Ստեփանակերտի շուկան պատերազմի ավարտից հետո վերսկսել է իր աշխատանքը։
Իրենց աշխատանքներ են վերսկսել նաև Ալմիրա Խաչատրյանը և Մարսել Սաղաթելյանը։ Նրանք վաճառում են հիմնականում բանջարեղեն և պահածոներ։ Ասում են, որ գները չեն բարձրացնում, քանի որ հասկանում են, թե ինչ վիճակում է ժողովուրդը։ Ավելին՝ փորձում են կարիքավորների համար զեղչել առևտրի գինը։
«Պատերազմից հետո՝ հիմա եռուզեռը շատ է։ Փախստականները շատ են, եռուզեռը շատ է, ուղղակի գնորդներն են քիչ։ Չենք էլ կարողանում թանկ ինչ-որ բան ծախել»,- պատմում է տիկին Ալմիրան։
Բերքն էլ արդեն ամբողջությամբ Հայաստանից է գալիս, այն ժամանակ ստանում էին Արցախից՝ կանաչիները՝ Հադրութից, կարտոֆիլը, կաղամբը՝ Չանախչի գյուղից։
Կարդացեք նաև
«Ինձ դոշաբ տվողը եկել է նորից ինձնից դոշաբ է առել, չանախչեցին ինձ կարտոֆիլ է տվել, նորից եկել՝ ինձնից առել է»,- ասում է պարոն Մարսելը։
Նրանք առանձնացրեցին նաև պանիրը, այլևս տնական պանիր չեն ստանում գյուղերից․ «Ինչ կա, մենք էլ դա ենք ծախում։ Մեկ է՝ ամեն կերպ էլ հայը հարմարվում է։ Ինչ կա, այն ենք ուտում, ինչ կա, այն ենք ծախում»։
Պատերազմի թեժ օրերին էլ տիկին Ալմիրան Ստեփանակերտում է եղել։ Իրենց տունը, բարեբախտաբար, չի վնասվել, սակայն, հարևանների տները վնասվել են. «Գնացել ենք Երևան, մի 10-15 օր մնացել ենք այնտեղ։ Երեխաներին տարանք, ես նորից հետ եկա։ Այն ամենաթունդ ժամանակ ես այստեղ եմ եղել։ Սմերչով խփում էին, անօդաչու թռչող սարքով խփում էին, ռմբակոծության ժամանակ էլ այստեղ եմ եղել, նկուղ չեմ իջել։ Պատուհանից նայում էի, թե որտեղ է ընկնում, որտեղ է պայթում։ Ճիշտ են արել, որ ժողովրդին տարհանել են։ Հիմա ես եմ զգում այդ ցավը, մռմռոցը, սիրտս տեղը չի ընկնում։ Այն ժամանակ վախ չեմ զգացել, հիմա թե՛ այս մրմուռն է, այս կսկիծն է ժողովրդի, չգիտեմ։ Մեկ է՝ տխուր է, ժողովուրդն էլ է տխուր, որ նայում ես կարծես՝ շենքերն էլ են լացում, ծառերն էլ են լացում։ Այնպես տխուր է, սարսափելի է։ Մեր ջահելները այդքան զոհվեն… այնքան կան, որ դիակներն էլ չեն գտնում, որ գոնե հուղարկավորեն, թեթևություն զգան։ Հիմա էլ մենք մեր տանը քնած՝ մեր հողերը հանձնեցին։ Սարսափելի վիճակ է, շատ սարսափելի վիճակ է։ Առևտուր է՝ ուզում է գնա, թե չգնա, հավատա այդքան էլ չենք մտածում դրա մասին։ Օրվա հացի փողը կա, հերիք է։ Էլ ավել բանի մասին չենք մտածում»։
Հիշում է, որ մինչև պատերազմը ծրագրեր էին մշակում, փող էին փորձում հավաքել, որ երեխաների համար անհրաժեշտ պարագաները գնեն, այժմ այդ մտքերը անցել են հետին պլան․ «Ինչ կա, հերիք է, դրանով յոլա ենք գնում։ Ուղղակի մենք մտածում ենք, որ ժողովուրդը խաղաղ ապրի, լավ ապրի։ Ու այս կռիվը չլինի։ Հիմա էլ վախենում ենք, որ աղջիկ երեխաներ են, դպրոց են գնում, այս թուրքերը ռուսների հետ միացած գալիս են, ի՞նչ իմանաս, հայերեն ինձնից լավ են խոսում, մի աղջիկ գողանան տանեն, մի տղա տանեն, ի՞նչ իմանաս։ Մարդիկ արդեն վախենում են»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ