաթիվ են լուսանկարներն ու տեսանյութերը, երբ ոստիկանները ցույցերին մասնակցող կանանց ձեռքերն են ոլորում: Բռնությունից զերծ չեն մնացել նաեւ ԱԺ պատգամավոր կանայք, ինչը դատապարտել էր իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Երիտասարդ աղջկա լուսանկարը` լրագրող Գեւորգ Գյուլումյանի ֆեյսբուքյան էջից:

Միշտ թիրախավորվում են հատկապես այն կանայք, որոնք քաղաքականությամբ են զբաղվում: Օրինակ, ԱԺ նախկին փոխխոսնակ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը մի առիթով Aravot.am-ի հետ զրույցում նշել էր, որ կնոջը Հայաստանում մեծարանքի ցերեկույթներ եւ երեկոներ են նվիրում, բայց միեւնույն է` ներքուստ մտածում են, որ կնոջ տեղը խոհանոցն է. «Մինչդեռ կնոջ դերն ընդգծվում է նրա նկատմամբ վերաբերմունքով, նաեւ նրանով՝ ինչպես են վերաբերվում ընդդիմախոս կանանց, որոնք ասում են մտքեր, որոնց հետ շատերը համամիտ չեն: Դա է ցույց տալիս հանրային հարգանքի մակարդակը՝ կնոջ հանդեպ: Ցավոք, ամենավատ բանը, որ մեր հասարակության մեջ կատարվում է, այն է, երբ բոլոր փաստարկները սպառվում են, հիշում են, որ դու կին ես։ Կնոջ պրոֆեսիոնալությունը գնահատելու փոխարեն, թիրախավորվում է նրա սեռային պատկանելությունը՝ այն համարվելով թերություն»:

Օրերս կանանց թիրախավորելու մասին մի հոդված է հրապարակել kulturologia պարբերականը` ներկայացնելով, թե ինչպես էին ԽՍՀՄ-ում եւ Եվրոպայում վերաբերվում այն կանանց, որոնք պատերազմի տարիներին կապ են ունեցել ֆաշիստների հետ: Նշվում է, որ պատերազմից հետո ԽՍՀՄ տարածքում 3,5 միլիոն ռազմագերի էր մնացել, որոնցից ոմանց ու խորհրդային կայսրությունում ապրող կանանց միջեւ զգացմունքներ էին ծագել ու հարաբերություններ հաստատվել, ինչը պախարակելի երեւույթ էր համարվում: Միայն 1947 թվականից օրենքով թույլատրվեց ամուսնանալ գերմանացի ռազմագերիների հետ, եթե վերջիններս հրաժարվեն իրենց հայրենիքից:

Եվրոպայում ֆաշիստների սիրուհիներին առանձնացնում էին հասարակությունից, նրանց հետ շփումները համարվում էին ամոթալի, այդ կանանց բանտարկում էին: Ըստ kulturologia-ի, օրինակ` Նիդերլանդներում 1945-ին մեկ օրում 500 կնոջ հետ ինքնադատաստան են տեսել: Անիծված էին համարվում նաեւ ֆաշիստներից ծնված երեխաները, որոնցից շատերից մայրերը հրաժարվում էին իբրեւ ամոթի պտուղներ:

kulturologia.ru-ն ներկայացրել է ուկրաինուհի Ֆենյա Օստրիկի եւ գերմանացի սպա Վիլհելմ Դիտցի պատմությունը: Վերջինս ստացել էր աղջկա ծնողների օրհնությունը իրենց միասին լինելու համար, սակայն իր հայրենիքում չէին խրախուսվում ուկրաինուհու հետ հարաբերությունները:

Վիլհելմի եւ Ֆենյայի լուսանկարը` kulturologia-ի կայքից

Պլանն այսպիսին էր Վիլհելմը պետք է մնար ԽՍՀՄ-ում, Գերմանիայում իրեն համարեին անհետ կորած, հետո ինքը սովորեր ռուսերեն ու հարմարվեր խորհրդային իրականությանը: Նա տարիներ շարունակ թաքնվում էր գյուղում, հազվադեպ էր երեւում հանրության մեջ որպես Ֆենյայի ամուսին: Ինքն ու Ֆենյան ձեւացնում էին, թե Վիլհելմը Կիեւում է աշխատում եւ չի կարող մշտապես ապրել Ֆենյայի գյուղում: Նա եւ Ֆենյան համատեղ որդի ունեցան: Վերջինս հոր մասին ողջ ճշմարտությունն իմացավ միայն նրա մահից հետո: Ի դեպ, գերմանացի սպան ապրեց մինչեւ խորը ծերություն եւ հետագայում անգամ կարողացավ այցելել իր հայրենիք եւ այնտեղ տեսնել այն հուշատախտակը, որի վրա անհետ կորածների անունների թվում նաեւ իր անունն էր փորագրված:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031